Ավտոբուսը կանգնեց կանգառում, ուղևորներն իրար հրմշտելով իջնում ու բարձրանում էին: Նեղվածք էր, ու հրմշտոցը շատերի դժգոհության պատճառն էր դառնում:
Նստարաններից մեկին նստած էր մի երիտասարդ աղջիկ, նա գլուխը հենել էր պատուհանին, աչքերը փակ էին, ականջներին՝ ականջակալներ:
Նրա նստարանին մոտ կանգնած էր մի տարեց կին թոռնիկի հետ միասին: Կինը զայրացած հայացքով նայում էր երիտասարդ աղջկան և չդիմացավ.
— Տեսեք թե ինչ սերունդ է մեծանում, տարեց կինն ու երեխան կանգնած են, իսկ այս երիտասարդ աղջիկը նստած է, ու չի բարեհաճում տեղը զիջել:
Տեսնելով, որ աղջիկը ընդհանրապես ոչ մի կերպ չի արձագանքում, նա ավելի վրդովվեց:
Պարզվեց, որ կային մարդիկ, որ համաձայն էին նրա հետ և սկսեցին խիստ քննադատել ներկայիս երիտասարդությունը:
Տարեց կինն այնքան հեռու գնաց, որ ականջակալները հանեց աղջկա ականջներից և կոպիտ ասաց.
— Թոռնիկիս ոտքերը հոգնեցին, նա երեխա է, չի կարող այդքան ոտքի վրա մնալ, միգուցե տեղդ նրան զիջես:
Աղջիկը նայեց կնոջը, նայեց երեխային ու ասաց.
— Լսիր, ընկերս, դու գիշերը երևի հանգիստ քնել ես փափուկ անկողնում ու քունդ առել ես:
— Ահա, — գլխով արեց տղան:
— Հոգնա՞ծ ես:
-Ոչ, — գլուխը տարուբերեց տղան:
— Դե խնդրում եմ, տատիկիդ ասա, որ կան մարդիկ, ովքեր գիշերային հերթափոխում են աշխատում, և քնելու հնարավորություն ունեն միայն ավտոբուսում, քանի որ աշխատանքից հետո դասի են գնում, -ասաց երիտասարդ աղջիկն ու կրկին փակեց աչքերը:
Տղան այդ ժամանակ տատիկի ուսերից իջեցրեց բրդե շալն ու ծածկեց աղջկան ու նայելով տատիկին ասաց.
— Տատիկ, մի փոքր կամաց խոսիր, քնած մարդ կա:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն