Ավելորդ քաշը բավական լուրջ խնդիրը է, որը կարող է հանգեցնել նաև առողջական վիճակի վատացման, ուստի զարմանալի չէ, որ բժիշկները հորդորում են հնարավորինս արագ ազատվել այս խնդրից:
Սակայն խնդիրն այն է, որ ավելորդ կիլոգրամներից ազատվելու և կազմվածքը կարգի բերելու համար հարկավոր է բավական շատ ջանք գործադրել, մինչդեռ շատերը պատրաստ չեն որոշ զոհողությունների գնալ:
Գոյություն ունեն տարատեսակ սննդակարգեր ու մարզումների համալիրներ, որոնք օգնում են նվազեցնել քաշն ու արագացնել ճարպերի այրման գործընթացը, սակայն որպես կանոն ցանկալի արդյունքին հասնելու համար բավական շատ ժամանակ է հարկավոր:
Սակայն կան նաև «էքսպրես» դիետաներ, որոնց շնորհիվ կարելի է կարճ ժամանակում ազատվել զգալի ավելորդ քաշից: Այս դիետաները հարմար են անգամ ամենաալարկոտներին, քանի որ դրանց ընթացքում լուրջ ջանքեր գործադրելու և մարզվելու կարիք չկա:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երկու «էքսպրես» դիետա, որոնք կօգնեն ընդամենը մեկ շաբաթում ազատվել մինչև 5 կգ ավելորդ քաշից: Այս դիետաներին հետևելու դեպքում հարկավոր է անպայման օրական գոնե 2 լիտր ջուր խմել:
Բացի այդ, սննդակարգից հարկավոր է բացառել աղը, շաքարավազը, վնասակար անառողջ մթերքն ու հացաբուլկեղենը: Հարկ է հիշել, որ կարճ ժամանակում քաշը նվազեցնելու համար անհրաժեշտ է պատրաստ լինել, որ սնունդը լինելու է բավական քիչ քանակությամբ ու միանման:
Կեֆիրով դիետա
Կեֆիրի վրա հիմնված դիետաները պարզ են ու հասանելի: Այս դիետաների առավելություններից մեկն այն է, որ բարդ ուտեստներ պատրաստելու անհրաժեշտություն չկա, իսկ կեֆիրը կարելի է խմել ցանկացած վայրում ու ցանկացած պահին:
Այս սննդակարգին հետևելու դեպքում հարկավոր է ուշադրություն դարձնել կաթնամթերքի թարմությանը, քանի որ ժամկետն անց կեֆիրն ու ոչ շատ բազմազան սննդակարգը կարող են աղիների հետ կապված խնդիրներ առաջացնել:
Կեֆիրով դիետային հետևելիս հարկավոր է սնվել փոքր չափաբաժիններով, սակայն հաճախ ու հավասար ընդմիջումներով: Բացի այդ, հարկավոր է օգտագործել միայն 1% յուղայնությամբ կեֆիր, հակառակ դեպքում սննդակարգը կարող է բավական արդյունավետ չլինել:
Մեկշաբաթյա սննդակարգը.
1-ին օրը՝ 1 կգ թթու մրգեր ու 1.5 լիտր կեֆիր,
2-րդ օրը՝ 4 հատ կարտոֆիլ ու 1 լիտր կեֆիր
3-րդ օրը՝ 1.5 մլ հանքային ջուր ու 1 լիտր կեֆիր
4-րդ օրը՝ 500 գրամ հավի փափկամիս ու 1 լիտր կեֆիր
5-րդ օրը՝ 1 կգ խնձոր ու 1 լիտր կեֆիր
6-րդ օրը՝ 1 կգ բանջարեղեն ու 1 լիտր կեֆիր
7-րդ օրը՝ կրկնել 3-րդ օրվա սննդակարգը:
Բանջարեղենից առավել շատ օգուտ ստանալու համար դրանք խորհուրդ է տրվում շոգեխաշել: Կարտոֆիլի համը բարելավելու համար դրանք կարելի է փաթաթել փայլաթիթեղով ու խորովել ջեռոցում:
Հնդկաձավարով ու կեֆիրով դիետա
Սա ամենաարդյունավետ դիետաներից է, որը ոչ միայն թույլ է տալիս նիհարել, այլև մաքրում է աղեստամոքսային տրակտն ու դարձնում է մաշկն ավելի առաձգական:
Կեֆիրով ու հնդկաձավարով դիետայի սկզբունքները
Մեկ օրվա համար նախատեսված սննդակարգը բաղկացած է 1 բաժակ հնդկաձավարով պատրաստված շիլայից ու 1 լիտր կեֆիրից: Նշված մթերքը կարելի է ընդունել ինչպես միասին, այնպես էլ առանձին:
Օրական հարկավոր է ուտել 5-6 անգամ փոքր չափաբաժիններով: Այս ընթացքում աղն ու շաքարավազն անհրաժեշտ է բացառել, իսկ հեղուկը հարկավոր է խմել սննդի ընդունման ժամերի միջև:
Ցանկության դեպքում հնդկաձավարին կարելի է մի փոքր սոյայի սոուս, մաղադանոս կամ նեխուր ավելացնել: Բացի այդ, օրական մեկ անգամ կարելի է որևէ բանջարեղեն ուտել (վարունգ, լոլիկ կամ գազար): Ընդ որում, այն անկալի է ուտել որպես առանձին ուտեստ, ինչը կօգնի ավելի լավ հագենալ:
Բացի այդ, հարկ է հիշել, որ հնդկաձավարի շիլան առավել օգտակար է լինում, եթե այն ոչ թե խաշած, այլ պարզապես թրջված է լինում, ուստի խորհուրդ է տրվում շիլան պատրաստել այդ կերպ: Պարզապես անհրաժեշտ է հնդկաձավարը լցնել թերմոսի մեջ, ավելացնել եռման ջուր (1:2 հարաբերակցությամբ) և թողնել ամբողջ գիշեր:
Ինչպես խուսափել քաշի ավելացումից
Վերոնշյալ սննդակարգերը շատ արդյունավետ են և օգնում են կարճ ժամանակում ազատվել ավելորդ քաշից, սակայն հարկ է հիշել, որ քաշի կտրուկ նվազումից հետո այդ արդյունքը պահպանելը բավական բարդ է: Նման դեպքերում քաշի ավելացումից խուսափելու համար հարկավոր է.
շաբաթական մեկ անգամ բեռնաթափման օր անցկացնել,
սովորել ուտել փոքր չափաբաժիններով,
բացառել սննդակարգից վնասակար մթերքը,
նվազեցնել օգտագործվող աղի քանակը,
լինել ֆիզիկապես ակտիվ:
Նյութի աղբյուրը՝ woman.rambler.ru