23 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը շնորհավորում է աշխարհի բոլոր դպրոցականներին սեպտեմբերի 1-ի առիթով: Ստեփան Գրիգորյանը օգտվելով իր հեռախոսազանգի իրավունքից զրուցել է Primenews.am-ի թղթակցի հետ.
-Ստեփան, հիշո՞ւմ եք Ձեր առաջին սեպտեմբերի 1-ը, ի՞նչ երազանքներ էիք փայփայում և ի՞նչ էիք ակնկալում դպրոցից
-1970 թվականին ես դարձա առաջին դասարանցի: Չնայած կյանքը ինձ հարվածեց ու ես զրկվեցի լավ հայր ու լավ հայ լինելու իրավունքից, բայց ինձ ոչ ոք չկարողացավ արգելել` երազել: Ես ցանկանում էի լավ մասնագետ դառնալ, ընտանիք ու երեխաներ ունենալ: Երազանքիս մի մասը կատարվել է, որովհետև հրաշալի երեխաներ ունեմ` որդիս բժիշկ է, դուստրս ուսուցչուհի, սակայն ցավս անսահման է: Ես երազում էի աղջկաս ուղեկցել առաջին դասարան ընդունվելու առաջին օրը, սակայն չկարողացա, արդեն կալանավորված էի…
-Դուք պարբերաբար դիմում եք դատական տարբեր ատյանների վաղակետ ազատման խնդրագրով: Դիմել եք նաև ՀՀ վարչապետին և ՀՀ նախագահին: Ի՞նչ եք ակնկալում…
-Դատապարտումից հետո ինձ կյանքի հետ կապեց վաղակետ ազատման հույսը: Ռոբերտ Քոչարյանը «ներում» շնորհեց մահապատժի սպասող դատապարտյալներիս, սակայն դա հավերժական տառապանք դարձավ: Ես ապրել եմ 23 դժբախտ տարիներ, իսկ դրանց այլ կերպ չես կարող անվանել, որոնցից վեցը եղել են մահապատժի տարիները ինձ վերջնականապես համոզեցին մեկ բան․ Ազատությունն անգին է, և մարդը ծնվում է ապրելու հասարակության մեջ, այլ ոչ թե հասարակությունից մեկուսացված։ Կարծում եմ կյանքովս եմ հատուցել արածիս համար։ Մի՞թե արածիս համար զղջալը չէ, որ նույնիսկ անհույս վիճակում փորձել եմ չկորցնել մարդկային դիմագիծը, մարդ տեսակս։ Հավատացնում եմ Ձեզ, որ դա այդքան էլ հեշտ չի, առավել ևս այն միջավայրում, որտեղ ես անցկացրել եմ այդ 23 տարիները:Ես հավատում եմ, որ մի օր կգրկեմ ընտանիքիս անդամներին և թոռներիս դպրոց կուղեկցեմ:
-Քանի թոռնիկ ունե՞ք, տեսել եք նրանց
-Երեք թոռնիկ ունեմ: Երկուսին տեսել եմ, իսկ մեկին դեռ ոչ: Թոռնիկս` Ալեքսը երկրորդ դասարանում է արդեն:Ես զղջում եմ հանցանքիս համար և շարունակում եմ հավատալ, որ մի օր տուն կգնամ:
Նշենք, որ Ստեփան Գրիգորյանը ՀՀ նախագահին ուղղված նամակում գրել էր.
«Սա է իմ դեմքը․ դեմք, որ 23 տարիների ընթացքում փորձեցի պահպանել և մնալ մարդ։ Այդ տարիների ընթացքում չեմ կորցրել հույսս և պահպանել եմ կապն ընտանիքիս հետ, երեխաներիս ուսման հարցերն եմ հոգացել, նպաստել, որ նրանք դառնան հասարակությանը պիտանի քաղաքացի և ամենակարևորը, որ երբևիցե չկրկնեն իմ սխալները։ Ակնկալում եմ Ձեր հատուկ ուշադրությունը և խնդրում ինձ ներում շնորհել։ Իմ կյանքի մայրամուտը թույլ տվեք ապրեմ` ընտանիքիս հետ։ Շուտով 55 տարեկան կդառնամ, խնդրում եմ ինձ շնորհեք թոռնիկներիս գրկելու մեծագույն բավականությունը: Ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյան»: Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996 թվականին` սպանությանը մասնակից լինելու համար: 2003թ. օգոստոսի 1-ին 103 հրամանագրով նախկին նախագահ պարոն Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահպատիժը փոխարինել է ցմահ ազատազրկմամբ:
Զրուցեց` Լուսին Ղազարյանը