Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) հարցաքննության կանչված, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը 1998-1999 թվականներին Պաշտպանության նախարարությունից բնակարան է ստացել՝ որպես կարիքավոր սպա:
Ինչպես օրերս տեղեկացրել էինք՝ Խաչատուրովը մի քանի տարի բնակվել է Ազատության պողոտայի՝ ՊՆ-ին պատկանող բազմաբնակարան շենքերից մեկում՝ «գեներալների շենքում», որտեղ ունեցել է երկու բնակարան, դրանք սեփականացրել եւ վաճառել է:
ՊՆ-ին պատկանող «գեներալների շենքը», որտեղ Յուրի Խաչատուրովին երկու բնակարան է հատկացվել
ՊՆ-ն սպաներին հիմնականում հատկացնում է մեկ բնակարան, որոնք լինում են 1-3 սենյականոց, եւ հազվադեպ է լինում, որ սպային տրամադրում են 2 բնակարան՝ 1 եւ 3 սենյակներ ունեցող, իրար հարեւանությամբ՝ եթե սպայի ընտանիքը բազմամարդ է:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից տեղեկացանք, որ 1990-ական թվականների վերջին պաշտպանության նախարարությունը այդ շենքի բնակարանները ըստ ընթացակարգի հատկացրել է կարիքավոր համարվող սպաներին: Այդ սպաների ցուցակում է եղել նաեւ Յուրի Խաչատուրովը:
Բնակարան ստանալու հայտ ներկայացրածների ցուցակում առաջնահերթությունը տրվում է կամ բազմամարդ ընտանիք ունեցող սպաներին, կամ այն սպաներին, ովքեր կոչումով ավելի բարձր են:
Խաչատուրովը 1974-ին նշանակվել է Հեռավորարևելյան զինվորական օկրուգի մոտոհրաձգային դիվիզիայի հրետանային գնդի կրակային դասակի հրամանատար, ապա Հեռավորարևելյան զինվորական օկրուգում զբաղեցրել է մարտկոցի հրամանատարի, հրետանային դիվիզիոնի հրամանատարի տեղակալ-շտաբի պետի, առանձին հակատանկային հրետանային դիվիզիոնի հրամանատարի պաշտոններ: 1985-1987 թվականներին Խաչատուրովը զբաղեցրել է Բելառուսի զինվորական օկրուգում տանկային դիվիզիայի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետի պաշտոնը: Ապա երկու տարի ծառայել է Աֆղանստանում՝ 40-րդ բանակի 5-րդ գվարդիական մոտոհրաձգային դիվիզիայի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետի պաշտոնում։ 1989 թ. հոկտեմբերին նշանակվել է Բելառուսի զինվորական օկրուգի տանկային բանակի առանձին հրետանային բրիգադի հրամանատարի պաշտոնում, 1992-ին ՀՀ ՊՆ 2-րդ մոտոհրաձգային գնդի հրամանատար: 1992-ի սեպտեմբերից եղել է ՀՀ սահմանապահ զորքերի վարչության պետ-ՀՀ զինված ուժերի հրամանատարի տեղակալ, զբաղեցրել է նաև օպերատիվ ուղղության հրամանատարի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնները:
ՊՆ-ի հատկացրած բնակարանը ստանալուց հետո՝ 2000 թվականին Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ: 2008 թվականի մարտիմեկյան արյունոտ դեպքերի ժամանակ վերջինս զբաղեցրել է Երեւանի կայազորի պետի պաշտոնը, ապա 2008 թ. ապրիլի 15-ին նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, 2009-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, 2016 թվականի հոկտեմբերի 3-ին նշանակվել է ՀՀ Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար՝ ազատվելով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից: Իսկ 2017 թվականի ապրիլի 14-ից զբաղեցնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:
Որքանով է Խաչատուրովը վերոնշյալ պաշտոնները զբաղեցնելուց հետո, բնակարանը ստանալու պահին եղել կարիքավոր՝ հայտնի չէ:
Բացի այս, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ մի շարք սպաներ եւս սպասում են բնակարան ստանալու իրենց հերթին, Խաչատուրովն ուղղակի սեփականացրել եւ վաճառել է իրեն հատկացրած բնակարանը եւ տեղափոխվել Ջրվեժում գտնվող իր շքեղ առանձնատուն:
«Հայկական ժամանակ»-ը ավելի վաղ գրել էր նաեւ, որ ՊՆ ԳՇ պետի նախկին տեղակալ, այժմ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ՝ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը եւս առաջիններից է եղել, որը կարիքավոր համարվողների ցուցակով բնակարան է ստացել ՊՆ-ից: Եւ սա այն պարագայում, երբ կարիքավոր շատ այլ սպաներ տարիներ շարունակ սպասում են բնակարան ստանալու հերթում: