Դա ուղղակի մահացու է Հայաստանի համար. Ռուբեն Մեհրաբյան. 168.am

«Ես չեմ կարծում, որ Բոլթոնի այցը Հայաստան այդքան վատն էր և մտահոգությունների տեղիք է տալիս։ Եթե մենք ոչինչ չենք անում, ապա դրսում անձրև էլ գա, մեզ համար վատ է»,-այսօր ՄԱՀՀԻ-ում կազմակերպված «Օղակնե՞ր, թե՞ փրկօղակներ Հարավային Կովկասի համար. նոր մարտահրավերներին ընդառաջ» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց ՄԱՀՀԻ ասոցիացված փորձագետ, տարածաշրջանային անվտանգության փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։

«Իհարկե, մարտահրավերները կան, բայց կան նաև հնարավորություններ։ Նախ, պարոն Բոլթոնը գալով Երևան՝ ասաց նույնը, ինչ ասել էր Բաքվում, որ արցախյան հարցի կարգավորման հետ կապված ոչ մի նոր բան իր հետ չի բերել։ Երկրորդ՝ նշեց, որ այս հարցը եթե հեշտ լիներ, վաղուց լուծված կլիներ»,- ընդգծեց փորձագետը։

Ադրբեջանն ու Վրաստանը, ըստ Մեհրաբյանի՝ առանձին-առանձին հետաքրքիր չեն ԱՄՆ-ի համար, հետաքրքրում են միայն տարածաշրջանային համատեքստում. «ԱՄՆ-ին հետաքրքիր է ամբողջ տարածաշրջանը, ինչի մասին ուղիղ տեքստով ասաց Բոլթոնը։ ՌԴ-ի քաղաքականությանը մեր տարածաշրջանում Բոլթոնը բավականին ծանր բնորոշումներ տվեց, որ զենքը վաճառվում է, և այդ ամենը կոնֆլիկտի կարգավորմանը չի նպաստում, նաև նշեց, որ, եթե մեզ այդքան զենք է պետք, գնենք իրենցից, իրենցն ավելի լավն է։ 907 բանաձևի վերացման մասին նույնպես ասաց, որ պատրաստի այս պահին ոչինչ չկա։ Ռազմավարություն առայժմ չկա։ 2014թ. հոկտեմբերին ԱՄՆ զորքերի հրամանատարը Եվրոպայում ասում է, որ չունեն ռազմավարություն, թե ինչ պետք է անեն այն ժողովուրդների հետ, որոնք չեն մտնում ՌԴ կազմի մեջ և չեն մտնում ՆԱՏՕ-ի մեջ։ Հիմա էլ չունեն այդ ռազմավարությունը, բայց դա վաղ թե ուշ լինելու է, և այդ ռազմավարության ճանապարհին Բոլթոնի այցը կարևոր էր»։

Փորձագետի գնահատմամբ՝ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև «սառը պատերազմ» չի ընթանում. ««Սառը պատերազմ» ԱՄՆ-ի և ՌԴ-ի մեջ հնարավոր էր այն ժամանակ, երբ կար գաղափարական դիմակայություն, համադրելի երկու ճամբարների դիմակայություն, իսկ հիմա ՌԴ-ում գաղափարախոսություն չկա։ ՌԴ-ում եղած միակ գաղափարախոսությունն այն է, որ «Գազպրոմի» խողովակն աշխարհի ամենալավ խողովակն է, ուրիշ գաղափարախոսություն չկա։ Մեկ էլ պարոն Գունձեևն ասում է, որ մարդու իրավունքները սատանայից են։ Այսօրվա Ռուսաստանը, որը Սովետական Միության կրծած մնացորդն է, պարզապես որևէ շանս չունի դիմագրավելու ԱՄՆ-ին։ Այսօրվա Ռուսաստանը մի հատ մեծ Ադրբեջան է, մեկ խողովակի տնտեսություն, որը փակես՝ կչորանա, նաև արտադրում է զենք։ Ընդ որում՝ արտադրում է զենք, որը վաճառում է այնտեղ, որտեղ դա ինչ-որ պատմություն կստեղծի, ինչն էլ կբերի նավթի և գազի թանկացման։ Բայց մենք տեսնում ենք, որ դա էլ չի աշխատում։ Եվ այսօր «սառը պատերազմի» մասին խոսելը պարզապես իմաստ չունի»։

Ինչ վերաբերում է Հայաստանին, նա ընդգծեց՝ Հայաստանը սուվերեն պետություն է, որոշումները պետք է կայացնի՝ հենվելով հենց սուվերեն շահերի վրա. «Դա նշանակում է, որ Հայաստան-Վրաստան և Հայաստան-Իրան հարաբերությունները պետք է բացարձակապես զերծ լինեն աշխարհաքաղաքական, կոնյունկտուրային շլեյֆերից, դա ուղղակի մահացու է ՀՀ-ի համար»։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS