«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ բժշկական տնօրեն, Մ․ Հերացու անվան ԵՊԲՀ-ի վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Խաչատուր Բադալյանը, 1994թ․ ավարտելով Երևանի բժշկական համալսարանը, մեկնել է Մոսկվա, սովորել և աշխատել է օնկոլոգիայի ինստիտուտում, պաշտպանել թեկնածուական, այնուհետև՝ դոկտորական թեզ։
24 տարի Մոսկվայում ապրելուց և աշխատելուց հետո նա այս տարվա ապրիլին վերադարձել է Հայաստան։
Ասում է՝ միշտ էլ փայփայել է վերադառնալու միտքը, քանի որ վիրահատությունների համար ժամանակ առ ժամանակ իրեն հրավիրել են Հայաստան։ Սակայն վերջնական որոշում կայացրել է հեղափոխությունից հետո։
Հայաստան է եկել ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանի հրավերով։ «Մինչև այդ իրավիճակը հիասթափեցնող էր, երբ ես տեսնում էի, որ Հայաստանի ապագայի, զարգացման հետ կապված առանձնապես հույս չկար։ Երբ տեսա փոփոխությունները, հասկացա, որ իմ վերադառնալու ժամանակն է»,- ասում է Բադալյանը։
Մեր զրուցակիցը բարդ վիրահատություններից հետո սիրում է զբաղվել սպորտով, Մոսկվայում մասնակցել է աշխարհի առաջնությանը՝ ֆուտբոլի բժշկական հավաքականների և Ռուսաստանի հավաքականի կազմում ֆուտբոլի կրկնակի չեմպիոն է։ Զբաղվում է նաև արևելյան մարզաձևերով։ Մեզ հետ զրույցում ասում է, որ չի կարող իրեն լիարժեք զգալ, եթե 10 ժամ տևող վիրահատությունից հետո չզբաղվի սպորտով։
Վիրահատում է անհույս հիվանդների, երբ այլ բժիշկներ հրաժարվում են վիրահատել։ Հիշում է․ «Եղել է դեպք, որ հրավիրել են մի հիվանդի համար, այլ հիվանդանոցներում՝ Մասիվի հիվանդանոցում, «Իզմիրլյան» ԲԿ-ում, օնկոլոգիայի ինստիտուտում, մասնագետներն իմացել են, հրավիրել այլ հիվանդների մոտ։
Եղել են անհույս վիճակում գտնվող հիվանդներ՝ լյարդի, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հետ կապված, և շատ ուրախ եմ, որ այդ մարդիկ հետագայում շարունակել են ապրել լիարժեք կյանքով»։
Վիճակագրական տարբեր տվյալներով՝ Հայաստանը քաղցկեղով հիվանդացության, մահացությունների թվով անմխիթար վիճակում է։
«Քաղցկեղը, ցավոք սրտի, շատ մեծ աճ է ապրում։ Դրա պատճառները տարբեր են․ ե՛ւ կենսաբանական թափոններն են շատ մթնոլորտում, ե՛ւ կյանքի որակը, ե՛ւ ծխելը, ազբեստի ներկայությունը։ Գլխավոր ճարտարապետը վերջերս նշեց, որ Հայաստանում շատ է ազբեստը, որի՝ օդում բարձր պարունակության պատճառով թոքերում առաջանում է ուռուցք։ Իսկ ծխելու պատճառով միզապարկի ուռուցքն ավելի տարածված է տղամարդկանց շրջանում, քան կանանց։
Կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղի տարածումը պայմանավորված է ուշ հայտնաբերմամբ։ Շատերը մեկնում են արտերկիր՝ բուժման նպատակով, բայց ես չէի ասի, թե այնտեղ լիարժեք բուժում են քաղցկեղը։ Արտերկրում կա ժամանակակից մեթոդոլոգիա, փորձ, որը կիրառելով՝ ստանում են ավելի լավ արդյունքներ։
Հայաստանում շատ ցածր է քաղցկեղն առաջին փուլում հայտնաբերելու արդյունավետությունը։ Կան կազմակերպչական շատ հարցեր, երբ կատարում են հետազոտություններ և հայտնաբերում ուռուցքը։
Մոսկվայում բժշկական ոլորտում բարեփոխումներն ուղղված են առաջին փուլում հիվանդությունը հայտնաբերելուն, որովհետև եթե մարդիկ չեն հետազոտվում, ապա հետագայում հայտնաբերված հիվանդությունն առաջացնում է լուրջ բարդություններ։ Հայաստանում ուշ են հետազոտվում, այդ պատճառով էլ գերակշռող են երրորդ և չորրորդ փուլերում հայտնաբերված ուռուցքները։
Հասկանում եմ, որ հատկապես մարզերում քիչ են հետազոտությունների հնարավորությունները, շատ ցածր մակարդակ ունեն, սակայն ճիշտ կառավարման դեպքում կարելի է հասնել լավ արդյունքների։ Մոսկվայում աշխատելու ընթացքում ես տեսել եմ, թե ինչ արդյունքների կարելի է հասնել բժշկական հետազոտությունը ճիշտ կազմակերպելու շնորհիվ։
Արտերկրում շատ են հայ բժիշկները, որոնք ունեն մեծ պոտենցիալ, և եթե այդ պոտենցիալն օգտագործվի, ապա Հայաստանի բժշկությունը կարելի է հասցնել այլ մակարդակի»,- կարծում է Խաչատուր Բադալյանը։
Իր պրակտիկայից ելնելով՝ նա ասում է, որ բժշկության մեջ այսօր կիրառվում է բազմապրոֆիլ բուժումը, երբ բուժումը կազմակերպվում է քիմիաթերապիայի, իմունոթերապիայի, վիրաբուժության, հորմոնալ թերապիայի և այլ միջոցներով, ու դա կարող է արդյունք տալ։
«Ես ունեմ հիվանդներ, որոնք ոտքի են կանգնել չորրորդ փուլում բուժումից հետո։ Մինչև հիմա շատ բժիշկներ կարծում են, որ չի կարելի ուռուցքից կամ գոյացությունից վերցնել պունկցիա, քանի որ այն կարող է առաջացնել գրգռվածություն։ Լինում են դեպքեր, երբ ես առաջարկում եմ պունկցիա, հիվանդները հակաճառում են, թե կարող է դրանից արյունահոսություն առաջանալ։
Իսկ երբ սպասում ենք, որ ուռուցքը մեծանա, այն ժամանակ հայտնվում ենք ծանր վիճակում։ Մենք ախտորոշման հարցում ունենք բաց տեղեր»,- ասում է բժիշկը՝ հավելելով, որ քաղցկեղով հիվանդ մարդիկ ախտորոշվելու և բուժվելու հնարավորություն պետք է ունենան ամբողջ հանրապետությունում, ոչ թե միայն Երևանում։
Քաղցկեղ ունեցող հիվանդները հաճախ մեկնում են Իսրայել։ Մեր զրուցակիցը նկատում է, որ Իսրայելում զարգացած է բժշկական տուրիզմը, որովհետև պետական մակարդակով աջակցում են այդ ոլորտին։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Բադալյանը մեզ մոտ չի տեսնում պետական մակարդակով աջակցություն։
Կարծում է, որ արտասահմանի փորձը տվել է ռեալ արդյունք, և այն ներդնելով մեր երկրում՝ կարող ենք պետական և ոչ պետական բուժհաստատություններից պահանջել նվազագույն ստանդարտներ, որոնց բոլորը կարող են հետևել։
«Եթե ունենանք ստանդարտներ, ապա դրանք կհեշտացնեն թե՛ բուժաշխատողների, թե՛ հիվանդների գործը։ Քանի որ չկան այդ ստանդարտները, հիվանդները գալիս են իրենց բողոքներով, և բժիշկը միշտ մեղավոր է դուրս գալիս։ Եթե մենք ունենանք կենտրոններ, որտեղ կկենտրոնանանք՝ ըստ մասնագիտական ուղղությունների, ապա հիվանդները չեն գնա արտերկիր, և մենք նրանց կբուժենք այստեղ։
Մասնավորապես դա վերաբերում է լյարդի հիվանդություններին։ Լյարդի խնդիրները միշտ էլ Հայաստանում մնում են բաց, երբ հիվանդը տառապում է լյարդի ցիրոզով, չի իմանում, թե ինչպես վարվի։ Եթե մենք կարողանանք ստեղծել կենտրոն լյարդի հիվանդությունների և փոխպատվաստման համար, կարծում եմ, դա կլինի առաջադեմ քայլ, և հնարավոր կլինի բժշկական տուրիզմն ուղղել դեպի Հայաստան»,- նշում է մեր զրուցակիցը։
Մեկ այլ՝ կարևոր հարց էլ է նա արծարծում․ «Պետպատվեր հասկացությունը գործում է միայն Ֆանարջյանի ինստիտուտում, դեպք է եղել՝ եկել է հիվանդը, մերժվել է Ֆանարջյանում, տեսել եմ, որ նրան հնարավոր է բուժել, բայց պետպատվերը չի գործում մեր ինստիտուտում։ Դուրս է գալիս, որ հիվանդը հայտնվել է մի սահմանափակման մեջ։ Պետությունը պետք է այս առումով կարգավորող դեր խաղա։
Մոսկվայում, օրինակ, կա գլխավոր օնկոլոգ, որը ճիշտ է կազմակերպում աշխատանքը։ Մեր երկրում միայն Երևանում, մի քիչ էլ մեծ քաղաքներում է քաղցկեղով բուժումը կազմակերպվում, իսկ շրջաններում՝ ոչ։
Շատ թույլ է արտահայտված նաև ասոցիացիաների դերը։ Ասոցիացիան, մինչդեռ, կարող է մեծ դեր խաղալ։ Երբ լինում են բարդություններ, մահացության դեպքեր, ապա ասոցիացիան շատ խիստ քննադատում, որոշում է, թե որտեղ կան թույլ կետեր։
Բժշկական ասոցիացիան պետք է լինի ռեալ մարմին, որն ապահովում է պրոֆեսիոնալ մակարդակ։ Եվ եթե մի հիվանդանոցում կատարվել է սխալ բուժում, ապա դա պետք է քննարկվի ասոցիացիայի մակարդակով և հասնի ընդհուպ նրան, որ այդ հիվանդանոցին զրկեն բժշկական լիցենզիայից»։