«Գազի գնի վերաբերյալ հայ-ռուսական հարաբերություններում որևէ լարվածություն չունենք, և կարծում եմ՝ չենք էլ ունենա: Մենք ամեն ինչ անելու ենք, որ ունենանք ավելի էժան գազի գին, քան այսօր ունենք: ՀՀ կառավարությունն ամեն ինչ անելու է, որ ավելի էժան տարբերակ ունենա»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: «Հիմնականում գազի գնի վերաբերյալ բանակցությունները երկրների առաջին դեմքերն են վարում, և այս պահին որևէ բանակցություն չկա, բայց տարեվերջին լրանում է համաձայնագիրը, և բնական է՝ համապատասխան բանակցություններ կլինեն»,- հավելել է նա:
Խոսելով իրանական կողմի հետ բանակցությունների արդյունքների մասին՝ Ա. Գրիգորյանը նշել է, որ էներգետիկայի նախարարի հետ ունեցել են մի շարք քննարկումներ և հարց է բարձրացվել իրանական կողմից հնարավոր էժան տարբերակով գազի վաճառքի մասին:
«Մեր կողմից մեր քայլն արել ենք, որ մեզ գազի գնի մասով առաջարկություն տան, առայժմ չունենք այդ առաջարկությունը, բայց ամենօրյա ռեժիմով համագործակցության մեջ ենք, քանի որ էլեկտրաէներգիայի դիմաց գազ ենք ներկրում, և կարծում եմ՝ շուտով կունենանք վերջնական հայտարարված գինը, որը համեմատության մեջ կլինի ռուսական գազի գնի հետ»,- նշել է Արթուր Գրիգորյանը: