Եթե դիվերսիա լինի, հիշեք՝ ձեր միակ փրկության ուժը նռնակի մեջ է. սրանք 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի խոսքերն են, և հենց այս սկզբունքով էլ 2016 թ.-ին ապրիլյան պատերազմի ժամանակ մահացավ կապիտան Ուրֆանյանը:
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան ստացած կապիտան Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ուրֆանյանը, այսօր հիշում է որդու ամեն քայլի, խոսքի մասին՝ շեշտելով, որ ինքը միշտ հպարտացել և շարունակում է հպարտանալ իր տղայով:
«Զենքերով միշտ էր հետաքրքրվում, մանկուց խաղացել է, դե, մտածում ես՝ տղա է, զենքերով խաղում է: Բայց 6-րդ դասարանում դասընկերոջ հետ տուն եկավ ու ասաց, որ ռազմական դպրոց է գնալու: Զարմացած նայում էի ու հարցնում՝ ինչի՞ համար, Արմեն ջան, ինքը պատասխանեց, թե ուզում է զինվորական դառնալ: Ինքը շատ էր սիրում համազգեստ, բայց ավելի շատ կասեմ, որ գեներով է ինքը զինվորական:
Նա իր ամեն ասածն անում էր, իսկական տղամարդ էր»,-ասաց նա:
Տիկին Համեստը խոստովանում է՝ երբեք չի պատկերացրել, թե ինչքան ծանր է սպայի ճանապարհը, իսկ հիմա գիտակցում է, որ սպայի աշխատանքն, իրականում, չի էլ գնահատվում. «Էն, որ մարմնով, հոգով նվիրվում ես բանակին, սա Արմենիս մոտ կար: Երբ ասում էի, որ մի քիչ զինվորներիդ մասին պատմի, ինքն ասում էր՝ ո՞ւմ մասին, տղերքի՞ս, և ժպիտով պատմում էր զինվորների մասին»,-շարունակեց Համեստ Ուրֆանյանը:
Զինվորին պետք է սիրես, քո ամենամեծ ուժը գնահատված ու հանձնառու զինվորն է. որդու խոսքերը մեջբերեց մայրն՝ ընդգծելով, որ քառօրյա պատերազմը ցույց տվեց, թե ինչ զինվորներ էր դաստիարակել իր որդին, մարդիկ, որոնք նույնիսկ չկատարեցին հրամանատարի հրամանը՝ միջև վերջ մնալով մարտի մեջ:
«Ինքը բազմակողմանի զարգացած էր: Արմենս համ զինվոր էր, համ սպա, համ եղբայր, համ հայր: Իր աշխատավարձն էլ բանակի վրա էր ծախսում՝ մեքենաներն էր սարքում, զինվորին վիտամիններ առնում: Նշանածը բժշկուհի էր, միշտ զանգում հարցնում էր, թե ինչ անի զինվորի համար»,- հիշեց կապիտան Ուրֆանյանի մայրը:
Համեստ Ուրֆանյանը նշեց՝ այսօր հպարտություն ու ցավի զգացմունքները խառնվել են իրար: Ինչ վերաբերում է որդուն արժանի գնահատական տալուն, մայրն ասաց. «Մարդուն տեսակից է կապված, չէ՞ որ մարդիկ տարբեր են մտածում: Ավելի շատ վիրավորվում ես, մարդիկ կան չեն ճանաչում ու ասում են՝ դերասա՞ն է ինքը»:
Արմենակ Ուրֆանյանի մայրը հիշում է որդու երազանքը` ուզում էր փոքր տուն կառուցել և 3 երեխա ունենալ, այժմ Համեստ Ուրֆանյանն է ցանկանում փոքր տուն կառուցել ու որդու համար թանգարան դարձնել։
«Իր համար ամենաթանկն իր զինվորն է եղել, իսկ ես իմ Արմենին եմ ուզում»,–եզրափակեց Համեստ Ուրֆանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: