Ավտովթարի հետեւանքով մահացած 20-ամյա Էդգար Հունանյանը Հրազդան քաղաքից էր, 2 ամսից պետք է զորացրվեր: Այս պահին Էգդարի դին տեղափոխում են Հրազդան: Հարեւանները պատմում են, որ Էդգարը տան միակ տղան էր, ունի 2 քույր եւ մի քանի օր առաջ էր արձակուրդից վերադարձել զորամաս: Ծնողներին ու երկու քույրերին տեսել եւ ասել էր. «Բան չմնաց, շուտ կգամ»:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեսյբուքյան էջում գրել էր, որ մեքենայում եղել են 21 զինծառայող, որից 19-ը թափքում: 21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ: Բուժզննումը շարունակվում է:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան, Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Արմենի Հունանյանը և ավտոմեքենայի թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը, Հրանտ Արայի Գասպարյանը և Դավիթ Բենիամինի Մելքոնյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել են:
Ավտոմեքենայի թափքում գտնվող մյուս զինծառայողները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ և «Գորիս» բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Աղբյուր՝ Hraparak.am