Արտակարգ դեպք Երևանում. տաքսու վարորդին սպանել են մեքենայի մեջ ծխելը արգելելու համար

Երեւանում  դաժան սպանություն է տեղի ունեցել։ Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ երկու երիտասարդներ դաժանաբար սպանել են մի տղամարդու, ով արգելել է նրանց ծխել մեքենայում։ Դեպքը տեղի է ունեցել Էրեբունի վարչական շրջանում։

Մեզ հայտնի դարձավ, որ սպանված տղամարդը վարչական շրջանում տաքսի մեքենա է վարել, երբ հիշյալ երիտասարդները ուշ ժամի իրենց կանանց հետ նստել են տվյալ մեքենան, եւ ընթացքում որոշել ծխել։ Վարորդը խնդրել է չծխել, ինչից հետո երիտասարդները բավականին ագրեսիվ տոնով սկսել են արձագանքել, թե իրենց չպետք է ասեն ինչ անեն։

Այս ամենից հետո վարորդը հետ է վերադարձել նույն այն տեղը, որտեղից նստել են երիտասարդները, ասելով, որ չի սպասարկելու նրանց։ Այս հանգամանքը ավելի է զայրացրել ընկերներին, ովքեր իրենց կանանց ճանապարհելուց հետո վերադարձել են Էրեբունի վարչական շրջան եւ դարձյալ վեճի բռնվել տաքսու վարորդի հետ։


Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ երիտասարդները դանակի մի քանի հարված են հասցրել տաքսու վարորդին, ով հիվանդանոցում մահացել է։

Վիճաբանությունը փորձել է կանխել մեկ այլ քաղաքացի, ով եւս դանակի հարվածներ է ստացել։

Երիտասարդները դեպքի վայրից դիմել են փախուստի։

ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ հունիսի 10-ին, ժամը 13:05-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել այն մասին, որ կտրած- ծակած վերք ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1995  եւ 1963 թվականին ծնված տղամարդիկ։

Երիտասարդը հայտնել է, որ Տիգրան Մեծ պողոտայի 59 հասցեի մոտ իրենց դանակահարել են։ Նույն օրը հիվանդանոցից ստացվել է երկրորդ ահազանգը, որ 1963 թվականին ծնված տղամարդը մահացել է։ Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

Աղբյուրը՝ Irakanum.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS