ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին, պաշտոնը ստանձնելուց գրեթե 2.5 ամիս անց, առաջին անգամ լրագրողներին հրավիրել էր ասուլիսի և ավելի քան 2 ժամ պատասխանեց տարաբնույթ հարցերի՝ թե՛ արտաքին ու ներքին քաղաքականության, թե՛ Ղարաբաղյան խնդրի կարգավորման, թե՛ տնտեսական խնդիրների շուրջ։
Արտաքին կողմնորոշում, կամ՝ ՀԱՊԿ–ի ու ՆԱՏՕ–ի միջև
ՀՀ վարչապետը վերահաստատեց՝ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու: «168 Ժամի» հարցին, որ ռուսական կողմից «սադրանք» է որակվում ՀՀ-ի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովներին և զորավարժություններին, որ լինելով ՀԱՊԿ անդամ, Ռուսաստանի ռազմավարական գործընկեր, Հայաստանը սերտացնում է հարաբերությունները ՆԱՏՕ-ի և ընդհանրապես Արևմուտքի հետ, Ն. Փաշինյանը պատասխանեց. «Ես որևէ ֆորմատի մասնակցություն չեմ ունեցել, որը աննախադեպ լինի մեր արտաքին քաղաքականության համար»։ Նա հստակեցրեց, որ ինքը մասնակցել է ոչ թե ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, այլ՝ Աֆղանստանում խաղաղապահ գործունեություն իրականացնող երկրների գագաթաժողովին, և Սերժ Սարգսյանը ևս նախկինում 2 անգամ մասնակցել է նման հանդիպման։
Ն.Փաշինյանը նշեց, որ մինչև թավշյա հեղափոխությունը ՀՀ-ն ՆԱՏՕ-ի հետ համատեղ խաղաղապահ գործողություններ է իրականացրել Աֆղանստանում և Կոսովոյում, ԵՄ-ի հետ նույնպես մինչև թավշյա հեղափոխությունն ունեցել է հարաբերություններ, ստորագրել է ընդլայնված և համապարփակ համագործակցության մասին համաձայնագիրը, որը մինչև հեղափոխությունն է վավերացվել ՀՀ ԱԺ-ում. «Մենք ասել ենք, որ մեր միջազգային պարտավորությունները կատարելու ենք: Գուցե հիմա ամեն այցի նկատմամբ ավելի մեծ ուշադրություն կա, բայց դրանք 100%-ով մեր հայտարարությունների շրջանակում են»։
Մեր հարցին՝ ՀՀ-ն մասնակցելո՞ւ է օգոստոսի 1-ին Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի Noble Partner 2018 զորավարժությանը, ՀՀ վարչապետը պատասխանեց, որ դեռ որոշում չկա. «Իմ սեղանին նման որոշում կայացնելու հարց դեռևս չի հայտնվել, կքննարկենք և կպատասխանենք»:
Եվրամիությունն ու մեր ֆինանսական պահանջները
Վարչապետը պարզաբանեց վերջին օրերին շահարկվող թեման՝ Հայաստանին ԵՄ-ի հատկացրած ֆինանսավորման ավելացման խնդիրը։
«Բրյուսել կատարած իմ այցի ընթացքում բոլոր հանդիպումներում ես արձանագրել եմ հետևյալը՝ ժողովրդավարությունը մեզ համար ոչ թե արտաքին քաղաքական կողմնորոշում է, այլ մեր համոզմունքն է, հավատամքն է, և տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ դա մեր ժողովրդի քաղաքական արժեքների համախումբն է»,- ասաց Փաշինյանը՝ արձանագրելով, որ երկար տարիներ ԵՄ-ն ասել է, որ Արևելյան գործընկերության երկրների հետ ինքը հարաբերվում է «ավելին՝ ավելիի» դիմաց բանաձևով, և ավելին վերաբերել է հռչակված արժեքներին՝ ժողովրդավարություն, անկախ դատական համակարգ, կոռուպցիայի դեմ պայքար, օրենքի գերակայություն:
Ն.Փաշինյանի խոսքով՝ մինչև իր բրյուսելյան այցը եղել է հայտարարություն, որ ԵՄ-ն պատրաստվում է աջակցել ՀՀ-ին ինչ-որ ձևով, սակայն ԵՄ բանաձևը չի աշխատում հենց ԵՄ-ի քաղաքականության համար:
«Ինձ համար զարմանալի է, որ ԵՄ-ում դեռ կան պաշտոնյաներ, որ չեն նկատում ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունները»,- ասաց Ն.Փաշինյանը՝ հավելելով, որ ինքն օրինակ է բերել, որ այսօրվա կառավարությունն առանց հավելյալ լումա ծախսելու, կոռուպցիայի դեմ պայքարում արել է ավելին, քան ՀՀ նախկին կառավարության և ԵՄ-ի համագործակցության ընթացքում տեղի է ունեցել՝ տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսելով, և նույնը դատական համակարգում է:
«Մենք հանուն ֆինանսական աջակցության ոչ մի բան չենք արել, և հանուն ֆինանսական աջակցության ոչ մի բան չենք անելու»,- ասաց ՀՀ վարչապետը:
Արցախի հարցին ամբողջությամբ տիրապետում է
Նիկոլ Փաշինյանը «տարածքներ՝ ԼՂ կարգավիճակի դիմաց» հարցը մեթոդական սխալ է համարում։ Նա հարցադրում արեց, թե որևէ մեկն Ադրբեջանին հարցրե՞լ է՝ այդ լուծմանը համաձա՞յն է, թե՞ ոչ: Նա նշեց, որ ինքը միշտ ասել է, որ փոխզիջումային տարբերակը նշանակում է, որ կա երկու կողմ, որ պատրաստ են որոշակի զիջումների:
«Ինչո՞ւ ենք ուզում քննարկել մեր պատրաստակամությունը որևէ բան զիջելու, եթե Ադրբեջանը հակված չէ որևէ փոխզիջման: Եթե կստանանք ուղերձ, որ Ադրբեջանը հակված է փոխզիջման, այդ ժամանակ կքննարկենք ոչ թե կառավարությամբ, այլ կքննարկենք ազգովի՝ մեր համար փոխզիջման ի՞նչ սահման գոյություն ունի»,- ասաց ՀՀ վարչապետը: Նա բացառեց ԼՂ հարցի կարգավորման այնպիսի լուծում, որն ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար:
Ըստ Ն.Փաշինյանի՝ չի կարող ՀՀ-ում լինել այնպիսի իշխանություն, որ այդպես կարող է լուծել այդ հարցը:
Նրա խոսքով՝ իր վարչապետ ընտրվելու օրն ունեցել ենք մի իրավիճակ, որ երկիրը 20 օր կանգնած է եղել, ոչ մի հարց չի լուծվել, բոլորը զբաղված են եղել Հանրապետության հրապարակին հետևելով:
Թե ի՞նչ է քննարկել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ, Ն.Փաշինյանը նշեց, որ Տեր-Պետրոսյանն է ասել, որ ցանկություն ունի որոշ հարցեր քննարկելու, ինքը նրան հրավիրել է կառավարական առանձնատուն. «Նստել ենք, սուրճ ենք խմել, զրուցել ենք, քննարկել ենք, Արցախի հարցի վերաբերյալ փորձել է ինձ տալ տեղեկություններ, որոնք մտածել է, որ ինձ կարող է և հայտնի չլինեին: Դա շատ օգտակար զրույց էր, բայց ասեմ, որ ինքն ինձ չի հայտնել տեղեկություններ, որ հայտնի չէր ինձ»:
Ն.Փաշինյանը նշեց, որ Արցախի հարցին ամբողջությամբ տիրապետում է, և իր առաջին գործերից մեկը եղել է դա, որ ամբողջական տեղեկատվություն ստանա Արցախի խնդրի շուրջ, հրավիրել է նաև Էդվարդ Նալբանդյանին քննարկման: Նա չբացառեց, որ նման հանդիպում կլինի նաև ապագայում:
ՀՀ առաջին նախագահի հետ հանդիպման ժամանակ, ինչպես նշեց վարչապետը, ներքաղաքական հարցերին անդրադարձ չի եղել:
Մյուս նախագահներին հանդիպելու անհրաժեշտություն Ն.Փաշինյանն այս պահին չի տեսնում, բայց նաև չի բացառում նման հնարավորությունը:
Անդրադառնալով ԼՂ կարգավորմանն Արցախի մասնակցության խնդրին՝ ՀՀ վարչապետը նշեց, որ այդ բանաձևն արձանագրված է ԵԱՀԿ ՄԽ նախագահների դիրքորոշումների մեջ, որոնք արտահայտվել են փաստաթղթերում՝ առանց Արցախի ժողովրդի մասնակցության հարցի վերջնական կարգավորում չի լինելու:
«Սա չի նշանակում, որ մենք չենք կարող խոսել ընդհանրապես, ես պատրաստ եմ Ադրբեջանի նախագահի հետ բանակցել: Բանակցության նյութ կա, և դրան պետք է ամբողջությամբ ծանոթանանք, վերլուծենք ու բանակցենք: Բանակցությունն ինքնին նույնպես օգտակար է, որովհետև պետք է որոշակի վստահության մթնոլորտ ստեղծվի, որ հարցը կարգավորվի: Առանց վստահության մթնոլորտի հնարավոր չէ: Մենք պատրաստ ենք ջանքեր գործադրել, որ վստահության մթնոլորտ ստեղծվի»,- ասաց Ն.Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ մեզ համար անընդունելի է ռազմաշունչ հռետորիկան Ադրբեջանի կողմից: Ըստ նրա՝ հայկական կողմից չկա մի գործողություն, որ խաթարում է կարգավորման մթնոլորտը: ՀՀ-ում հեղափոխությունից հետո ադրբեջանական կեցվածքի սրումը Ն.Փաշինյանը կապում է նրանց մտահոգությամբ, որ մեր երկրում տեղի ունեցած պրոցեսը կարող է տարածվել դեպի Ադրբեջան, և փորձում են իրենց հանրության ուշադրությունը կոռուպցիայից, ժողովրդավարությունից շեղել դեպի Արցախի հարց:
Ընտրություններն ու մարդկանց էյֆորիան
Նիկոլ Փաշինյանն անձամբ Երևանի քաղաքապետի թեկնածու չունի։ Ըստ նրա՝ թեկնածուի հարցը քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում և տարբեր ֆորմատներով։ Ընդ որում՝ նա հուշեց, որ թեկնածուների անունները մամուլով շրջանառվում են:
Տարոն Մարգարյանի հրաժարականի վերաբերյալ վարչապետը հավաստիացրեց. «Ես անձամբ Տարոն Մարգարյանին որևէ բան չեմ հորդորել»։
Խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ մարդկանց էյֆորիայի նվազում Ն.Փաշինյանը չի տեսնում. «Ինչքան ժամանակը գնա, մարդկանց էյֆորիան մեծանալու է»:
Ընտրությունների անցկացման ժամկետը, նրա խոսքով, կախված է քաղաքական իրավիճակից, հնարավոր է՝ մի ամսում անգամ անհրաժեշտություն առաջանա և անցկացվեն ընտրություններ, իսկ ընդհանրապես՝ կառավարության ծրագրում գրված է՝ մինչև 1 տարվա ընթացքում:
Թե ինչպե՞ս է ապահովելու, որ նախկին ընտրախախտումները չկրկնվեն, Ն.Փաշինյանը հայտարարեց, որ նախկին ընտրախախտումների կապակցությամբ հարուցված է քրեական գործ: Նա նշեց, որ պետք է կոնկրետացնել, քրեական պատասխանատվության համար պետք է լինեն հիմքեր.
«Բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում՝ թող համագործակցեն իրավապահ մարմինների հետ: ՀՀ-ում առանց բավարար ապացույցների որևէ մեկը չի դատվելու, նույնիսկ, եթե ՀՀ գործող վարչապետը նախկինում կոնկրետ հայտարարություն է արել, որ այսինչը հանցագործ է: Դա քաղաքական հայտարարություն է եղել: Բայց օրինականության հաստատման ճանապարհին խոչընդոտ չի լինելու: Ես համոզված եմ, որ իրավապահ մարմիններն արդյունքներ կունենան»:
Մարտի 1-ն ու Ռոբերտ Քոչարյանի իմունիտետը
ՀՀ վարչապետը ՀՀ երկրորդ նախագահին հարցաքննության հրավիրելու փաստը և մնացածը քննչական մարմինների գործն է համարում։ Ամեն դեպքում, ըստ նրա, որևէ մեկն իմունիտետ չունի. «Ես չեմ կարծում, որ որևէ մեկը, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ունի Սահմանադրությամբ բացարձակ իմունիտետ, եթե նրան մեղադրանք առաջադրելու հիմք կա»:
Նա նշեց, որ ՀՔԾ նոր պետին ներկայացնելով՝ շատ հստակ ասել է այն խնդիրները, որ դրված են ՀՔԾ-ի առաջ, և դրանցում հատուկ տեղ ունի Մարտի 1-ի դեպքերի ամբողջական քննությունն ու բացահայտումը:
Ն.Փաշինյանը վստահեցրեց, որ այստեղ լրջագույն տեղաշարժեր ունենք. «Հույս ունեմ, որ այս լրջագույն տեղաշարժերը լրջագույն արդյունքի կբերեն»: «Ինձ համար մեծագույն խայտառակություն կլինի, եթր նորից ՀՀ-ում ունենանք քաղբանտարկյալ»,- նկատեց նա:
ՀՀ վարչապետը նշեց, որ առաջիկայում կհանդիպի Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ:
Սուպերվարչապետության մասին
Նիկոլ Փաշինյանին հիշեցրին՝ «Սերժ Սարգսյանի համար ձևած» սուպերվարչապետական պատմուճանն այժմ ինքն է «վայելում», հարմարավե՞տ է զգում դրա մեջ, մտադրություն չունի՞ հրաժարվել դրանից: «Սազում ա՞»,- կատակեց վարչապետը:
Նա հայտարարեց, որ միանշանակ՝ այո՛, սուպերվարչապետությունը վերացվելու է: Նրա խոսքով՝ իրենք արել են ամեն ինչ, որպեսզի ոստիկանության, քննչական համակարգերի կայունությունը չխաթարվի, առավել ևս, պետական կառավարման համակարգում բալանսավորման քաղաքականությանը պետք է գնալ այնպես, որ պետական համակարգի կայունությունը չխաթարվի. «Երբ ժամանակին ես ասում էի, որ այս համակարգով ավելի հեշտ է հեղափոխություն անել, քան նախկինում, շատերը մեղադրում էին»:
Ն.Փաշինյանը նշեց, որ բալանսավորում պետք է տեղի ունենա, բայց պետք է գիտակցել, որ դա մի օրում չի լինում, իսկ եթե համակարգի կայունությունը չապահովվի, կունենանք շատ լուրջ խնդիրներ: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ բալանսավորում պետք է լինի ոչ թե նախագահի ու վարչապետի, այլ կառավարության ու Ազգային ժողովի միջև.
«Հայաստանում հաստատված է խորհրդարանական համակարգ և, հետևաբար, պետության պատասխանատվությունն ու ղեկավարումը դրված է կառավարության ու վարչապետի վրա: Բալանսավորումը պետք է տեղի ունենա օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունների միջև, քաղաքացիական հասարակության լծակները պետք է ուժեղացվեն»։
Կոռուպցիոն «շոկահարում»
Հայաստանում կոռուպցիայի ծավալներից Փաշինյանն ուղղակի ապշել է։ Նա նշեց, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց անցել է 2 ամիս, բայց ինքն ամեն օր զարմանում է և դեռ 4 ամիս էլ զարմանալու է, թե ոնց կարող է նման խնդիրներ լինեն.
«Պատկերացրեք՝ ես ամեն օր ստանում եմ տեղեկություն, որ ինձ զարմացնում է։ Ես հրաժարվում են հավատալ այդ տեղեկություններին, մինչև ինձ չեն բերում ապացույց 1, ապացույց 2, ապացույց 3, ապացույց 4…»։
Վարչապետն անկեղծացավ, որ օրերս պետական կառավարման մարմիններից մեկի ղեկավարից պահանջել է դադարեցնել ապացույցներ ներկայացնել իրեն.
«Ես ասում էի՝ էսօր ինձ հերիք ա, ցտեսություն, հաջողություն, գնացեք ուրիշի պատմեք, ես էլ չեմ կարող դա լսել։ Բայց դա իրականություն է։ Պատկերացրեք մի երկիր, որտեղ վարչապետն ամեն օր շոկի է ենթարկվում, ու էն վարչապետը, ով իր ամբողջ քաղաքական ու լրագրողական գործունեության ընթացքում անընդհատ ասել է, որ թալանվում է էս երկիրը, կոռուպցիա է, անտերություն, բեսպրեդել է, և այլն։ Ամեն օր, որ սկզբունքորեն իր համար ոչ մի անսպասելի բան պետք է չլիներ, բայց ամեն օր էդ վարչապետը շոկի է ենթարկվում, որովհետև իր առջև բերում-դնում են տեղեկություններ, որին ինքը հրաժարվում է հավատալ, որ կարելի է էդ աստիճանի լկտի լինել ու ոլորտներում, որտեղ չես կարող հավատալ»։
Ըստ նրա՝ ամենամեծ վտանգը, որ այս իրավիճակին սպառնում է, ստի և ճշմարտության հարցում կոմպրոմիսի գնալու խնդիրն է. «Հիմա հասկանում եմ, որ կարող է այդպիսի վիճակ ունենանք, որ երբ դու չգիտես ճշմարտությունը, դա ուրիշ վիճակ է, բայց երբ դու գիտես, քո առաջ կանգնած է իրավիճակ՝ ի՞նչ անել էդ ճշմարտության հետ։ Ես հիմա ի պաշտոնե գիտեմ բազմաթիվ ճշմարտություններ, որ նույնիսկ չգիտեմ, երբեմն վստահ չեմ, որ հանրությունն այդ ճշմարտությունը իմանա, ինքը կասի՝ կառավարությո՛ւն, ինչ լավ ա՝ մեզ ճշմարտությունն ասեցի՞ր, թե՞ կասի՝ այս ճշմարտությունը մեզ պետք չէր»։
«168 Ժամ» թերթ