Եվրամիությունը հասկացավ Նիկոլ Փաշինյանի ելույթի իմաստը, թե ոչ

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, թե հավատացած է, որ եվրոպական ընկերություններն ուշադիր վերլուծում են Հայաստանում փոփոխություններն ու հետաքրքրված են այստեղ գործունեության հեռանկարով: Դեսպան Սվիտալսկին դրանից առաջ էլ հայտարարել էր, որ Հայաստանում տեղի ունեցողը հզոր առաջընթաց է, որը հնարավորություն է տալիս Հայաստանին գտնել նոր գործընկերներ Եվրոպայում և աշխարհում:

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ինչպես բոլոր ուղղություններով, այնպես էլ Եվրամիության ուղղությամբ առկա էր ակնհայտ շփոթություն: Մի կողմից Հայաստանի նոր իշխանությունը և դրա կազմավորման ու այլ բարդությունները, ներառյալ կադրային, մյուս կողմից՝ Եվրոպայից Հայաստանում տեղի ունեցածի հանդեպ վերաբերմունքի խնդիրը, տեղի ունեցածը հասկանալու, ըմբռնելու խնդիրը:

Հունիսի 26-ին Բրյուսել այցից հետո Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը, որ Երևանին չի բավարարում Եվրամիության հետ հարաբերության այն ծավաը, որ կար նախկին իշխանության ժամանակ, և նոր իշխանությունը փոփոխությունների շնորհիվ ակնկալում է ավելին, դիտարկվեց իբրև ճգնաժամ ԵՄ-ի հետ հարաբերություններում, իբրև անհարկի կոշտություն: Իրականում, սակայն, ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնում էր ոչ միայն այն, ինչ պետք է նոր իշխանությանը կամ Հայաստանին, այլև այն, ինչ պետք է նոր Հայաստանում Եվրամիությանը, Եվրոպային:

Եվ եթե Եվրամիությանը պետք է հուսալի ներկայացվածություն հայաստանյան նոր իրականության մեջ, մասնակցություն նոր Հայաստանի հեռանկարներին, դեր այդ հեռանկարներում, ապա Եվրոպան պետք է ձգտի լինել հայաստանյան նոր իրականությանը համարժեք: Իսկ այդ իրականության առանձնահատկությունն այն է, որ Երևանը փորձում է աշխարհի տարբեր կենտրոնների հետ անցնել խոսակցության ոչ թե «ձեռք պարզողի», այլ ինքնիշխան սուբյեկտի դիրքերից:

Հետևաբար դա նշանակում է, որ տեսանելի հեռանկարում Հայաստանի հարցում բարձրանալու է մրցակցության աստիճանը, և ըստ այդմ՝ օբյեկտիվորեն Եվրոպայից պահանջվելու է ավելին: Ընդ որում՝ սա վերաբերում է ոչ միայն Եվրոպային, սա վերաբերում է բոլորին, այդ թվում՝ Վաշինգտոնին, այդ թվում՝ Մոսկվային, և բոլոր նրանց, ովքեր ունեն Հայաստանի հետ փոխադարձ շահեր և հետաքրքրություններ:

Եվ սա պայման չէ, այլ ընդամենը հարաբերության առողջացման փորձ, մրցակցության առողջացման փորձ, ինչը միմիայն բխում է այդ փոխադարձ շահերի տրամաբանությունից և ըստ այդմ՝ նաև այդ բաց ռեժիմի շնորհիվ տարաբնույթ շահերը մեկ կետում, առնվազն մեկ կետում՝ անվտանգության ու կայունության հարցում համադրելու հրամայականից:

Ահա այդ առումով, Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու վերջին հայտարարությունները հուշում են, որ ի տարբերություն Փաշինյանի հայտնի հայտարարությանը հաջորդած առաջին արձագանքների՝ Եվրամիությունը ներկայումս սկսել է ավելի ու ավելի խորությամբ ընկալել Հայաստանում տեղի ունեցողի թե՛ ներքին, թե՛ արտաքին համատեքստն ու նշանակությունը, ինչը օբյեկտիվորեն հուշում է չուշանալ, բաց չթողնել հնարավորությունը, ինչը պարզ տեքստով ասել էր Նիկոլ Փաշինյանը: Ներկայումս այդ իմաստով նկատելի է, որ Երևանն ու Եվրամիությունը սկսում են խոսել նույն տրամաբանությամբ, և անհրաժեշտ է ինտենսիվացնել այդ երկխոսությունը:

Նյութի աղբյուրը՝ 1in.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS