1994 թ. ապրիլի 16-ին Էջմիածնում սպանված Մհեր Պողոսյանի ընտանիքը դեպքից հետո բազմաթիվ սպառնալիքներ է ստացել, այդ թվում՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կողմից: Մեր զրույցում ասաց Պողոսյանի որդին՝ Էդուարդ Պողոսյանը, որը թավշյա հեղափոխությունից հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:
«Տոչպրիբոր» գործարանի տնօրեն Մհեր Պողոսյանը սպանվել էր 1994 թվականին ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող Ակնալճի ամառանոցում՝ հրազենի կրակոցից: Այս գործով Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանը, դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտմամբ Մհեր Պողոսյանին մահ պատճառելու համար (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 259.1-րդ հոդվածի «Բ» կետով)։
Մհեր Պողոսյանի հայրը՝ Վլադիմիր Պողոսյանը, Էջմիածնի շրջկոմի երկրորդ քարտուղարն է եղել, որը 18 տարի ճանաչել է Մանվել Գրիգորյանին: «Այն, ինչ իմ աչքով տեսել ու հիշում եմ մինչ այսօր, վերջին փորձերից հետո Մանվելը եկավ մեր տուն եւ խոսակցության վերջում դուրս գալիս ասաց՝ Զախարի՛չ, մի՛ թպրտացեք, թե չէ ձեր Պողոսյաններին առանց որձ կթողնեմ:
Դրանից հետո, երբ մայրս մեզ դպրոց էր տանում, սպիտակ նիվայով, զինված մարդիկ էին դանդաղ գալիս մեր հետեւից: Մի քանի օր հետո, էլի չեմ հիշում՝ ով, եկավ գնաց պապիի մոտ, պապին մամային ասաց՝ էրեխեքին վերցրու ու գնացեք երկրից: Ինչքան հիշում եմ՝ դրանից հետո պապին գնաց բողոքը հետ վերցրեց ու տենց էլ փակվեց էդ թեման»,- մեր զրույցում մանրամասնեց Պողոսյանը: Նրանք ստիպված են եղել լքել հայրենիքը եւ մշտական բնակություն հաստատել Ռուսաստանի Դաշնությունում:
Հիշեցնենք, որ գործը նոր ընթացք է ստացել. ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ պահանջելով նոր երեւան եկած հանգամանքի հիմքով բեկանել 25 տարվա վաղեմությամբ կատարված սպանության գործով կայացված դատավճիռը ու եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
Նշենք, որ դատախազության տարածած հաղորդագրությունից հաստատվում է մամուլում բացմիցս հրապարկված այն տեղեկությունը, որ սպանության մասին իմացել եւ լռել են նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությունում. մասնավորապես, ՊՆ-ից կեղծ փաստաթուղթ են տվել այն մասին, թե իբր Մհեր Պողոսյանը զոհվել է ծառայողական պարտականությունները կատարելիս, այն դեպքում, երբ Պողոսյանը զինվորական չի էլ եղել:
Նշված փաստաթղթի տակ ստորագրել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Աստվածատուր Պետրոսյանը:
Դատախազության հաղորդագրությունն ամբողջությամբ՝ այս հղումով: