Ազատ արձակել Քոչարյանին. Երևանը անպայման պետք է արձագանքի ռուսական ԶԼՄ-ների հակաքարոզչությանը

Որքան էլ Հայաստանի նոր իշխանությունները հայտարարում են, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները ուղղված չեն երրորդ երկրի՝ Ռուսաստանի դեմ, պարբերաբար ռուսական լրատվամիջոցներում բարձրանում է հակահայկական ալիք:

Անցած շաբաթ ռուսական հեռուստաընկերություններում կրկին բարձրացավ նմանատիպ հակաքարոզչական ալիք, որին միացավ «Россия 24» հեռուստաընկերությունը։ Ամբողջությամբ ապատեղեկատվությամբ լցված հեռուստատեսային ռեպորտաժներում ներկայացված են միակողմանի, մանիպուլյատիվ տեղեկություններ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների, մասնավորապես՝ Մարտի 1-ի գործի ընթացքի մասին։

Հեռուստատեսային այդ նյութերում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացվում է որպես քաղհալածյալ, Հայաստանի գործող իշխանությունն էլ՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, որպես Ռոբերտ Քոչարյանին քրեական հետապնդման ենթարկելու պատվիրատու։ Ուշագրավ է, որ պաշտոնական Երևանի՝ հատկապես ամենաչնչին իրադարձություններին անձամբ արձագանքող վարչապետ Փաշինյանն այս հարցում անտարբեր մոտեցում է ցուցաբերում։

Քաղաքագետ Արկադի Վարդանյանի կարծիքով՝ անհրաժեշտություն կա պետական մակարդակով ռուսական հակաքարոզչության «դեմն առնելու»: «Ռուսաստանի այն համառությունը, որով նա փորձում է Քոչարյանին սատարել, շատ հետաքրքիր ինքնախոստովանություն է։ Ռուսաստանն այդպիսով բացահայտում է իր գործած հանցագործությունները, քանի որ Քոչարյանի՝ ազատության մեջ գտնվելու պարագայում Ռուսաստանը շանս ունի Հոկտեմբերի 27-ի «տակից պլստալու»»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Վարդանյանն ընդգծեց՝ եթե մենք ուշադիր հետևենք աշխարհաքաղաքական զարգացումներին, ապա դժվար չէ նկատել, որ Ռուսաստանը հետզհետե ավելի խորն է մղվում «իզգոյի» կարգավիճակի մեջ. «Աշխարհն ընդհանրապես նրան չի ընդունում, և այդ իմաստով բավականին հետաքրքիր մի փաստ է։ Հաագայի միջազգային քրեական դատարանն արդեն իսկ հաստատել է, որ Ռուսաստանը ռազմական հանցագործություններ է կատարում Ուկրաինայի տարածքում, և այն, ինչ անում է Ռուսաստանը, ոչ այլ ինչ է, քան ծանրագույն հանցագործություն ուրիշ երկրի նկատմամբ։

Ռուսաստանը, թեկուզև ուշացումով, հայտարարել է, որ այլևս չի ճանաչում Հաագայի միջազգային դատարանի իրավասությունը, բայց եթե հանցագործությունը տեղի է ունեցել այն պահին, երբ Ռուսաստանը դեռ ճանաչում էր այդ դատարանի իրավասությունը, ապա դա նշանակում է, որ հանցագործությունը անպայման պետք է դառնա քննարկման առարկա տվյալ դատարանում»։

Քաղաքագետը շեշտեց՝ ռուսական լրատվամիջոցների վերջին հարձակումները Հայաստանի նկատմամբ խոսում են այն մասին, որ մենք գործ ունենք հանցագործների հետ. «Պուտինը՝ ճիշտ Քոչարյանի նման, գանձագող և հանցագործ է իր երկրի սահմաններում։ 180 օր ժամկետ կա Պուտինի ունեցվածքը բացահայտելու համար, իսկ այդտեղ միլիարդավոր ապօրինի կուտակված գումարներ կան, այնպես որ՝ այդ ամենի ֆոնին Հայաստանը պետք է հստակ պատասխան տա ռուսական գործողություններին»։

Ըստ Վարդանյանի՝ արդեն որոշակի քայլեր արվում են. «Եթե մենք հաշվի առնենք մեր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, ապա պարզ երևում է, որ մենք այսուհետ ավելի հստակ ու վճռականորեն սկսում ենք փոխել մեր արտաքին քաղաքականության վեկտորը։

Դա մեզ համար շատ կարևոր է, որովհետև երկու աթոռի մեջտեղում նստելը անհարմար և անարժանապատիվ է»։

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ խնդիրն ավելի բարդ է, քան կարող է թվալ առաջին հայացքից: «Երբ 2018 թվականի ապրիլ-մայիսին տեղի ունեցան իրադարձություններ, որոնց ընթացքում վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը, ինչպես գիտենք՝ նա արտաքին քաղաքականության վեկտորը ոչ միայն չփոխեց, այլև վերցրեց մի կուրս, որը կոչվում էր ոչ այնքան Ռուսաստանին, որքան Պուտինին դուր գալու քաղաքականություն։ Դրա նպատակն էր ապացուցել, որ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները չունեն արևմտյան ուղղորդում և գունավոր հեղափոխություն չեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Բադալյանը հավելեց. «Միաժամանակ Մարտի 1-ի քրեական գործով կալանավորվեց երկրորդ նախագահը։ Այս մեկ տարվա ընթացքում մենք անընդհատ տեսնում ենք, որ վարչապետն ամեն ինչ անում է անձամբ Վլադիմիր Պուտինին դուր գալու համար։ Սա ռուսամետ քաղաքականություն չէ, պարզապես նա ամեն ինչ անում է Պուտինին դուր գալու համար։ Եթե հիշում եք՝ նա անգամ որոշել էր, որ ՀԱՊԿ-ը և ԵԱՏՄ-ն պետք է արդյունավետ կառույց դարձնի։ Հասկանալով, թե ինչ քաղաքականություն է վարում Փաշինյանը, Մոսկվան անընդհատ բարձրացնում է Պուտինին դուր գալու նշաձողը, և այդ նշաձողը երկրորդ նախագահին ազատ արձակելու պահանջն է, որը պարբերաբար ներկայացվում է գործող վարչապետին»։

Փորձագետը մեջբերում է մի քանի հանգամանք. «Սիրիա զինվորական առաքելություն ուղարկելը, ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելը, ԱՄՆ-ի հետ քաղաքական օրակարգի բացակայությունը, ԵՄ-ի հետ հարաբերությունները նախկինների մակարդակի վրա պահելը… Ռուսաստանն այս ամենը հասկացել է ու բարձրացնում է նշաձողը»։

Արմեն Բադալյանի խոսքով՝ նախկինում մի քանի անգամ փորձ է արվել ստուգել վարչապետին. «Նախորդ տարվա աշնանը ՌԴ փոխարտգործնախարար Կարասինը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունների հետ ԱՄՆ իշխանությունները ուժի ճանապարհով են խոսում, դա կրկնեց Մարիա Զախարովան։ Վարչապետը գնաց ու հանդիպելով արտգործնախարարության ղեկավար գործիչների հետ՝ փորձեց պարզել, թե ինչու են այդպես կարծում։ Վարչապետն անընդհատ նշում է, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, բայց տվյալ կոնտեքստում «փայլուն» բառ չի կարելի գործածել, որովհետև այդ բառն ավելի շատ քծնանքի է նմանվում, քան նորմալ հայտարարության»։

Բադալյանը եզրափակեց՝ ռուսական լրատվամիջոցները գտնվում են Ռուսաստանի նախագահի վերահսկողության ներքո, և եթե նման ռեպորտաժներ են հեռարձակվում, նշանակում է կա Ռուսաստանի նախագահի անմիջական հրամանը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS