«Հանրապետական» կուսակցությունը դեռևս վերջնական քննարկում չի ծավալել սպասվող արտահերթ, «ափալ-թափալ» ընտրություններին մասնակցելու կապակցությամբ. 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Դա «ափալ-թափալ» ընտրություն է։ Կան տարբեր կարծիքներ՝ կուսակցության մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ, դրանցից մեկն էլ այն է, որ գուցե բաց թողնենք ընտրությունները, մյուսը՝ մարդիկ դեռ չեն խոսում, և երրորդ տեսակետը՝ ինչպես ես եմ պնդում, անպայման պետք է մասնակցենք ընտրություններին»,- ասաց Է.Շարմազանովը։
«Կարծում եմ՝ ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին, որովհետև այս քաղաքական համակարգին անհրաժեշտ է իրական ընդդիմություն։ Այսօր ո՞վ է ընդդիմություն՝ «Լո՞ւյսը», թե՞ «Ծառուկյան» դաշինքը, թե՞ «Սասնա ծռերը», որոնք հերթով գովում են այսօրվա իշխանություններին։ Ով ուզում է մասնակցել կամ չմասնակցել ընտրություններին, դա իր խնդիրն է, բայց ես անելիք ունեմ Հայաստանի քաղաքական դաշտում։ Ես անդամակցել եմ կուսակցությանը ոչ թե անձի կամ պաշտոնի համար, այլ՝ հավատալով նժդեհյան գաղափարախոսությանը, դեռևս Ազգային միացյալ կուսակցության ակունքներում կանգնած անկախության գաղափարին։
Մեզ համար անակնկալ էլ չէր, որ, եթե «Հանրապետականը» չլիներ իշխանություն, մենք մասսայական կուսակցությունից դառնալու ենք մի ավտոբուս ժողովուրդ։ Դա շատ էլ լավ է, ինքնամաքրվում է կուսակցությունը։ Ով ուզում է գնալ՝ բարի ճանապարհ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
«Երկրում իրական ընդդիմության կարիք կա»,- ասում է ԱԺ փոխնախագահը։ Նրա խոսքով՝ նախորդ իշխանության խնդիրները եղել են նաև նրանում, որ իրենց իշխանության ժամանակ չեն ունեցել ուժեղ և լուրջ ընդդիմություն.
«Եթե ունենայինք ուժեղ ընդդիմություն, ոչ թե չորս հոգանոց, ինչպես Փաշինյանն է ասում, միգուցե փողոցային պայքար Հայաստանում չլիներ»։
«Մենք պետք է իրականացնենք մեր ծրագրերը, ոչ թե քարոզենք ԼԳԲՏ-ներ, ոչ թե իմ երկրում Վեհափառ հայրապետի վրա հարձակվենք, ոչ թե կաթողիկոսի նստավայր Վեհարանը գրավողին տանենք և ռեկտորի պաշտոնակատար նշանակենք, այլ ապրենք ավանդական Հայաստանում և պահպանողական արժեքներով՝ հարգելով մեկս մյուսի քաղաքական բազմակարծությունը»,- հայտարարեց Է. Շարմազանովը։