Շուտով լույս է տեսնելու «Հայկական թավշյա հեղափոխություն» անվանումով կոմիքսային գիրքը: Այն պատվիրելու համար պետք է գրանցվել նախատեսված կայքում ու վճարում կատարել:
Նախաձեռնողները զրուցել են հեղափոխության առաջնորդների հետ, հավաքագրել ամենահետաքրքիր փաստերն ու ստեղծել հայկական առաջին կոմիքսային գիրքը: Գրքի հեղինակներից մեկը պատմել է, որ բաց ձեռքերի հեղափոխությունը ցանկանում են ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհին:
Հիմնական թիրախը լինելու է անգլալեզու հասարակությունը, թեև հայերեն և ռուսերեն օրինակներ էլ կթողարկվեն: Ծրագրի մեկնարկին ներկա էին փոխվարչապետներ Արարատ Միրզոյանն ու Տիգրան Ավինյանը, ինչպես նաև կրթության և գիտության, մշակույթի նախարարները:
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը պատմել է հեղափոխության ամենատպավորիչ դրվագների մասին:
«Երբ հասնում էինք Ազատության հրապարակ, զանգեցին, ասացին, որ 3-5 հազար մարդ կա հավաքված, իսկ մենք ավելի քիչ էինք սպասում: Ես չդիմացա ու հուզվեցի, հետո դա սովորություն դարձավ: Ամենասարսափելին առաջին օրն էր Ջաջուռում, երբ սառցակալել էինք, իսկ ամենաէմոցիոնալը Երևան մտնելու օրն էր: Կարող եմ նաև ամենահանգիստ օրն ասել, որքան էլ զարմանալի է, դա այն օրն էր, երբ մեզ առևանգեցին ու պահում էին ձերբակալվածների ժամանակավոր կացարանում»,-պատմեց Միրզոյանը: