Անտեր աղջիկ էի՝ մանկուց անհայր մեծացած։ Չէ՛, հայրս կար, բայց մորս թողել, հարևան գյուղում նոր ընտանիք էր կազմել, ես էի գլխիս տերը գյուղում։ Մորս հետ համագյուղացիների գոմերում ոչխար էինք կթում, որը՝ փող, որն էլ մեր կթած կաթից էր տալիս, գոյություններս քարշ էինք տալիս։ Անտեր-անտեր մեծանում էի։ Հայրս միայն ինձ մարդի տալուց եկավ․ մայրս էր կանչել, որ անտերությունս աչք չծակի խնամիների մոտ, շատ չխղճան։
Հայրս իր երկրորդ կնոջ լվացած, արդուկած փայլփլուն վերնաշապիկով եկավ՝ օձիքի ու պարանոցի արանքը թաշկինակը հարմարեցրած, որ քրտինքից շուտ չկեղտոտվի վերնաշապիկը։ Եկավ, օտարի պես նստեց սեղանի գլխին, խնամիների հետ հող ու ջրից, հայրենիքից ու օջախից խոսեց։ Օտարի պես ինձ՝ իրեն օտար դարձած տանից ճանապարհեց հերթական անտերության ու գնաց։
Անտեր աղջիկ էի, մարդի գնացի, երկու աղջիկ ունեցա իրար հետևից ու անտեր հարս դարձա։ Ամուսինս Ռուսաստան գնաց՝ իր անտեր գլխին ճար անելու և հազար տարի չվերադարձավ։ Սկեսուր-սկեսրայր նույն տան մեջ՝ գլխիս էին, բայց անտեր հարս մնացի։ Ամեն օր միտքս այն էր միայն, որ աղջիկներս վիզները ծուռ, անտեր չմնան։
Տասներկու տարի իրենց մեծ որդին՝ տեգրս էլ ամուսնուս նման Հայաստան չէր եկել։ Այդ տարի եկավ։
Ես էլի, ինչպես միշտ, մենակ էի․ մարդս՝ ռուսաստանները, ես` սկեսուրիս, սկեսրայրիս հետ։ Եկել են, նստել։ Հիմա ես պետք է հաց տամ այդ մարդկանց։ Կամաց-կամաց սկսեցին հավաքվել․ տալերս եկան՝ իրենց ընտանիքներով, տեգորս չորս քենիները՝ իրենց ընտանիքներով։ Ամբողջ գերդաստանը հավաքվեց, մի խոսքով` մոտ մի 60 հոգի՝ ճիժ ու պժերին չհաշված։ Հիմա չգիտեմ, թե ինչպես պետք է կերակրեմ բոլորին։
Սկեսրայրս` թե բա՝ հաց-մաց սարքի, ասեցի՝ ի՞նչ սարքեմ, պա՛պ, բան չկա, ոչխարը մորթիր։
Ռուսաստանից եկած տեգրս թե` չէ, պետք չի, ես կգնամ հավի բուդ կառնեմ։ Մտածեցի` չի ուզում մեզ նեղություն տալ։ Ես նեղացա։ Այս անգամ չլռեցի, ասեցի` տասներկու տարի հոր տուն չի եկել, ոչխարը մորթենք, էլ ո՞ր օրվա համար է։ Սկեսրայրս թարս նայեց ինձ։ Տեգորս հայացքն ինձ ավելի հարազատ դարձավ։
Մինչև մորթեցին, ես միայնակ վազվզեցի էս կողմ, էն կողմ, հաց սարքեցի, չեղած տեղից սեղան դրեցի։ Խորովածը թոնրից բերեցին, սեղանն արդեն պատրաստ էր։
Բոլորը նստեցին սեղանի շուրջ, ինձ նստելու տեղ չեղավ։ Աթոռները հազիվ իրենց բավականացրեց։ Ես ու մանր աղջիկներս մնացինք վառարանի մոտ կանգնած։ Սկսեցին սրա-նրա կենացը խմել, մոռացան, որ մի տղա էլ ունեն անտեր, ռուսաստանները, որի տեղն անգամ վերջին տարիներին չգիտեն։ Մոռացան, որ էդ անտեր ռուսաստանների պատճառով իրենց այդ տղան մի անտեր ու ջահել հարս է թողել տանը, որ ոչ թե սիրո, ոչ թե ջերմության, այլ ընդամենը մի հարգանքի կարիք ունի։
Մեկ էլ հանկարծ հիշեցին իրենց ղարիբ որդուն, որոշեցին նրա կենացն էլ խմել։ Կենացի պահին ինձ էլ մտաբերեցին, ասին` խառնենք մի բաժակով էս անտերի կենացն էլ խմենք։
Մի պահ, կարծես․ ինձ հարգված էի ուզում զգայի, մեկ էլ, փոխարեն մի լավ բան կասեին ինձ համար, ամենակարևոր մարդը` տեգրս, ում համար զոռով ոչխարը մորթել տվեցի, մի տեսակ նախատելով ու հրամայական, ինձ` ոտքի վրա մնացած եթիմիս, այդ լռության մեջ ասաց.
— Քեզ ի՞նչ ասեմ, մի տղա բեր, որ մարդամեջ մտնես, սեղանի շուրջ մարդկանց հետ կարողանաս նստել։
Հորս արևով եմ երդվում, ես այդ տեսակի նվաստացում, այդպիսի վիրավորանք, ցավ չէի զգացել ու դրանից հետո էլ չեմ զգացել։ Կրծքավանդակս սկսեց ցավել, կոկորդս լցվեց, ականջներս ուռել էին, երևի կարմրել էի։ Ուզում էի լաց լինել, չէի կարողանում։ Մտածեցի` հենց հիմա երեխեքի ձեռքը բռնել ու տանից դուրս գալ, գնալ՝ ուր որ պատահի, մենակ թե՝ սրանցից հեռու։
Չարեցի, մտածեցի` հերս կամաչի իմ երեսից։ Շարունակելի…