«Եթե կան քաղաքացիներ, որոնք տուժել են, դե, քաշքշուկ է, հազար բան հնարավոր է այդ ստեղծված իրավիճակում, ներողություն եմ խնդրում». Վալերի Օսիպյան

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը խոստանում է վերացնել կոռուպցիան, պայքարել հանցավորության դեմ։ «Հիմա ի պաշտոնե ավելի խորացված կզբաղվեմ այդ հարցով և հուսով եմ, վստահեցնում եմ ձեզ՝ կոռուպցիան կվերանա»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նորանշանակ ոստիկանապետը։

«Ես չեմ ծառայել իշխանությանը, ես ծառայել եմ ժողովրդին»,- ասաց Վ.Օսիպյանը՝ նկատելով, որ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ոստիկանությունն ավելի շատ պետք է լինի ժողովրդի կողքին։

Նա հավաստիացրեց, որ նախկինում ինքը չի կատարել որևէ հրաման, որ խղճին դեմ է եղել. «Կատարել եմ բոլորը օրենքի շրջանակներում։ Անգամ ֆիզիկական ուժ եմ կիրառել մեր համաքաղաքացիների նկատմամբ օրենքի սահմաններում։ Եթե կան քաղաքացիներ, որոնց նկատմամբ անհամաչափ է եղել, տուժել են, դե, քաշքշուկ է, հազար բան հնարավոր է այդ ստեղծված իրավիճակում, ես ներողություն եմ խնդրում մեր համաքաղաքացիներից»։

Նա շնորհակալություն հայտնեց իր քննադատներին, որոնց շնորհիվ է, որ իրենք բարեփոխվում են։

Էրեբունիում Նիկոլ Փաշինյանին առևանգելը, Վ.Օսիպյանի խոսքով, ոստիկանության որոշումն էր։ Նա նշեց, որ Վլադիմիր Գասպարյանի սկսած բարեփոխումները շարունակվելու են։

Ոստիկանների թիվը հրապարակելը, նոր ոստիկանապետի դիրքորոշմամբ, պետք է  գաղտնի լինի, միաժամանակ, նա հավաստիացրեց, որ տարածաշրջանի երկրների համեմատ՝ մեր ոստիկանները շատ չեն։

Վ.Օսիպյանը նշեց, որ կադրային ջարդի կողմնակից չէ։

Ի դեպ, նա նախկին ոստիկանապետից շնորհավորանքներ արդեն ստացել է։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS