lragir.am-ը գրում է․
Մեր զրուցակիցն է փաստաբան, քրեական իրավունքի մասնագետ Նորայր Նորիկյանը
Պարոն Նորիկյան, oգոստոսի 17-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը խոսեցսահմանադրական փոփոխությունների և անցումային արդարադատության մարմինների ստեղծման անհրաժեշտության մասին։ Ինչպե՞ս եք գնահատում սահմանադրական փոփոխություններ անելու առաջարկը։ Սահմանադրագետներն այստեղ ռիսկեր են տեսնում՝ նշելով, որ ցանկացած իշխանություն փորձում է սահմանադրական փոփոխություններ անել և հարմարեցնել իրեն։ Համամի՞տ եք։
Անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման և դրա օգտագործման հնարավորությունը չբացառելով՝ ինքս որոշակի հարցեր եմ բարձրացնում այն առումով, որ նախևառաջ մինչև այդ գործիքակազմին անդրադառնալը, անհրաժեշտ է պատասխանել այն հարցերին, թե արդյոք ՀՀ-ն գտնվում է անցումային փուլում և որքան է տևելու այդ փուլը, արդյոք ՀՀ օրենսդրությունը բավարար չէ՞ ՀՀ-ում օրինականության վերականգնման և հաստատման համար, ի՞նչ չափորոշիչներով և ովքեր են ձևավորելու անցումային արդարադատության մարմիններ, ովքե՞ր են այդ մարմիններում և ի՞նչ չափորոշիչներով, ո՞ւմ կողմից են ֆինանսավորվելու և որքա՞ն է տևելու անցումային արդարադատության այդ փուլը։
Ամենակարևորը, անցումային արդարադատության մարմինների կողմից կայացրած որոշումները բողոքարկելի՞ են լինելու, թե ոչ, եթե այո, ապա ում են բողոքարկվելու, և, ամենագլխավորը, իրավական ինչ ընթացակարգով են բողոքարկվելու։ Առաջիկայում հրապարակվելու է անցումային արդարադատության ռազմավարությունը, և հիմա կտեսնենք՝ ինչ ռազմավարություն է։ Բնականաբար, այս հարցերի պատասխանները լինելու են։ ՀՀ կառավարությունը այս գործիքի կիրառման բոլոր պայմանները թելադրելու է հենց այս ռազմավարությամբ։ Կծանոթանանք, վերջնական գնահատական կտանք այս ռազմավարությանը։ Ինքս, չբացառելով այդ փորձի կիրառման հնարավորությունը, չեմ կարող ասել՝ դա լավ արդյունք կտա՞, թե վատ, տա Աստված լավ արդյունք տա։ Ինքս որևէ կանխակալ վերաբերմունք չունեմ դրա վերաբերյալ, բայց կողմ եմ, որ ամեն ինչ լինի հրապարակային, օրինական և համապատասխանի ՀՀ սահմանադրությանը։
Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, միանշանակ պնդում եմ, որ ՀՀ-ում գործող սահմանադրությունը «կարվել» է Սերժ Սարգսյանի քմահաճույքով և անձնական պատվերով՝ իր իսկ իշխանությունը հավերժացնելու համար, գտնում եմ, որ ՀՀ նոր իշխանությունները պետք է անպայման ձեռնամուխ լինեն ՀՀ սահմանադրական փոփոխություններ իրականացնելուն և այն համապատասխանեցնելու ՀՀ իրական պահանջներին, ՀՀ առջև դրված խնդիրներին, և, ամենակարևորը, ՀՀ հասարակության տրամադրություններին և ցանկություններին, ամենագլխավորը, այնպիսի սահմանադրություն, որը իսկապես ՀՀ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր հավանությունը կտա։ Բայց մենք խնդիր ունենք այն առումով, թե որ փուլում կամ երբ իրականացնենք այդ փոփոխությունը։ Իմ խորին համոզմամբ՝ խորհրդարանական ընտրություններից հետո պետք է անդրադառնալ սահմանադրական փոփոխություններին։
Անցումային արդարադատության դեպքում, ըստ մասնագետների, ամենամեծ վտանգն այն է, որ անցումային արդարադատությունը չվերածվի անցումային դիկտատուրայի։ Դուք նման վտանգներ տեսնո՞ւմ եք։
Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ բացառում եմ, որ նա կարող է երկիր տանել դիկտատուրայի։ Հակառակը, այսօր կարող են լինել բազմաթիվ տեսակետներ, այս պահին երկիրը իսկապես գտնվում է անորոշության փուլում այն առումով, որ ՀՀԿ-ն փորձում է ատամներ ցույց տալ։ Ես կարծում եմ՝ սա քաղաքական ողջամտության սահմաններից դուրս է և եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ես մեծ ակնկալիք ունեմ, որ ՀՀ-ն կառաջնորդվի բացառապես ՀՀ սահմանադրությամբ և իրավական օրենքներով։ Որևէ քաղաքական ուժ չի կարող ՀՀ-ն տանել բռնապետության։
Հասկանալի է, որ այս պահին Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվում է այսպիսի արշավ հասարակության վստահության ֆոնը ցածրացնելու համար։ Այս պայմաններում ես նման խնդիր չեմ տեսնում, ուրիշ խնդիր է, որ սա բոլորովին նոր գործիքակազմ է։ Եվ այս նոր գործիքակազմի նկատմամբ ինքս էլ ունեմ որոշակի հարցադրումներ, որոնց պատասխանները պետք է ցույց տրվի այս համակարգի կիրառմամբ։ Եվ եթե այս համակարգը կիրառվի և լավ արդյունքներ ցույց տան, ուրեմն բռավո, իսկ եթե չի կիրառվի, եթե արդյունք ցույց չի տա, ուրեմն այդտեղ խնդիրներ ունենք։
Այն ժամանակ էլ հայտարարվում էր, որ այս սահմանադրությունը Սերժ Սարգսյանի համար էր «կարվել»։ Հեղափոխությունից հետո չպե՞տք է անմիջապես դրվեր սահմանադրական փոփոխությունների խնդիր և մերժվեր այս սահմանադրությունը, և ոչ թե հիմա, երբ կա հակահեղափոխության վտանգ։
Ես հակահեղափոխության վտանգների մասին խոսել եմ դեռևս մայիսի 6-ին, երբ Նիկոլ Փաշինյանը չէր ընտրվել վարչապետ, ինքս մի քանի սցենար էի առաջարկել։ Ես գտնում էի, որ լավ կլիներ, որ այդ պահին խորհրդարանը լուծարվեր և արտահերթ ընտրություններ անցկացվեին, և այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը իր գլխավորած քաղաքական ուժի հետ միասին կստանար հասարակության ջախջախիչ մեծամասնության վստահությունը, կձևավորեր քաղաքական մեծամասնություն և կընտրվեր վարչապետ, բայց ընտրվեց այս տարբերակը։
Եվ այս պայմաններում մնացել է արտահերթ ընտրությունների մեկ տարբերակ, երբ վարչապետը հրաժարական է տալիս, և ԱԺ-ն երկու անգամ չի ընտրում վարչապետ և ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվում է։ Հիմա այդ խնդիրը հաղթահարելու համար անհրաժեշտ է լինելու ԱԺ պատգամավորների 2/3-ը։ Հիմա վարչապետը մեկ ուրիշ մոդել է առաջարկում սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու։ Ես բացառում եմ, որ պարտված քաղաքական ուժը կարող է կորցնել բանականությունը և վարչապետի թեկնածու առաջարկել ուրիշ մեկին, ես չեմ պատկերացնում, որ Նիկոլի վարչապետության հրաժարականից հետո գործող պառլամենտը ձեռնարկի այլ վարչապետի ընտրության ընթացակարգ և այդ վարչապետը կարողանա թեկուզ կես ժամով մտնել կառավարություն։
Համոզված եմ, որ ժողովուրդը այդ անձին սրբելու-տանելու է։ Եվ ինձ մոտ մի փոքր տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, թե ինչպես կարող է ՀՀԿ-ն մտածել այդ տարբերակի մասին՝ հաշվի չնստելով հասարակության տրամադրությունների և քաղաքական իրողությունների հետ։ Մի բան հստակ պետք է արձանագրել. այսուհետև ՀՀ-ում իշխանություն պետք ձևավորվի ժողովրդի կամարտահայտման միջոցով։ Հետևաբար, որևէ այլ տարբերակ բերելու է ցնցումների, կատակլիզմների, և այդ ճնշմանը մեր երկիր չի դիմանալու։ Եթե իսկապես ԱԺ-ում մեծամասնություն կազմող քաղաքական ուժը չի կորցրել բանականությունը, ուրեմն պետք է գան այն համոզման, որ որևէ ձևով հակաքայլեր չեն անելու, չեն առաջադրելու վարչապետ և գնալու են խորհրդարանական ընտրությունների։ Մի տարբերակ էլ կա այս բոլոր տարբերակները կանխելու համար, բայց դրա մասին կասեմ ավելի ուշ։