Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը քվեարկությունից հետո գնաց 29/07 ընտրատեղամաս, որտեղից ահազանգ էր եղել։
Ահազանգն այն մասին էր, որ հանձնաժողովի անդամ Վեներա Գյուլինյանի մոտ ընտրողների ցուցակ կա՝ անուն-ազգաններով։ Մարզպետը նկարեց ցուցակը՝ հայտարարելով, որ սա հին քաղաքական մշակույթի հետևանք է։
Այնուհետև նա ցուցում տվեց հանձնաժողովի նախագահին, որպեսզի վերջինս հաղորդում տա ոստիկանություն։
«Ես շատ լավ ճանաչում եմ այդ տիկնոջը, ավելին ասեմ՝ ինքը «Գագիկ Ծառուկյան ուսանողական բարեգործական հիմնադրամի» աշխատակից է, նստավայրը՝ Աբովյանի քաղաքապետարան։ Ես շատ լավ գիտեմ, որ ինքը նման բաներով է զբաղվում, բազմիցս ահազանգել են նաև ոստիկանություն»,- ասաց նա։
Հանձնաժողովի անդամներից մեկը մարզպետին հարցրեց՝ ի՞նչ իրավունքով է նա հետ եկել տեղամաս ու նկարել ցուցակը։
Մարզպետն էլ արձագանքեց․ «Կարող եք արձանագրել, եթե իրավունք է խախտվել»։
Հանձնաժողովի անդամն էլ պատասխանեց, թե շատ լավ ճանաչում է և Վեներա Գյուլինյանին և մարզպետին ու թիմին, և մարզպետի վարքն արձանագրելու է որպես ընտրախախտում։
Վեներա Գյուլինյանն էլ լրագրողների հետ զրույցում շեշտեց, թե սա նախորդ ընտրություններից մնացած ցուցակ է։
«Սա ուղեցույցի մեջ դրված է եղել նախկինից: Նախորդից էր դրված, քանի որ ես նաև շենքի լիազոր եմ։ Այդ շենքի բնակիչները նույնիսկ այստեղ չեն ընտրում»,- պարզաբանեց Գյուլինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։