Այս ախտանշանները կանյք ոչ մի դեպքում չպետք է անտեսեն

Ժամանակակից կանայք ոչ միայն հոգ են տանում ընտանիքի մասին, այլև աշխատում են և կատարում են մի շարք այլ պարտականություններ: Սակայն կյանքի նման ռիթմի դեպքում նրանք հաճախ մոռանում են սեփական առողջության մասին և չեն նկատում օրգանիզմի տված ազդանշանները:

Այնուամենայնիվ՝ կան առաջին հայացքից անկարևոր թվացող ախտանշաններ, որոնք վկայում են առողջական լուրջ խնդիրների մասին, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 8 ախտանշան, որոնք կանայք ոչ մի դեպքում չպետք է անտեսեն:

1.      Ոտքերի այտուցվածություն

Ոտքերի այտուցվածությունն օրգանիզմում հեղուկի կուտակման գլխավոր ախտանշանն է: Այս խանգարումը կարող է առաջանալ ինչպես աղի չարաշահման, այնպես էլ մի շարք այլ առողջական խնդիրների հետևանքով: Ոտքերի այտուցվածությունը կարող է վկայել հետևյալ խնդիրների մասին.

  • ծայրամասային այտուցներ
  • ծնկային հոդի բարձիկաբորբ,
  • արթրիտ և օստեոարթրիտ,
  • երիկամների քրոնիկական հիվանդություն,
  • խորը երակների թրոմբոզ,
  • աքիլեսյան գարշապարի պատռվածք,
  • սրունքաթաթային հոդի ջիլերի գերձգում,
  • քաղցկեղ:

2.      Որովայնային ցավեր

Այս ախտանշանը կարող է ի հայտ գալ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ, սակայն կանանց դեպքում այն կարող է պայմանավորված լինել ոչ միայն մարսողական համակարգի հետ կապված խնդիրներով: Ցավի պատճառ կարող է դառնալ.

  • ձվարանների քաղցկեղը,
  • էնդոմետրիոզը,
  • փոքր կոնքի օրգանների բորբոքումը,
  • նախադաշտանային համախտանիշը,
  • ձվարանների պոլիկիստոզային համախտանիշը,
  • արգանդի մկանուռուցքը (միոմա),
  • ցելիակիան (գլյուտենի հանդեպ անհանդուրժողականություն),
  • գրգռված աղու համախտանիշը,
  • ստամոքսի խոցային հիվանդությունը:

3.      Արտասովոր արյունահոսություն

Այս ախտանշանը հաճախ հանդիպում է այն կանանց մոտ, որոնց մոտ խանգարված է հորմոնալ ակտիվությունը և այն հնարավոր չէ պահել վերահսկողության տակ: Այս դեպքում արյունոտ արտադրությունը կարող է նկատվել դաշտանային ցիկլի մեջտեղում կամ անգամ դաշտանադադարից հետո: Սակայն այս ախտանշանի առկայության դեպքում հարկավոր է շատ ուշադիր լինել, քանի որ որոշ դեպքերում այն կարող է վկայել մի շարք վտանգավոր առողջական խնդիրների մասին, այդ թվում նաև.

  • քաղցկեղի (էնդոմետրիումի, արգանդի վզիկի, հեշտոցի),
  • քրոնիկական հեշտոցային վարակների,
  • արգանդի պոլիպների և ֆիբրոմաների,
  • արգանդի լորձաթաղանթի վարակների,
  • փոքր կոնքի օրգանների վնասվածքների,
  • էնդոմետրիումի հպերպլազիայի:

4.      Կոշտացումներ կրծքի հատվածում

Կրծքի կառուցվածքի կամ ձևի փոփոխությունը նույնպես ոչ մի դեպքում չի կարելի անտեսել: Նման նորագոյացությունները ոչ միշտ են լինում չարորակ, սակայն պետք չէ մոռանալ, որ միևնույն ժամանակ դրանք կրծքագեղձի քաղցկեղի մասին վկայող հիմնական ախտանշանն են: Սա է պատճառը, որ հարկավոր է պարբերաբար բուժզննում անցնել, իսկ որևէ նորագոյացության հայտնաբերման դեպքում անհապաղ դիմել բժշկին՝ հատկապես, եթե դրա հետ մեկտեղ նկատվում է նաև մաշկի կարմրածություն ու գրգռվածություն:

5.      Միգրեն

Ուժեղ գլխացավերն ու միգրենը կարող են պայմանավորված լինել սթրեսով կամ օրգանիզմում որոշ սննդարար նյութերի պակասով: Սակայն կանայք պետք է շատ ուշադիր լինեն այս ախտանշանի դեպքում՝ հատկապես, եթե այն հաճախ է կրկնվում: Բանն այն է, որ միգրենը կարող է լինել առողջական մի շարք վտանգավոր խնդիրների ախտանշան, որոնց շարքին են դասվում.

  • գլխուղեղի կաթվածը,
  • զարկերակային բարձր ճնշումը,
  • սրտի նոպան,
  • արյան մեջ մակարդուկների առկայությունը,
  • մարսողական համակարգի հիվանդությունները,
  • տեսողության հետ կապված խնդիրները:

6.      Ցավոտ սեռական ակտ

Ցավոտ սեռական ակտը միշտ վկայում է առողջական խնդիրների մասին: Սա, իհարկե, կարող է լինել լիբիդոյի նվազման ախտանշան, սակայն գրեթե միշտ վկայում է օրգանիզմում տեղի ունեցող հորմոնալ փոփոխությունների և որոշակի հիվանդությունների զարգացման մասին: Բացի այդ, դաշտանադադարի ժամանակ կանանց մոտ նման խնդիրը կարող է պայմանավորված լինել հեշտոցի քսուքի պակասով:

Սակայն սեքսը կարող է ցավոտ լինել նաև մի շարք հիվանդությունների դեպքում, ինչպիսին են.

  • ձվարանների կիստաները,
  • հեշտոցային վարակները,
  • արգանդի կամ արգանդափողերի վարակները,
  • միզապարկի բորբոքումը,
  • էնդոմետրիոզը,
  • արգանդի մկանուռուցքը:

7.      Քրոնիկական հոգնածություն

Սա ամենատարածված ախտանշաններից մեկն է, որը կանայք հաճախ անտեսում են, մինչդեռ մշտական հոգնածության զգացումը կարող է վկայել տարբեր լուրջ հիվանդությունների զարգացման մասին: Այն կարող է լինել հետևյալ խնդիրների ախտանշան.

  • երիկամային անբավարարության,
  • սակավարյունության (անեմիա)
  • քաղցկեղի,
  • սրտանոթային անբավարարության,
  • վահանաձև գեղձի հիվանդությունների,
  • քնի օբստրուկտիվ ապնոէի,
  • շաքարային դիաբետի:

8.      Քաշի կտրուկ կորուստ

Քաշի անբացատրելի ու կտրուկ կորուստը նույնպես կարող է շատ վտանգավոր լինել: Եթե մարդը չի փոխում սննդակարգն ու կենսակերպը, սակայն նրա քաշը շարունակում է նվազել, ապա հարկավոր է շտապ բուժզննում անցնել, քանի որ քաշի նման կտրուկ կորուստը վկայում է մի շարք հիվանդությունների մասին: Եթե քաշի կորուստն ուղեկցվում է նաև ախորժակի կորստով, ապա նման ախտանշանը կարող է պայմանավորված լինել.

  • ցելիակիայով.
  • շաքարային դիաբետով,
  • օրգանիզմում հեղուկի կուտակումով,
  • դեպրեսիայով,
  • մարսողական համակարգի հիվանդություններով,
  • օնկոլոգիական հիվանդություններով,
  • վահանաձև գեղձի հիվանդություններով,
  • սրտանոթային հիվանդություններով,
  • շնչառական հիվանդություններով:

Հարկ է հիշել, որ նշված ախտանշանները ոչ միշտ են վկայում լուրջ առողջական խնդիրների մասին, սակայն ամեն դեպքում ցանկալի է հնարավորինս շուտ բուժզննում անցնել՝ լուրջ հետևանքներից խուսափելու համար:

Նյութի աղբյուրը՝ steptohealth.ru

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS