8 տարի առաջ մահացած զինծառայողի մայրը մանրամասնում է 8 տարի առաջ Հադրութի զորամասերից մեկում մահացած ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանի գործը վերաբացվել է:
Այս մասին Primenews.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արթուր Ղազարյանի մայրը` Իրինա Ղազարյանը: «Տղայիս վրա հող չեմ լցրել ու չեմ լցնելու մինչև Ջհանգիրյան Մարտինը չպատժվի: Գերեզմանը տան նման եմ սարքել՝ մի գրամ հող չկա վրան: Երբ ուզեմ դագաղը դուրս կբերեմ: Չեմ հանգստտանա երբեք: Երեք որդի եմ ունեցել, բայց Արթուրիս ցավը ուրիշ էր…հիմա էլ մեծ հույս չունեմ, բայց չեմ լռելու ու գիտեմ, որ ամեն բան բացահայտվելու է»,-հուզվեց Իրինա Ղազարյանը:
«Տղուս գործը կարճեցին ու տարիներ շարունակ բողոքում էի, որ գործը վերաբացվի: Բադալյան Յուրան վրաս մատ էր թափ տալիս` ես հոկտեմբերի 27-ն եմ կարճել…Ես չլռեցի, որովհետև Արթուրի մաման եմ ու գրեցի Կոստանյանին` իմ տղային սպանել են, իմ տղան հիվանդ չէր, կան նկարներ ու փաստեր:
Տարիներ շարունակ բոլորի դիմեցի, բոլոր երկրի այդ պահի տերերին: Նիկոլ Փաշինյանին էլ Ազգային ժողովից գիտեի ու ինքն էլ մեր գործի մասին: Վարչապետ դառնալուց հետո Կառավարության առաջին նիստի օրը մոտեցավ մեզ`նստեցինք, խոսեցինք: Ես ասեցի, որ ուզում եմ իմ որդու գործը կարճումից դուրս գա, ինքն ասեց՝ կարճումից դուրս կգա եւ ամեն ինչ կբացահայտվի: Այդպես էլ եղավ. գործը վերաբացվեց, նոր քննություն է գնում»,- մանրամասնեց Արթուր Ղազարյանի մայրը:
Իրինա Ղազարյանը նկատեց, որ առանձնապես մեծ հույսեր չունի: Հուսահատված է՝ հնարավոր չէ հասնել գործի ամբողջական բացահայտման, քանի դեռ համակարգը նույնն է մնացել: «Անցած երկուշաբթի քննիչի մոտ գնալով՝ հասկացա, որ իմ որդու գործով զբաղվում են բոլոր այն քննիչները, որոնք ամեն ինչ արել են գործը փակելու համար:Ես երբեք չեմ հաշտվի անարդարության հետ: Համակարգը դեռ չի փոխվել, ես էլ չեմ փոխվել ու պահանջում եմ Արթուրիս բուշլաթի վրայի հետքերը նորից ուսումնասիրեն: Տղայիս գլխին հարվածել են բութ գործիքով, սպանել են: Իմ երեխեն հիվանդ չի եղել….»,- նշեց Իրինա Ղազարյանը հավելելով, որ գործով քննիչ է նշանակվել Արկադի Գաբրիելյանը, իսկ դատախազը` Արշակ Մարտիրոսյանն է:
Նշենք, որ Արթուր Ղազարյանը մահացել է 2010թ. դեկտեմբերի 17-ին Հադրութի զորամասերից մեկում: Ծնողները չեն ընդունում որդու մահվան պաշտոնական վարկածը, ըստ որի՝ նրա գլխում չարորակ ուռուցք է հայտնաբերվել: Ծնողները պնդում են, որ իրենց որդին սպանվել է զորամասում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով: Մայրը՝ Իրինա Ղազարյանը վստահ է, որ տղային սպանել է հրամանատարը: Նա տարիներ շարունակ պայքարում է արդարությունը բացահայտելու համար։
Աղբյուր՝ Primenews.am