Բանը կհասնի՞ Աղվան Հովսեփյանին. Նա կհայտնվի արդյո՞ք Ճաղերի հետևում

Ուզբեկստանի նախկին գլխավոր դատախազ Ռաշիդջոն Քոդիրովը կոռուպցիայի մեղադրանքով օրերս դատապարտվել է տասը տարվա ազատազրկման:
Մայրաքաղաք Տաշքենդի դատարանը Քոդիրովին մեղավոր է ճանաչել կաշառք վերցնելու, գումարներ շորթելու, հարկերից խուսափելու, արդարադատությունը խոչընդոտելու և փողի լվացման համար: Նա ձերբակալվել է ի շարս այլ պաշտոնյաների, ովքեր առնչություն են ունեցել հանգուցյալ նախագահ Իսլամ Քարիմովի դստեր՝ Գյուլնարա Քարիմովայի նկատմամբ հարուցված քրեական գործի հետ:
Գյուլնարա Քարիմովան 2014 թվականին՝ դեռ իր հոր նախագահւթյան օրոք է հայտնվել տնային կալանքի պայմաններում: Քոդիրովն այդ ժամանակաշրջանում է զբաղեցրել Ուզբեկստանի գլխավոր դատախազի պաշտոնը:

Ուզբեկստանի այսօրվա իշխանությունն ամենևին էլ դեմոկրատական չէ, այնուամենյանիվ՝ մի փոքր ավելի բաց ավտորտար համակարգ է ու ցանկանում է սահմանազատվել Քադիրովի արյունոտ ռեժիմից։ Ու դրա համար՝ ընտրվել է միանգամայն ճիշտ թիրախ, որովհետև ավտորիտար ռեժիմների համար դատախազությունը կատարում է անգնահատելի «առաքելություն»։ Դա այն կարևոր օղակն է, որի միջոցով «օրինականացվում» են համատարած թալանը, կոռուպցիան, անգամ՝ սպանությունները, միևնույն ժամանակ՝ «լռեցվում» են ռեժիմներին քննադատող ընդդիմադիր բերանները՝ բանտարկությունների ու աղմկոտ սպանություններ կոծկելու միջոցով։
Հայաստանում հեղափոխությունը հաղթել է մեկ տարուց ավելի, այս ընթացքում երեք անգամ կալանավորվել է նախկին նախագահներից մեկը, քրեական մեղադրանքներ են առաջադրվել մեկ այլ նախագահի մերջավոր շրջապատի բազմաթիվ անձանց, նախկին վարչապետներից մեկը սկանդալային յուրացումների գործով հիմնական ֆիգուրանտ է, ու այս ցանկը կարելի է անվերջ շարունակել։
Ի վերջո՝ ամենակարևորը, փոխվել է՝ 180 աստիճանով, Մարտի 1-ի գործի տրամաբանությունը, սակայն իրավապահների ձեռքերն այդպես էլ չեն հասնում Աղվան Հովսեփյանին, որը գլխավոր դատախազ է աշխատել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նախագահությունների շրջանում, իսկ իր կարիերան ավարտել է Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտնում։

Աղվան Հովսեփյանը քերաօլիգարխիկ համակարգի իրական խորհրդանիշ է, բազմաթիվ արյունոտ հանցագործությունների կոծկման ու ընդդիմադիր գործիչների դեմ սանձազերծված պատժիչ կամպանիայի հիմնական «ճարտարապետը»։ Եթե նա անպատիժ է, ապա առնվազն լեգիտիմության պակաս ունեն վերաբացված բոլոր գործերը, էլ չեմ ասում այն մասին, որ հնարավոր չէ համապարփակ իրավա-քաղաքական գնահատական տալ նախկին համակարգին ու նրա գործունեությանը։

Եթե հեղափոխության կառավարության փոխվարչապետը մայիսի 28-ին Աղվան Գառնիկիչի հետ Ապարանում մասնակցում է «ուտուշ-խմուշի», ապա տեսականորեն հնարավոր է նաև հեղափոխության ու քրեօլիգարխիայի «ամուսնությունը»։

Նույն տրամաբանությամբ՝ հնարավոր չէ խոսել Մարտի 1-ի լիակատար բացահայտման մասին, քանի դեռ գործը կանխամտածված կերպով այլ հունի վրա դրած, այլ խոսքով՝ Սերժ Սարգսյանի ու Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ հանցագործություն կատարած Վահագն Հարությունյանը կալանավորված չէ։

Տրամաբանական է՝ նախ, քրեաիրավական գնահատական տալ Մարտի 1-ի գործի նախորդ քննությանը, որպեսզի օբյեկտիվորեն հնարավոր լինի վարել նորը՝ ձերբազատված կեղծիքներից ու ուղղորդումներից, նաև՝ շահարկումներից։

Ավտորիտար Ուզբեկստանում դա հասկացել են, հեղափոխական Հայաստանում դեռևս «վայելում» ենք Աղվան Հովսեփյանի ազատությունը, իսկ Վահագն Հարությունյանն «ապահով» հետախուզվում է՝ պատսպարվելով Ռուսաստանում, դառնալով հայ-ռուսական «փայլուն» հարաբերությունենրի կենդանի խորհրդանիշը։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS