Երբ տես նում ենք տшնկերը, միшբшն վում ենք, հենց պшտե րшզմը վերջшնում է՝ իրшր ենք ուտում. Հրшյր Ուլուբшբյան

53 տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 1–ին Ստեփանակերտի մերձակայքում տեղադրվեց «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը, որը շատերին հայտնի է «Արցախի պապիկ-տատիկը» անունով։ Արցախի խորհրդանիշ համարվող հուշակոթողը կառուցվել և տեղադրվել է Արցախի սրտում՝ չնայած նրան, որ Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը դեմ է եղել դրան և ամեն կերպ խոչընդոտել քանդակի տեղադրմանը։

Հուշարձանը խորհրդանշում է Արցախի հողի և ժողովրդի արմատների միջև ամուր կապը։ Հուշարձանի քանդակագործն է Սարգիս Բաղդասարյանը, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը։ Քանդակը «Մենք ենք, մեր սարերը» անունով կոչել է Արցախյան շարժման ակտիվ մասնակից, պատմաբան Բագրատ Ուլուբաբյանը։ Արցախի խորհրդանիշ հուշակոթողի նշանակության, արցախցիների պայքարի և պատերազմի մասին NEWS.am–ը զրուցել է Բագրատ Ուլուբաբյանի որդու՝ հրապարակախոս, հասարակական գործիչ Հրայր Ուլուբաբյանի հետ։

Այսօր ավելի քան խորհրդանշական է այս հուշակոթողի նշանակությունը հայության և առհասարակ Արցախի համար։ Ի՞նչ պատգամ է հղել սերունդներին ձեր հայրը՝ քանդակը կոչելով «Մենք ենք, մեր սարերը» անունով։

Հայրս մտերիմ է եղել քանդակի հեղինակ Սարգիս Բաղդասարյանի հետ և քանդակի կառուցման հարցում համագործակցել են։ Շատ մանրամասներ չգիտեմ իրենց շփումներից, քանի որ այդ ժամանակ դպրոցական եմ եղել։ Իսկ «Մենք ենք, մեր լեռները» անունը և ինքը՝ քանդակը, մեծ խորհուրդ ունեն։ Արցախցի ամուսինների պատկերով կոթողը պատվանդան չունի, կարծես սարերի միջից բարձրացել, կանգնել են՝ ոտքերը ամուր դրած հայրենի հողի մեջ։

Սա նշանակում է, որ արցախցին ամուր կառչած է իր արմատներին, Արցախը մեր պատմական տարածքն է, և մեր հողերի նկատմամբ 70 տարվա պատմություն ունեցող Ադրբեջանը չի կարող որևէ իրավունք ունենալ։ Իմ հայրն իր ողջ գիտակցական կյանքը նվիրել էր Արցախի փրկության, Արցախի ճշմարտացի պատմությունն աշխարհին ներկայացնելու գործին։

Նժդեհի գաղափարախոսությունն էլ էր հենված այդ արժեքների վրա՝ «Հայաստան և ճշմարտություն»։ Իսկ ճշմարտությունն ուժ է, այն պետք է ավերի, քանդի բոլոր տեսակի կեղծիքները։ Մենք մեր հերթին պետք է վեր հանենք պատմական ճշմարտությունը և թե՛ քաղաքական, թե դիվանագիտական ասպարեզներում ներկայացնենք աշխարհին։

Ձեր հայրը Արցախի պատմությանն ու մշակույթին նվիրված պատմագիտական աշխատությունների հարուստ ժառանգություն է թողել, որը, ցավոք, քիչ է ուսումնասիրված։ Այսօր ի՞նչ կռվան պետք է օգտագործել Ադրբեջանի՝ «տարածքային ամբողջականության» խաղաքարտի դեմ, եթե աշխարհը փաստացի աչք է փակում դրան հակակշիռ՝ արցախցիների ինքնորոշման իրավունքի վրա։

Մեր սխալներից մեկն այն է, որ տարիներ շարունակ Արցախի պատմությունը ամբողջությամբ չենք մատուցել սերունդներին, մեր պատմական հողերի մասին կիսատ–պռատ ենք խոսում, պետական մակարդակով խուսափում ենք անընդհատ կրկնել, որ Արցախն իր տարածքային ամբողջականությամբ է պատմական Հայաստանի մաս։

Մեր երկրի ղեկավարները, արտաքին գերատեսչությունների ղեկավարները, խոսելով ԼՂԻՄ շրջակա յոթ շրջանների մասին, ասում են, որ այն անվտանգության գոտի է. ինչու՞ ենք վախենում նշել, որ դրանք մեր պատմական տարածքներն են, մինչև Կուր են ձգվում մեր պատմական Արցախ և Ուտիք նահանքները, Աղդամը մեր պատմական Տիգրանակերտն է, սրանք անհերքելի փաստեր են, որոնց մասին պետք է աղաղակել։

