ՀՀԿ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի եւ որդու՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նկատմամբ ներկայում քրեական գործ է հարուցված յուրացումների ու գողության համար: Այս գործում ներգրավվելու է նաեւ նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը: Այսինքն, Մանվել Գրիգորյանն իր գործերին ներգրավել է ընտանիքի անդամներին, երեւի որպեսզի ուրիշներին փայ չհասնի:
Հիշվում է՝ երբ ԱԺ ընտրություններից հետո ՀՀԿ մեկ այլ գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը էջմիածինցի ուսանողների համար անվճար ավտոբուս էր հատկացրել, Մանվել Գրիգորյանը դժգոհել ու նեղացել էր նրանից, պատճառաբանելով, թե Սեյրան Սարոյանը սովի է մատնում իր երեխաներին: Բանն այն է, որ Էջմիածին-Երեւան գիծը պատկանում էր նրա ընտանիքին: Այս օրինակը լավագույնս ցույց է տալիս Մանվելի ագահության աստիճանը:
Օրերս FACT TV (First AntiCorruption TV, առաջին հակակոռուպցիոն ալիք) հրապարակեց հետաքննություն, որը վերնագրված է՝ «Ավելի լավ Երևան․ Տարոն Մարգարյանը, շրջապատը, դղյակներն ու միլիոնները»: Դրանում պատմվում է Տարոն Մարգարյանի եւ նրա մոր անունով գրանցված սեփականության մասին: Դրանց ընդհանուր արժեքը միլիոնավոր դոլարների է հասնում: Գեներալ Մանվելն ու Տարոն Մարգարյանը «տուն պահող տղամարդու» տիպիկ կերպարներ են: Այս էթնո-կրիմինալ կենսափիլիսոփայությունն արդարացնում է ամեն ինչ, տղամարդը պետք է թալանի, քերի, կրի տուն՝ յոթ կամ ավելի պորտը ապահովելու համար: Գողանա պետությունից, հանրությունից:
Եվ չի բացառվում, որ նրանք ներկայում զարմանում են նույնիսկ մեղադրանքների համար՝ չէ՞ որ ինչ արել են՝ երեխեքի համար են արել, սուրբ օջախի համար են արել:
Մանվելը սկսեց Հադրութի գյուղերից, երբ նրա համհարզները հավ ու անասուն էին գողանում հայ գյուղացիներից: Հետո, երբ հայկական բանակն ազատագրում էր հայկական տարածքները, թալանի մասշտաբն ավելի մեծացավ՝ հարավի հարուստ ենթակառուցվածքները կրելու համար դրվեցին շլագբաումներ, բանակի մեքենաներով դրանք ապահով Էջմիածին հասցնելու համար:
Հետագայում այս նախնական կապիտալը բազմապատկվեց՝ վերածվելով ԱԺ մանդատի ու պետական այլ պաշտոնների, պետական գնումների ահռելի մասնաբաժնի, դղյակների եւ այլն: Գողությունն ու թալանը շարունակվում էր անզուսպ չափերով, որի մի մասն արդեն բացահայտել են իրավապահները:
Իսկ Տարոնի նախնական կապիտալը սկսեց տարիներ առաջ, նրա վարչապետ հորից, երբ լրագրողները նրան հարցրել էին, թե որտեղից այդքան անշարժ գույք այդ թվում Երեւանի կենտրոնում, Անդրանիկ Մարգարյանն ասել էր, թե հարսն է օժիտ բերել:
Տարոն Մարգարյանը հետո մեծացավ, դարձավ Երեւանի քաղաքապետ, նրա գործունեությունը կոռուպցիայի անզուսպ դրսեւորում է՝ ատկատներ, հիմնադրամներ, տեխզննումների քվոտաներ եւ այլն: Նա բազմապատկել է «հարսի օժիտը», վերածել դղյակների ու ահռելի գումարների: Եվ հիմա նա եւ իր մայրը, գուցե նաեւ աներձագը պետք է պատասխանեն, թե որտեղից այդքան սեփականություն:
Մանվելի ու Տարոնի գերդաստանների ողբերգությունը «հայկական սուրբ օջախ» էթնո-կրիմինալ երեւույթի տրամաբանական ավարտն է: Դրա տակ արդարացվել է ամեն ինչ, եւ զուր չէ, որ քրեականացված օլիգարխիկ համակարգը արժեքային դեգրադացիային ուղղված նպատակային քաղաքականության հիմքում դրել էր օջախի ալիբին: Դա հակապետական, հակահանրային երեւույթ ու գործունեություն է, եւ ներկայիս զարգացումները հույս են ներշնչում, որ արմատախիլ կարվի ոչ միայն կոռուպցիան, այլեւ դրա արժեքային հիմքը, որոնցից առաջնայինն էթնիկ խեղված պատկերացումներն են մարդկային արժանապատվության, հանրային-պետական պատասխանատվության եւ այլնի մասին: