Ահա թե ինչի համար է քրեական գործ հարուցվել Արփինե Հովհաննիսյանի և Դավիթ Հարությունյանի նկատմամբ

Արդարադատության նախկին նախարարներ Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Քրեակատարողական նախկին պետ Արթուր Օսիկյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաններ հնարավոր է պատասխանատվության ենթարկվեն: Փաստաբան Հայարփի Սարգսյանի բողոքն այսօր բավարարվեց Վերաքննիչ քրեական դատարանում:

«Վերաքննիչ բողոքիս բավարարումը նշանակում է, որ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաններ՝ այդ թվում Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Արթուր Օսիկյանը, Դատապարտյալների հիվանդանոցի նախկին պետը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետը և «Էրեբունի» ԲԿ-ի մի խումբ բուժաշխատողներ հավանական է պատասխանատվության ենթարկվեն: Այս բոլոր իրավասու անձիք, ովքեր պարտավոր էին իրենց գործունեության շրջանակներում ամեն ինչ անել, որ մարդը չխոշտանգվի, ովքեր անտեսել էին իմ կողմից ներկայացված բոլոր դիմում-պահանջները, այսօր այս ամբողջի վերաբերյալ կհարուցվի քրեական գործ և կիրականացվեն համապատասխան դատավարական գործողություններ»,- հայտարարեց փաստաբանը:

«Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանը, ՊՊԾ գնդում գտնվելու ժամանակ՝ ոստիկանական պատնեշից այն կողմ, անհայտ անձի կողմից արձակված կրակոցներից վիրավորվել էր ազդրի, ոտքի և ծնկի մի քանի հատվածներում: Նրա պաշտպան Հայարփի Սարգսյանը շուրջ 2 տարի բարձրաձայնել է, որ իր պաշտպանյալն ունի բժշկական միջամտության կարիք, սակայն թե՛ Արդարադատության նախարարությունը և թե՛ Քրեակատարողական հիմնարկը խնդրի լուծման համար որևէ քայլ չեն ձեռնարկել.

«Դեռ 2 տարի առաջ՝ առանց կալանավորման որոշման Հովհաննեսին «Էրեբունի» ԲԿ-ից տեղափոխեցին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ առանց բուժելու նրա վիրավոր ոտքը: Ես բազմիցս դիմել եմ պատկան մարմիններին, ներկայացրել համապատասխան բժշկական փաստաթղթեր, սակայն որևէ ընթացք չի տրվել իմ բարձրաձայնած խնդրին. փաստացի, նրանք անգործություն են դրսևորել: Այս մասին ես բողոք էի ներկայացրել Գլխավոր դատախազին, սակայն Դատախազությունը, շրջանցելով Քրեական դատավարության օրենսգրքի 181 հոդվածը, ոչ մի հստակ որոշում չէր կայացրել, այլ ընդամենը ինչ-որ մի գրությունով էր պատասխանել»,- Forrights-ի հետ զրույցում մանրամասնեց Հայարփի Սարգսյանը:

Փաստաբանը նշեց, որ Հովհաննեսի առողջական վիճակն օր օրի վատանում էր, ուստի հարկավոր էր խնդրին արագ լուծում տալ: Գլխավոր դատախազի «անգործությունը» բողոքարկելու համար վերջինս դիմել էր Առաջին ատյանի դատարան, սակայն, դատարանը, «անտեսելով այն փաստերը, որ տեղի է ունեցել հանցագործություն», հետ է ուղարկել փաստաթղթերը: Ինչպես պարզաբանեց Հայարփի Սարգսյանը, այս մասին ինքը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարան, որի դատավոր Արսեն Նիկողոսյան այն այսօր բավարարեց:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ռոզա Վարդանյան

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS