Այսօր ավտոբուսը սարսափելի ծանրաբեռնված էր: Շնչելու օդ չկար:
Ռոսիայի կանգառում մի կերպ, ուղևորների միջով ճանապարհ բացելով, խցկվելով կարողացա իջնել:
Միշտ մի քանի կանգառ առաջ ձեռքումս պատրաստ պահում եմ գումարը, որ պիտի տամ վարորդին իջնելիս: Գումարը տվեցի, մանրը վերցրեցի ու իջա:
Մտքերով ընկած մանրը դրեցի գրպանս ու զգացի, որ գրպանումս ինչ-որ բան կա:
Ա՜յ քեզ բան, այն, որ ավտոբուսում գողություն են անում լսել էի, բայց, որ գրպանումդ բան են դնում, չէի լսել:
Հանեցի տեսնեմ թուղթ է, վրան համար էր գրված ու գեղեցիկ ձեռագրով գրված էր՝ զանգահարիր ինձ:
Դե արդեն պատկերացրեք ինչեր անցան մտքովս…
գուցե այն շլացուցիչ կազմվածքով շիկահե՞րն էր նամակը գրողը, որ մի պահ նայեց ինձ ու հայացքը արագ թեքեց:
Քայլում էի դեպի տուն ու արդեն մտովի հազար անգամ խոսել էի հետը, խոսակցությունը ամեն անգամ տարբեր ընթացք էր ստանում…
Վերջապես հասա տուն: Տան ճանապարհը դեռ այսքան երկար չէր եղել ինձ համար:
Արագ բարձրացա տուն: Տանեցիներին առանց բարևելու, առանց կոշիկներս հանելու, գրեթե վազելով հասա սենյակս ու դուռը կողպեցի ներսից…
Մի քանի վայրկյան արագ ինձ տրամադրեցի ու զանգահարեցի: Լսափողի միջից շատ նուրբ կանացի ձայն լսվեց.
-Ալո… Ես էլ որքան կարող էի առնական ձայնով ասացի.
-Բարև Ձեզ, կասե՞ք ով է խոսում: -Սա ավելորդ քաշի դեմ պայքարի կլինիկայից է, ինչո՞վ կարող ենք օգնել…
Դե իհարկե… ինձ երբեք ոչ-ոք նման «կոմպլիմենտ» դեռ չէր արել…