Շերոն Սթոունի 29 մտքերը գեղեցկության, ծերության ու տղամարդկանց մասին
Շերոն Սթոունը հայտնի է՝ որպես Հոլիվուդում ամենաբարձր IQ-ն ունեցող դերասանուհի: Փայլուն դերասանուհին չի կորցրել հումորի զգացումը և շարունակում է շռայլել իր սրամիտ կսմիթները, որոնցում ավելի շատ ճշմարտություն և կենսական իմաստնություն կա, քան շատ հայտնի փիլիսոփաների մոտ՝ գոնե ժամանակակից կնոջ և նրա՝ այս աշխարհում ունեցած դերի մասով:
1. Կնոջ դեմքի արտահայտությունն ավելի կարևոր է, քան նրա հագուստը:
2. Պլաստիկ վիրաբուժությունն իմը չէ, սակայն ես չեմ մեղադրում այն կանանց, ովքեր դիմում են պլաստիկ վիրաբույժների ծառայություններին: Եթե դա նրանց երջանիկ է դարձնում, ապա ինչո՞ւ ոչ:
3. Չեմ թաքցնի, որ փորձել եմ բոտոքսը և ոչ մեկ անգամ: Սակայն ժամանակին կանգ եմ առել, որպեսզի չվերածվեմ այն ոսկե ձկնիկներից մեկին, որոնք այնքա՜ն շատ են Հոլիվուդում: Բոտոքսի պատճառով բոլոր դերասանուհիները միանգամից սկսեցին նմանվել միմյանց, իսկ ես ուզում եմ նման լինել միայն ինքս ինձ: Ուզում եմ, որ իմ մեջ տեսնեն այն կնոջը, որի ուսերի հետևում շատ հետաքրքիր կյանքի տարիներ կան:
4. Կալիֆոռնիայում ապրում են 400.000 ներկված շիկահերներ՝ միատեսակ քթերով, հսկայական շրթունքներով, այտերի մեջ իմպլանտներով ու ձյունաճերմակ ատամներով: Եվ մի՞թե ինչ-որ մեկը դա գեղեցիկ ու գրավիչ է համարում:
5. Կյանքիդ առաջին կեսում քո դեմքը դու ես, ինչով որ ծնվել ես, իսկ երկրորդ կեսում՝ այն, ինչին դու արժանի ես:
6. Կինն իր կյանքի ընթացքում շատ դեմքեր է փոխում: Դա ասես սանրվածք լինի. մենք չենք կարող անընդհատ միևնույն սանրվածքով լինել: Կյանքի ընթացքում մենք զարգացում ենք ապրում ու փոխվում, սովորում ենք ու հասունանում: Մենք կյանքին այլ կերպ ենք նայում, և կյանքն էլ, իր հերթին՝ այլ կերպ է նայում մեզ:
7. Անգամ դիմահարդարման ամենաթանկ պարագաները և թանկարժեք սանրվածքն ի վիճակի չեն կնոջը գեղեցկացնել: Ամենավառ, ամենահետաքրքիր կանայք նրանք են, ում հետևում վերելքներով ու վայրէջքներով հարուստ կյանք կա:
8. Հավերժ երիտասարդության գաղափարը միֆ է: Ես չեմ ուզում լինել, այսպես կոչված, չծերացող գեղեցկուհի: Ուզում եմ լինել կին, ով իր տարիքում լավագույն տեսքն ունի:
9. Ավա Գարդներն աշխարհի ամենահիասքանչ կինն էր: Ինչո՞ւ: Նա երբեք ոչինչ իր հետ չէր անում: Նա կնոջ տեսք ուներ, և երբեք չէր փորձում դեռահաս աղջնակի նմանվել:
10. Դժբախտություններն ու առողջական խնդիրները ստիպեցին ինձ դադարել զբաղվել նրանով, ինչն ինձ դժբախտ ու հիվանդոտ էր դարձնում:
11. Իսկապես գեղեցիկ կինը միշտ բարի է այլ կանանց և ընդհանրապես մարդկանց նկատմամբ: Նրան բնորոշ չեն մրցակցությունը, ինտրիգներն ու ստորությունները:
12. Եթե դու խելացի ես, ապա նաև գեղեցիկ կլինես: Տգեղ կանայք չկան: Ինչ-որ մեկը գեղեցիկ է վարդի պես, մյուսը՝ կակտուսի:
13. Երբեք լրջորեն չեմ մտածել այն հարցի շուրջ, թե գեղեցի՞կ եմ արդյոք: Բայց ես մի կախարդական հնարք գիտեմ՝ հմայիչ լինելու պատրանք ստեղծելու հմտությունը: Երբ կինը սենյակ է մտնում, ներկաներն արձագանքում են ոչ թե նրա գեղեցկությանը, այլ ուժին ու էներգիային, որը ճառագում է նրանից:
14. Հիմա՝ իմ այս տարիքում, ես ինձ ավելի վստահ ու հանգիստ եմ զգում, քան երբևէ: Չգիտեմ՝ դա կապված է հոգևորի՞ հետ, թե՞ ես պարզապես ավելի իմաստուն եմ դարձել: Տարիքի հետ ավելի ընտրովի ես վերաբերվում այն հարցին, թե ում հետ անցկացնես քո ժամանակը և ինչին նվիրես կյանքդ:
15. Ինձ կարելի է կաշառել ծաղիկներով և ընթրիքի հրավիրելով: Ինձ դուր են գալիս ջենթլմեն տղամարդիկ, սակայն ես տանել չեմ կարողանում, երբ թերագնահատում են իմ ինտելեկտը: Ես հարգանք եմ պահանջում իմ նկատմամբ և ուզում եմ նաև հարգել զուգընկերոջս:
16. Ես կարող եմ հաճելի և մեղմ լինել, բայց դա հետաքրքիր չէ: Դա կյանքի գլխավոր նպատակը չէ: Ես աշխատում եմ ազնիվ լինել՝ ինչպես ինքս ինձ, այնպես էլ՝ շրջապատողներիս հետ, և դա միշտ էլ հաճելի է: Երբեք չեմ ձգտել դառնալ բոլորի հանընդհանուր սիրելին:
17. Մարդիկ վախենում են փոխվել, քանի որ նրանց թվում է, թե իրենք ինչ-որ բան կկորցնեն: Նրանք մոռանում են, որ կարող են ձեռք բերել նաև շատ նոր բաներ:
18. Այս կյանքում կարևոր չէ, թե ինչպես ես դու ընկնում, կարևոր է, թե ինչպես ես բարձրանում:
19. Կինը չպետք է իր վրա պատասխանատվություն վերցնի աշխարհում ամեն ինչի համար:
20. Բուդդիզմ դավանելով՝ ես հասկացա, որ ամոթը հորինել է մարդը. բնության մեջ ամոթ չկա: Դա ոչ այլ ինչ է, քան մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու միջոց:
21. Կանայք միգուցե և ձևացնում են, թե օրգազմ են ապրում, բայց դրա փոխարեն՝ տղամարդիկ ձևացնում են հարաբերությունների մեջ:
22. Ավելի լավ է լրիվ միայնակ լինել, քան սխալ մարդու կողքին քեզ լրիվ միայնակ զգալ:
23. Անկողնու մեջ ես ամենաշատը սիրում եմ սցենարներ կարդալ:
24. Մահն իր ոսկրոտ ձեռքերով շատ անգամներ է թակել իմ դուռը, բայց ես չեմ բացել այն: Այն ինձ սովորեցրել է նորովի ապրել: Դռան այդ թակոցն արթնացրեց ինձ:
25. Ինչ-որ պահի աղջիկներն իրենք վերածվում են այն տղամարդկանց, որոնց հետ երազում էին ամուսնանալ:
26. Երբեք անկողին մի մտիր այն մարդու հետ, ով ավելի շատ խնդիրներ ունի, քան դու:
27. Նախկինում դու պիտի հայտնի լինեիր, որ կարողանայիր հայտնվել սկանդալների կիզակետում, իսկ այժմ սկանդալ է պետք՝ հայտնի դառնալու համար:
28. Տղամարդիկ նման են հարիչի: Գոնե մեկը քեզ պետք է, ճիշտ է, այնքան էլ պարզ չէ, թե ինչո՞ւ:
29. Կինն իր գինը պետք է իմանա, բայց երբեք չպետք է բարձրաձայնի:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը