«Ես նստած եմ Շուշիի բերդի պատին ու սպասում եմ տղաների բարձրանալուն»
Այսպես զեկուցեց Կոմանդոսին առաջին հայ զինվորը, ով ոտք դրեց Շուշի քաղաք ու ազատագրեց այն: Լեգենդար Աշոտ Ղուլյանը (Բեկոր Աշոտ) առաջինը մտավ Շուշի: 1992-ին Շուշիի ռազմական գործողության ժամանակ առաջին վաշտը Բեկորի գլխավորությամբ առաջինն է մտնում քաղաք։
Մայիսի 8-ի առավոտյան 6-ն անց 30-ին Աշոտը հեռակապով կապվում է Արկադի Տեր Թադևոսյանի (Կոմանդոս) հետ՝ Կենտրոնական շտաբ, և հաղորդում, որ հայտնեն ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատարին, որ ինքը նստած է Շուշիի բերդի պատին ու սպասում է
տղաների բարձրանալուն։ «Մինչև մի քանի րոպեն մտնում եմ քաղաք»,- ավելացրել էր Բեկորը:
Բեկորը մասնակցել է Ղարաբաղում մղված մարտերից շատերին՝ Ասկերան, Հադրութ, Շահումյան, Կրկժան, Վերին Շեն, Բուզլուխ, Մանաշիդ, Մալիբեյլու, Խոջալու, Լեսնոյ, Քարինտակ, Շուշի, Լաչին, Մարտակերտ, Կուսապատ, Մաղավուզ, Սրխավենդ, Բաշ-Գյունեփայա, Օրթա-Գյունեփայա,
Դրմբոն։ Նրա հրամանատարությամբ բազմաթիվ բնակավայրեր են ազատագրվել։
Ասկոլկան զոհվեց 1992 թ. օգոստոսի 24-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտի ժամանակ։
«Եթե զինվորից սկսած մինչև նախարարը բոլորանվեր իրենց գործն անեն, ապա մեր բոլոր ձեռնարկումները կպսակվեն հաղթանակով…»,- ասում էր
Արցախի լեգենդար հերոսը, որի համար «հայրենասիրությունն ոչ այլ ինչ է, եթե ոչ քեզ վրա դրված պարտականությունների բարեխղճորեն կատարում»։ Մարտերի միջև դադարի ժամանակ Բեկորն ասել է մարտական ընկերներին. «Եթե Ղարաբաղը կործանվի, ապա միայն քաղաքական
խաղերի պատճառով է կործանվելու, քաղաքականությունն ամենասարսափելի գիշատիչն է»
Բեկոր Աշոտ (Ասկոլկա, իսկական անունը՝ Աշոտ Ղուլյան): Ծնվել է 1959 թ., հոկտեմբերի 6-ին Բաքվում: Զոհվեց 1992 թ., օգոստոսի 24-ին, Դրմբոնում:
Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՅԴ անդամ, ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր։
Ֆեյսբուք՝ Աշոտ Ասատրյան