Արմավիրի մարզում նոր հանգստավայր է ստեղծվել, որը գրավել է շատ զբոսաշրջիկների. Սա տեսնել է պետք…

Արմավիրի մարզում քիչ է զարգացած տուրիզմը: Տուրիստական հիմնական երթուղին «Զվարթնոց» տաճարը, Էջմիածինն ու Սարդարապատի հուշահամալիրն են: Մարզում նույնիսկ դժվար է գտնել հայկական խոհանոց:

«Մեր մարզը մի քիչ հետ է մնացել տուրիզմից: Ցուցադրելու շատ բան չունենք: Այս տարածքում Սարդարապատն է, շատերը գալիս, զանգերը տեսնում, գնում են, նույնիսկ թանգարան չեն մտնում: Ունենք Մեծամորի թանգարանը, բայց վստահ եմ՝ հայերի 99 %-ը տեղյակ չի դրա մասին: Ունենք Երվանդաշատ, Բագարան գյուղերը, հրաշալի տեսարան ունենք, հին եկեղեցիներ, բայց նորմալ ճանապարհ չունենք, որ տուրիստը գնա այնտեղ:

Հետո էլ տուրիստական կազմակերպությունները նախընտրում են մոտ տարածքներ տանել մարդկանց, որտեղ կոմունիկացիաները շատ թե քիչ լավ վիճակում են»,- ասում է Անուշավան Քալաշյանը:

Անուշավանը 16 տարի ծառայել է հայկական բանակում և սեփական դիմումով, մայորի կոչումով ազատվել է ծառայությունից: Մտքով չի անցել այլ գործով զբաղվել, բիզնես ունենալ: Կուրսանտ եղած տարիներին մեկ անգամ ընկերների հետ որոշել է գարեջրի վաճառքով զբաղվել:

Կոտայքից գարեջուրը բերել են Արմավիր, որպեսզի վաճառեն, բայց ոչ թե վաճառել են, այլ խմել ու հյուրասիրել: Այդպես էլ չի հաջողվել բիզնես անել: Ավելի ուշ ունեցել է տնտեսական ոչ մեծ խանութ:

«2011թ., երբ ծառայությունից դուրս եկա, Արմավիր քաղաքում նորմալ որակի հաց չէի կարողանում գտնել, խանութից գնած հացը չէի կարողանում ուտել: Գնում Երևանից էի գնում: Մեր լավաշը, հացը թխել է տատս: Իրենից հետո արդեն չէի կարողանում հաց գնել:
Քաղաքի փողոցով անցնելիս տեսա մի տարածքի վրա գրված է՝ «վաճառվում է», միտք առաջացավ հացի փուռ բացել: Վարկավորումը մի քիչ ուշացավ, այդ տարածքը վաճառեցին, բայց չհանձնվեցի: Քիչ վերև տեսա էլի տարածք է վաճառվում, գնեցի»,- պատմում է Քալաշյանը:

Հացի փուռ ունենալուց 3 տարի հետո որոշել է տարածքը դարձնել հացատուն և ընդունել արտասահմանցի տուրիստներին, հայ ընտանիքներին, ովքեր սիրում են գյուղն ու գյուղական միջավայրը: «Մեր հայաթ»-ում ամեն ինչ կառուցել է հայկական մոտիվներով և փորձում է ցույց տալ հայ գյուղացու կենցաղն ու մշակույթը:

Անուշավանը տարածքը կառուցապատել է վարկային միջոցներով, սակայն ասում է՝ վարկերը մատչելի չեն: «Բոլոր գովազդները սուտ են, վարկերի տոկոսները շատ բարձր են ու երկարաժամկետ չեն:
Իմ վարկը 13 % է, վերցրել եմ 2013թ-ին և դոլարով, դրամ չէին տալիս: Մինչև հիմա վարկը փակում եմ: Չեմ նեղվում, բայց արձակուրդ չեմ կարող գնալ, հանգստանալ չեմ կարող, քանի որ բարձր տոկոսով վարկ եմ փակում»,- նշում է Քալաշյանը:

Նա ունի ներդրումային ծրագիր և սպասում է մարզում աշնանը կայանալիք «Իմ քայլը հանուն Արմավիրի մարզի» բիզնես համաժողովին: Հույս ունի, որ իր ծրագիրը հավանության կարժանանա և կստանա ֆինանսական աջակցություն:

Անուշավանը փնտրում է գործընկեր՝ տեղում գյուղական տուրիզմը զարգացնելու և արտադրություն հիմնելու համար, սակայն դեռ ցանկացողներ չկան:

«Մեր հայաթ»-ն ունի 8 աշխատակից: Ամենացածր աշխատավարձը՝ 120 000 դրամ, ստանում է հավաքարարը, սակայն ամսվա ընթացքում այն հասնում է մինչև 180 000 դրամի, քանի որ հյուրերի առկայության դեպքում աշխատակիցը երկար է մնում, որի դիմաց վճարվում է: Այս պահին 5 աշխատողի կարիք ունեն, սակայն չեն կարողանում գտնել: Նույնիսկ պատրաստ են տեղում սովորեցնել, բայց դիմող չկա:

«Եթե մեկը կասի, որ Հայաստանում աշխատանք չկա, ուրեմն սուտ է խոսում: Աշխատատեղ շատ կա, գուցե աշխատավարձը քիչ է, բայց օգնություն խնդրելուց լավ է: Հիմա նույնիսկ հարուստ մարդը նպաստ է ստանում, աշխատող մարդը նպաստ է ստանում: Եթե հարց դրվի՝ ավելի բարձր աշխատավարձով աշխատել, թե նպաստ ստանալ, կնախընտրեն նպաստը: Նպաստը պիտի տան հաշմանդամներին, անչափահասներին, ծերերին:

«Ձրիակեր» բառը հային հարիր չի, բայց սկսել եմ այդ բառն օգտագործել, որովհետև շրջապատում ձրիակեր մարդկանց ճանաչում եմ»,- նշում է Անուշավանը՝ հավելելով, որ 3 տոննա ծիրան ունի, որը օղու հումք է, սակայն աշխատող չունի, որ կարողանան թորել:

Անուշավանը բիզնես սկսել ցանկացողներին խորհուրդ է տալիս ճիշտ գնահատել ռեսուրսները և խելացի ու մտածված քայլեր անել, ինչպես նաև շատ շուտ հարստանալու ձգտում չունենալ: Ըստ նրան՝ պետք է համբերատար սպասել:

«Բիզնես սկսելուց առաջ պետք է ինքդ քո ռեսուրսները, ընտանիքիդ ռեսուրսները գնահատես, դա կապ չունի ֆինանսի հետ: Պետք է նայես՝ դու քո ընտանիքի հետ պատրա՞ստ ես այդ ամենին: Ես իմ ընտանիքի հետ եմ անում: Ես ու կինս այստեղ ենք, բանվորի, աշխատակցի հետ հավասար աշխատում ենք:

Հայրս, եթե դաշտում չի լինում, մեզ օգնում է, նույնը՝ եղբայրս: Եթե ի վիճակի ես աշխատելու, ինքդ քո վրա զայրանալու, ուրեմն դիմիր ռիսկի: Եթե պիտի հեռվից նայես քո ներդրած գործին՝ ձեռքերդ գրպաններդ դրած, ուրեմն իմացիր, արդեն տակ ես տվել»,- նշում է գործարարը:

Զրույցի ընթացքում Անուշավանը մի պահ քայլերն ուղղեց դեպի սենյակի անկյունը: Մի քանի վայրկյան լռությունից հետո միացրեց «պլաստինկան», և հնչեց կոմիտասյան երաժշտություն: Տարածքում հայկական երաժշտությունից բացի՝ այլ երգ-երաժշտություն չեն լսում: Ուտելիքները ևս հայկական են:

Անուշավանը պատմում է, որ խոհարարական շնորք չի ունեցել, սակայն նվիրվելով աշխատանքին՝ գնել է հայկական խոհանոցի բաղադրատոմսերը և այժմ ինքն է պատրաստում հայկական ուտելիքները:

Ասում է, որ ամեն ինչ պատրաստվում է գյուղական տարբերակով: Այցելուները կարող են համտեսել ղաուրմա և դրանով պատրաստած ցանկացած ուտելիք՝ ղաուրմայով ձվածեղ, արիշտա, դդումով ճաշ, սեզոնին՝ խաշ, թոնրի մեջ ղարսի խորոված, աքլորի կամ գառան հարիսա և այլն:

Սարդարապատ գյուղում Քալաշյաններն ունեն մոտ 4 հա այգի, որի մշակությամբ զբաղվում է Անուշավանի հայրը: Անուշավանն ասում է, որ առաջիկայում ունենալու են «գինու բակ»: Սակայն այժմ էլ մատուցում են հենց իրենց այգու խաղողի օղին ու գինին: Տարին 12 ամիս կարող է օղի թորել և եթե հյուրերը ցանկանում են, կարող են ակտիվ մասնակցություն ունենալ:

«Մենք ունենք նաև թթի և այլ պտղատու ծառեր: Եթե մեր հյուրը ցանկանա, կարող է գնալ իր ձեռքով թութ թափ տալ, միրգ քաղել: Կարող են թութը բերել՝ մեր տարածքում դոշաբ պատրաստել կամ մասնակցել խաղողի հավաքին:

Օրինակ՝ նախորդ տարի իսրայելցի զբոսաշրջիկներն ինձ հետ խաղող են քաղել, բերել ենք ու միասին էլ ճմռել»,- ասում է Քալաշյանը:


Լավաշը ևս տարածքում են թխում: Եթե այցելուն ցանկություն ունի, կարող է հենց ինքը լավաշը թխել: Երբ անցնում էինք թոնրատան կողքով, Անուշավանը ցույց տվեց պատուհանի ապակու վրայի նկարը և ասաց. «Սա տատիս նկարն է, 76 տարեկան հասակում դեռ լավաշ էր թխում»:

Տարածքում նաև կաթնամթերք են մշակում՝ խնոցու թան, կարագ, թթվասեր, յուղ: Կաթը գնում են աշխատակիցներից կամ վերջիններիս հարևաններից: Մթերում են համեմատաբար բարձր գնով՝ տարվա բոլոր սեզոններին 200 դրամով: Անուշավանը նշում է, թե չի ուզում գյուղացուն նեղացնել, էժան մթերել, փոխարենը իրեն լավ որակի կաթ են տալիս: Անուշավանի խոսքով՝ բացի այն, որ իր աշխատողները կայուն աշխատանք ունեն, կարողանում են զարգացնել իրենց տնտեսությունները: Օրինակ, այն մարդը, ումից մշտական կաթ է մթերում, մեծացրել է տնտեսությունը. 3 կով ուներ, այժմ  կովերի թիվը հասցրել է 7-ի, ձեռք է բերել նաև կով կթելու սարք, որպեսզի ավելի մաքուր լինի կաթը: Անուշավանը սկսել է մթերել այծի կաթ, որից պանիր են պատրաստում:

Անուշավանը նաև նախատեսում է հյուրատուն կառուցել, որի տակ կլինի գինու մառան: Որոշել է հյուրատունը կառուցել հայկական ճարտարապետական լուծումներով, օրինակ՝ զարդանախշ փայտե պատշգամբներով: Ասում է, որ արտասահմանցի զբոսաշրջիկները հոգնել են քաղաքային կյանքից և նախընտրում են տեսնել գյուղն ու գյուղական միջավայրը, ապրել ոչ թե թանկարժեք հյուրանոցներում, այլ պարզ ու հարմարավետ լուծումներով հյուրատներում, ապրել գյուղացու հետ, նույն միջավայրում:

Գյուղական միջավայր ներկայացնող «Մեր հայաթ»-ի հարևանությամբ գործում է նաև Անուշավանի արագ սննդի կետը: Ասում է, որ արմավիրցին չի սիրում ընտանիքով գնալ մի տեղ, օրինակ՝ գինի խմելու: Հիմնականում խմբերով գալիս են տղամարդիկ, իսկ ինքը նրանց առաջարկում է ոչ թե «Մեր հայաթը»-ը, այլ արագ սննդի կետը: «Թույլ չեմ տա, որ տարածքը վերածեն կերուխումի վայրի, սարքեն փաբ կամ նմանատիպ մի բան: Եթե ուզում են ուղղակի հաց ուտել ու խմել, արագ սննդի կետը հենց դրա համար է»,- նշում է Անուշավանը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS