«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը գրություն է ստացել ՀՀ գլխավոր դատախազից, որում ասվում է, որ կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի գործով մեղադրող դատախազ Բագրատ Ղազինյանը նախազգուշացվել է «հետագա աշխատանքային գործունեության ընթացքում դատավարության մասնակիցների հետ շփումներում ցուցաբերել առավել զսպվածություն և հավասարակշիռ վարքագիծ»։
Նախազգուշացման առիթը Մարինա Պողոսյանի դիմումն էր, որով նա ներկայացրել էր դատավարության ընդմիջման ընթացքում դատախազի վերաբերմունքը նիստին ներկա լրագրողների հանդեպ։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում տեղի ունեցող դատական նիստերը սովորաբար անցնում էին թեժ մթնոլորտում։ Վերջին նիստերից մեկի ժամանակ, սակայն, միջավայրն այնքան շիկացավ, որ դատախազ Ղազինյանը սկսեց սպառնալից տոնով խոսել լրագրողների հետ, մի բան, որ նախկինում դատախազի վարքագծում չէր նկատվում։
Նիստի ընթացքում դատավարության կողմերը պարբերաբար դատավորին դիմում էին մյուս կողմին կարգի հրավիրելու պահանջով։ Դատական նիստի ընդմիջման ժամանակ կարճատև վեճ եղավ մեղադրող դատախազ Բագրատ Ղազինյանի և մեղադրյալ Մարինա Պողոսյանի միջև։ Նիստին ներկա էին նաև իրավապաշտպաններ և լրագրողներ, որոնք նկարահանում էին դատական նիստը։
Դատախազ Ղազինյանը, նայելով լրագրողների կողմը, նախ հարցրեց. «Ես ձեզ թո՞ւյլ եմ տվել, որ դատական նիստից դուրս ինձ նկարահանեք»։ Իսկ երբ լրագրողը պատասխանեց, որ այդ պահին չէր տեսագրում, դատախազը սպառնալից տոնայնությամբ հայտարարեց. «Աստված չանի, որ այս խոսակցությունը հայտնվի ինտերնետում»։ Դատախազը նկատի ուներ համացանցում հրապարակվելը։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը տեղում արձագանքեց՝ նշելով, որ դատախազն իրավունք չունի սպառնալու լրագրողին, ինչին դատախազ Ղազինյանն ասաց, որ իրենք իրավական արձագանք կտան, եթե այդ տեսանյութը հրապարակվի։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն էլ անմիջապես հայտարարեց, որ այդ տեսանյութը հրապարակվելու է իրենց կազմակերպության կայքում, և իրենք անհամբեր կսպասեն դատախազության իրավական քայլերին։
Նշենք, որ Մարինա Պողոսյանի ու Բագրատ Ղազինյանի միջև լարում առաջացավ այն բանից հետո, երբ Պողոսյանը բացարկի միջնորդություն հայտնեց դատախազին, որի ընթացքում գործածեց «Ղազինյանների ցեղ» արտահայտությունը, որն էլ բարկացրեց մեղադրող դատախազին։ Որպես բացարկի հիմնավորում՝ Մարինա Պողոսյանը նշեց, որ իր ղեկավարած «Վելես» հասարակական կազմակերպությունը ներկայումս պաշտպանում է մի քաղաքացու իրավունքները, ով ներկայացնում է տվյալներ այն մասին, որ տուժել է Ղազինյանների ընտանիքից, մասնավորապես՝ ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանից։ Մինչ այդ իրավապաշտպանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իրեն զանգահարել և սպառնացել է Գագիկ Ղազինյանի որդին՝ Դավիթ Ղազինյանը։
Բացի այդ, Մարինա Պողոսյանը Բագրատ Ղազինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել այս տարվա ապրիլին։ Հաղորդման մեջ Պողոսյանը նշել է, որ սույն գործով Ղազինյանը մի շարք իրավախախտումներ է կատարել։ «Հաշվի առնելով վերոգրյալը՝ Բագրատ Ղազինյանի մոտ Մարինա Պողոսյանի նկատմամբ կանխակալ վերաբերմունք կարող էր ձևավորվել, ուստի միջնորդությունը հիմնավոր է»,- Պողոսյանի միջնորդությանը միացել էր նաև նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանը։
Ղազինյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ իր «իր գործողությունները բխել են բացառապես Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից»։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց բացարկի միջնորդությունը՝ համարելով այն անհիմն։ Այսպիսով դատախազ Ղազինյանը շարունակեց ներգրավված լինել Մարինա Պողոսյանի գործով որպես մեղադրող։ Հիշեցնենք, որ սույն գործով ընդհանուր իրավասության դատարանը Մարինա Պողոսյանին անմեղ է ճանաչել։