Պատմությունը քիչ օրինակներ ունի, երբ մարդու կենդանության օրոք նրա մասին հյուսվում են լեգենդներ, ասքեր, երգեր: Այս ամենը լինում է նրանց մասին, ովքեր իրենց սխրանքով արդեն անմահացել են: Իսկ Շավարշ Կարապետյանն իր կյանքով ցույց տվեց, որ սխրանքները կատարվում են ոչ միայն պատերազմի ժամանակ, երբ որոշվում է ժողովրդի ճակատագիրը, այլև խաղաղ ժամանակ, այն օրերին, երբ արևը պայծառ լուսավորում է, երեխաներն անհոգ խաղում են, իսկ մայրերը՝ ժպտում:
Նա, ով փրկում է թեկուզ մեկ մարդու կյանք, արդեն քայլում է դեպի անմահություն: Ընդամենը մեկ մարդու կյանք: Շավարշ Կարապետյանը փրկեց քսան մարդու կյանք: Եվ հայրենքիը ըստ արժանվույն գնահատեց նրա սխրագործությունը: Եվ պատահական չէ, որ Շավարշն արժանացավ Միավորված ազգերի կազմակերպության սահմանած հազվագյուտ պարգևի՝ «Ազնվության և արդարության համար մրցանակի»: Նրա անունով կոչվեց փոքր մոլորակներից մեկը:
Իսկ ի՞նչ էր կատարվել Երևանյան լճում 1976թ.՝ սեպտեմբերյան այն առավոտ: Այդ օրը ստորջրյա լողի տասնակի ռեկորդակիր, Եվրոպայի և երկրի բազմակի չեմպիոն, 130 սպորտային շքանշանի տեր Շավարշ Կարապետյանը և
նրա եղբայր Կամոն ջրավազանում իրենց հերթական պարապմունքն էին անցկացնում: նրանք հանկարծ նկատեցին, որ քաղաքային տրոլեյբուսը, թռչելով ամբարտակի վրայով, սուզվեց ջրի մեջ:
Պատահականություն էր, որ այդ պահին երկու եղբայրներիը լճի ափին էին, բայց պատահականություն չէր այն, որ առաջինը նրանք հասան վթարի տեղը և մի քանի վայրկյանից արդեն ջրի մեջ էին: Երկու եղբայրներ՝ մոլորակի երկու ուժեղագույն լողորդներ, հայտնվեցին այնտեղ, որտեղ գուցեև
նրանք ավելի էին հարկավոր, քան որևէ այլ տեղ աշխարհում: