Բացահայտվում են Հոկտեմբերի 27-ի մասնակիցները․ գործընթացը սկսված է

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո որոշակի ուժեր միտումնավոր շրջանառության մեջ են դնում զանազան ասեկոսեներ, ալիբիներ, «արժանահավատ վարկածներ», որոնց նպատակը հանրային կարծիքի ապակողմնորոշումն է, տեղեկատվական քաոսը ու այդ համատեքստում երկրորդ նախագահին «մաքրելը։ Օրինակ՝ երբ Մարտի 1-ի գործում այս օրերին բարձրացվում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխանատվության խնդիրը, ապա հասկանում ես, որ մարդկանց «փորացավը» ոչ թե հանցագործության օբյեկտիվ ու բազմակողմանի քննությունն է՝ ինչպես ներկայացվում է, այլ Մարտի 1-ի համատեքստում առաջին ու երկրորդ նախագահներին նույն նժարի վրա դնելը։ Կամ երբ Քոչարյանի կալանավորման համատեքստում առաջ են բերվում մտահոգություններ Արցախի խնդրի հետ կապված, դա ուղղակի քաղաքական ցինիզմ է, որը նույնիսկ մեկնաբանության կամ քննարկումների կարիք չունի (այդ խնդրին «Առաջին լրատվական»-ը երեկ հանգամանալից անդրադարձել է)։

Նույն լրատվական և քարոզչական հնարքները գործի էին դրվել Հոկտեմբերի 27-ից հետո։ Ոճրագործությունից հետո՝ առ այսօր, հիմնական վարկածն այն է, որ խորհրդարանում ահաբեկչական ակտը կազմակերպվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Տարիների ընթացքում այս վարկածը միայն ամրապնդվեց, որովհետև Ռոբերտ Քոչարյանը դարձավ Հոկտեմբերի 27-ի հիմնական շահառուներից մեկը՝ իր ձեռքում կենտրոնացնելով իշխանությունը, և երկրի տոտալ թալանի միջոցով դառնալով փաստացի դոլարային միլիարդատեր։ Հետո, իհարկե, Քոչարյանի վարկածը լրացվեց, այսպես կոչված, ռուսական հետքով՝ հատկապես այն բանից հետո, երբ Լոնդոնում ավելի ուշ սպանված ռուսաստանցի հետախույզ Ալեքսանդր Լիտվինենկոն բացահայտորեն հայտարարեց, որ Հոկտեմբերի 27-ը կազմակերպել են ռուսական հատուկ ծառայությունները։

Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը՝ իրեն սպասարկող քարոզչական միջոցներով, տարիներ շարունակ հետևողականորեն փորձել է «ջրել» Հոկտեմբերի 27-ի հիմնական, արժանահավատ վարկածը՝ շրջանառու դարձնելով մանիպուլյատիվ անհեթեթ վարկածներ, որոնք դրանց հեղինակները փորձել են նույնքան ծանրակշիռ դարձնել՝ ինչպիսին չհերքված, բազմաթիվ հանգամանքներով հաստատված հիմնական վարկածն է։ Օրինակ՝ ասում էին, թե Հոկտեմբերի 27-ը կազմակերպել են ամերիկացիները, որովհետև Հայաստանում է գտնվել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Սթրոփ Թէլբոթը։ Դե, մասոնական կամ թուրքական հետքերը մեր գավառամիտ էլիտայի զինանոցի «մշտական» վարկածներն են, որոնք «ուտվում» են հասարակության լյումպեն շերտերի կողմից։ Ռոբերտ Քոչարյանի ու նրա շրջապատի սրբապղծությունը հասավ այնտեղ, որ Վազգեն Սարգսյանի սպանության մեջ անգամ կասկածվեցին նրա շրջապատը կամ ՀՀՇ-ն։ Կրկնում ենք՝ պաշտոնական պրոպագանդան ու ռուսական քարոզչամեքենան տարածում էին հաճախ անհեթեթ վարկածներ, միայն թե ստեղծվի վերահսկելի տեղեկատվական քաոս, և Քոչարյանի ու Մոսկվայի վրայից «մաքրվի» Հոկտեմբերի 27-ի կազմակերպման արժանահավատ մեղադրանքը։ Հիմա նույնը փորձում են անել Մարտի 1-ի գործով։

Սակայն ընթերցողի ուշադրությունը ուզում ենք հրավիրել շատ ավելի էական մի հանգամանքի վրա։ Ուշադրություն դարձրեք, թե Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո ովքե՞ր են հանդես գալիս նրան զորակցող հայտարարություններով․ ՀՀԿ, ՀՅԴ, Վազգեն Մանուկյան․․․

Ինչ եք կարծում՝ սա պատահականությո՞ւն է, արդյո՞ք Վազգեն Մանուկյանին կամ ՀՅԴ-ին այդքան հուզում է Ռոբերտ Քոչարյանի ճակատագիրը կամ Մարտի 1-ի համակողմանի բացահայտման անհրաժեշտությունը։ Բնականաբար՝ ոչ, այս քաղաքական ուժերին ու մարդկանց մտահոգում է ավելի վտանգավոր մի հեռանկար․նրանք համարում են, որ կալանավորված Ռոբերտ Քոչարյանը այն բանալին է, որը կարող է տանել Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտմանը, իսկ այդ պարագայում կարող է բացվել նրանցից յուրաքանչյուրի առնվազն քաղաքական, իսկ գուցե նաև իրավական պատասխանատվության խնդիրը։

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը դարձել է հետաքրքիր ինդիկատոր, որը բացահայտում է ոչ միայն Մարտի 1-ի գործը՝ ըստ էության, այլ նաև Հոկտեմբերի 27-ի ոճրագործության շահառուների ցանկը։ Հերթով «պայթում» են ականները՝ բացահայտելով, թե 1999-ի հեկտեմբերի 27-ին ովքեր են եղել Ռոբերտ Քոչարյանի և ռուսական հատուկ ծառայությունների արյունոտ ոճիրի հանցակիցները։ Այս օրերին բացահայտվում են հենց Հոկտեմբերի 27-ի գործով Ռոբերտ Քոչարյանի հանցակիցները, այս գործով ապագա կասկածյալներն ու մեղադրյալները։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS