«Ե՛վ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանն իմ ընկերներն են. ես մինչև վերջ պաշտպանելու եմ նրանց» Գառնիկ Իսագուլյան

«Ե՛վ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանն իմ ընկերներն են. ես մինչև վերջ պաշտպանելու եմ այդ մարդկանց այն հարցերում, որտեղ տեսնում եմ, որ գործող իշխանությունները վարվում են անարդարացի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման  ընթացքում այս մասին հայտարարեց Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը։

Իսագուլյանի խոսքով՝ Երևանի ավագանու ընտրարշավի ընթացքում կուսակցություններից շատերն «անհարկի և անտեղի» փորձում էին ապացուցել, որ նախորդ իշխանությունների, հատկապես՝ Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ կապ չունեն. «Իրենց այդ բանավեճի մեջ ներքաշող ուժը՝ «Իմ քայլը» դաշինքը, շատ հստակ կարողացավ նրանց ներքաշել այդ դաշտ՝ ամենևին չամաչելով, որ այդ ցուցակում կան մարդիկ, որոնք ինչ-որ առումով առնչություն ունեն կոնկրետ անձանց հետ, որոնցից փորձում էին մեկուսացվել տարբեր կուսակցություններ։ Ընդ որում՝ կուսակցություններ, որոնք նախորդ իշխանությունների հետ համագործակցել, միասին աշխատել են, և չեմ կարծում, որ հասարակությունն այդ մասին տեղյակ չէ։ Դա հասարակության մեջ հասկանալի հակազդեցություն առաջացրեց»։

Նա նշեց, որ պայքարի այդ մեթոդը սխալ էր ընտրված. «Ստացվեց, որ ամբողջ ընտրարշավի ընթացքում պայքար էր գնում ոչ թե քաղաքական ուժերի, այլ քաղաքական ուժերի և Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ստվերի միջև»։

Նրա խոսքով՝ հիմա նաև մոդայիկ է տարբեր քաղաքական գործիչների, գործարարների կողմից նման հայտարարություններ անելը. «Ես անուններ չեմ տա, որովհետև ցանկացած անվան հետ կապված առաջանում են խնդիրներ՝ դատի են տալիս։ Վերջերս մեկին էի լսում, որը ստադիոններից մեկի սեփականատերն է, նախկին հանրապետական, երբ հեռուստատեսությամբ լսում էի նրա ելույթը, ակամայից մոտս ցանկություն էր առաջանում այդ մարդուն կանչել մենամարտի, ասել՝ չի կարելի, մարդն այդքան ստորանալու իրավունք չունի։

Էլ չի հիշում, որ երբ պատերազմի տարիներին տղաները զոհվում էին, իրենք այդ ստադիոնի կենտրոնում լույսերը վառում ու քեֆեր էին անում, ընտրությունների ժամանակ էլ լցոնումներ, կրակոցներ էին անում։ Այն ժամանակ հպարտանում էին, որ, իհարկե, ոչ Փաշինյանի կամ ընդդիմության օգտին լցոնումներ են արել։ Հիմա արդեն հեռուստատեսությամբ ասում են՝ Նիկոլ Փաշինյանին պետք է նոբելյան մրցանակ տալ, նա Հայաստանը փրկեց չարիքից։ Տղա ջան, ամենամեծ չարիքը դու ես եղել։ Կարևոր չէ, թե Հայաստանում ով կգա իշխանության, եթե անգամ ազերիներն ու թուրքերը գան, այդ մարդիկ նույն երգը երգելու են, բայց արդեն՝ նրանց օգտին»։

Գառնիկ Իսագուլյանը Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին հորդորեց չօգտվել նման մարդկանց ծառայություններից. «Ես և՛ Փաշինյանին, և՛ նրա կուսակից ընկերներին խորհուրդ եմ տալիս՝ եթե չեք ուզում նույն ճակատագրին արժանանալ, ինչին արժանացան նախորդները, ձեզանից վանեք այդ մարդկանց»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS