Խռմփոց, վառ երազներ, ատամների կռճտոց… Մեզանից շատերը քնած ժամանակ տարատեսակ վարք են դրսեւորում, որոնք հաճախ կարող են վկայել առողջական խնդիրների մասին:
Օրինակ, անընդհատ խռմփացնելը կարող է վկայել ալկոհոլի չարաշահման, ավելորդ քաշի մասին: Խռմփոց առաջանում է նաեւ մեջքի վրա քնելիս: Եթե խռմփոցը վատ է անդրադառնում քնի որակի վրա, անհրաժեշտ է դիմել բժշկի:
Վառ, զգայուն երազները սովորաբար սթրեսի հետեւանք են: Փորձեք մեդիտացիայով զբաղվել, քնելուց առաջ մի նյարդայնացեք, մի լարվեք:
Քնի մեջ ատամները կռճտացնելու սովորությունը եւս սթրեսի մասին է վկայում, եւ այս պարագայում եւս մասնագետի խորհրդատվություն է պետք՝ հոգեբանի եւ ատամնաբույժի:
Ոմանք գիշերվա կեսին քնից արթնանում են մկանային սպազմով եւ ջղաձգումներով: Սա սովորաբար խոսում է օրգանիզմում մագնեզիումի պակասի կամ էլեկտրոլիտների խախտումների մասին:
Եթե գիշերվա ընթացքում մի քանի անգամ արթնանում եք՝ զուգարան գնալու համար, ապա սա կարող է վկայել սթրեսի, կոֆեինի ավելցուկի կամ ընդհանրապես օրգանիզմում հեղուկի ավելցուկի մասին, կամ էլ նատրիում պակասի մասին: Սահմանափակեք կոֆեինի օգտագործումը:
Ամենատհաճ խնդիրը քնի հետ կապված անքնությունն է, երբ մարդ չի կարողանում ողջ գիշեր նորմալ քնել: Այս երեւույթը բացատրվում է գիշերը ուղեղի ակտիվության ավելցուկով: Հանգստացնող հոտով մոմեր վառեք սենյակում, լույսն անջատեք, քնելուց առաջ երիցուկով թեյ խմեք:
Աղբյուր՝ Բուժ ինֆո