Համացանցի օգտատերերը բազմազավակ հորն օգնել են փող հավաքել իր երեխաներից մեկի բուժման համար, երբ նա պատասխանել է պատահական հաղորդագրության եւ հռչակավոր դարձել:
Ինչպես հայտնում է Bored Panda-ն, Տոնին մարտի սկզբին iMessage-ում ստացել է շքեղ զգեստով անծանոթ կնոջ լուսանկար:
Նա ի պատասխան գրել է. «Կարծում եմ, որ այս հաղորդագրությունը մեկ ուրիշի համար էր նախատեսված: Կինս տանը չէ, այնպես որ՝ չեմ կարող նրա կարծիքն իմանալ, բայց իմ երեխաները եւ ես կարծում ենք, որ դուք այս զգեստով շշմեցուցիչ տեսք ունեք:
Դուք պետք է դրանով ներկայանաք հանրությանը»: Իր բառերը հաստատելու համար տղամարդը աղջկան է ուղարկել իր 5 երեխաների լուսանկարը՝ որպես հավանության նշան վեր պարզած բթամատներով:
Զվարճալի պատմությունն ակնթարթորեն համացանցում վարակիչ է դարձել, իսկ անծանոթների նամակագրությամբ գրառումը հազարավոր լայքեր ու վերագրառումներ է ունեցել:
Որոշ ժամանակ անց @_Hedge անունով օգտատերը գրառման մեկնաբանություններում նշել է, որ Կայզլեր անունով 6-րդ երեխան լուսանկարում բացակայում է, քանի որ լեյկեմիայի դեմ բուժում է ստանում: Գրառմանը կցված էր նաեւ նվիրատվությունների համար էջին հղումը:
Հաշված օրերի մեջ սրտացավ մարդիկ ավելի քան 30 հազար դոլար են նվիրաբերել Կայզլերի բուժման համար, ըստ որում՝ բարեգործական արշավի նպատակով նշված էր 10 հազար դոլար թիվը:
«Սա ավելի շատ է, քան ինքներս ներդրել ենք վերջին 2 տարում: Սա զարմանալի է»,- հայտարարել է Տոնին լրագրողների հետ զրույցում: Նա հավելել է, որ այս ամբողջ ընթացքում աշխատել է, սակայն վերջին շրջանում լուրջ ֆինանսական դժվարությունների է բախվել:
Տոնիի խոսքով՝ իր որդին մեկ տարուց ավելի բուժվում է: Նա արդեն քիմիաթերապիայի մեկ կուրս է անցել: Բժիշկներն ասում են, որ նա առողջանալու լավ հնարավորություններ ունի:
Հետևեք NEWS.am Medicine-ին