Մեր վարչապետն ասում է՝ սա միայն տարածքի վեճ չէ, Ադրբեջանն ուզում է էթնիկական զտում անել։ Հերիք է այդ արտահայտությունն անենք. թուրքը ցեղասպանություն է իրականացնում, իր «պանթուրանիզմի» ծրագիրն է իրագործում, ուզում է «Մեծ Թուրան» ստեղծել և դրա ճանապարհին Արցախն ու Հայաստանը խոչընդոտում են նրան։

Մենք պետք է անընդհատ խոսենք մեր պատմական տարածքների վերականգնման մասին, Շահումյանի, Գետաշենի, Նախիջևանի վերադարձի, թույլ չտանք, որ Ադրբեջանը զավթի Արցախը և մի բան էլ հայտարարի Երևանն ու Զանգեզուրը գրավելու ցանկության մասին։ Մի՞թե Արցախի դեմ սանձազերծած պատերազմն էր այն գինը, որպեսզի գիտակցեինք, որ 100 տարի անց էլ թուրքը չի փոխվել։

Ցավով պիտի նշեմ, որ այսօր մեր պետական այրերը խուսափում են «պանթուրանիզմի» գաղափարի և դրա վտանգների մասին խոսել։ Հասարակությունում շատերն անգամ չգիտեն, ինչ ասել է «պանթուրանիզմ», կան մարդիկ, որ նոր են տեսնում Թուրքիայի կազմած այն քարտեզները, համաձայն որոնց՝ «Մեծ Թուրանը» պիտի ձգվեր Բոսֆորից մինչև Ալթայ, ընդգրկեր Անդրկովկասը, Միջին Ասիան։

Թուրքիան նոր չի վերսկսում այս ծրագիրը, Մինսկի խմբիի գործունեությանը զուգահեռ սկսել է գործել պանթուրանիզմի գաղափարն իրականացնող Թուրքիայի, Ադրբեջանի և Միջին Ասիայի պետություններին դաշինքը։ Թուրքիան իրականացնում է պանթուրանիզմի գաղափարը թե՛ ներքին, և թե՛ արտաքին քաղաքականության մեջ երեք եղանակով. ասում է՝ կամ ապրում եք մեր տարածքում հավատափոխ ու լեզվափոխ եք լինում, կամ մեր ճանապարհն եք բացում, իսկ եթե երկուսն էլ մերժում եք՝ պետք է կոտորենք։

Սրանք զուտ Թուրքիայի ցանկությունները չեն, որ մնացել են քարտեզի վրա, սրանց ուղղությամբ Թուրքիան կազմակերպված աշխատանք է տանում։ Իսկ պանթուրանիզմի վտանգաների մասին Նժդեհը դեռ շատ տարիներ առաջ է մեզ զգուշացրել։ Թուրքը մնացել է թուրք, նա չի փոխվում։ Մենք պետք է մեր առջև դնենք պանթուրանիզմից պաշտպավելու և մեր երկիրը զարգացնելու գաղափարախոսությունը։

Ցավոք, մենք կտրվել ենք մեր ազգային արմատներից։ Այսօր մարդիկ խոսում են ազգային արժեհամակարգի ձևավորման մասին, բայց ոչ ոք չի ասում, թե ինչպես. նո՞ր պետք է ստեղծենք, թե՞ եղածը վերաիմաստավորենք։ Այսօր մեր ազգային արմատները, որոնցից պետք է հոգևոր սնունդ առնենք՝ Նժդեհն է, իր գաղափարախոսությամբ և Թումանյանն՝ իր Վերնատնով. նրանց լսելով պետք է հասկանալ, թե որ արժեքները պետք է ընտրենք։

Օրերս ՌԴ նախագահը, խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության արմատների մասին՝ հիշեցրեց հայ ժողովրդի նկատմամբ մի քանի տասնամյակ առաջ կատարված դաժան հանցագործությունների մասին՝ փաստելով, որ Սումգայիթում, ապա նաև Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ ծանր հանցագործություններ են կատարվել։ Լինելով Սումգայիթի հայերի իրավունքների պաշտպանության նախաձեռնող խմբի ղեկավարը, համամի՞տ եք այն կարծիքին, որ այսօր Արցախում տեղի ունեցողը Ադրբեջանի անպատժելիության հետևանքն է։

Ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի։ Թուրքիան իր ցեղասպան քաղաքականությունը շարունակել է Ադրբեջանի միջոցով՝ Սումգայիթի, Բաքվի կոտորածներով, ինչպես նաև Նախիջևանը դատարկելով։ Սումգայիթի և Բաքվի ոճրագործությունները պետք է հստակ որակվեն ցեղասպանություն։

Ես ունեմ բոլոր փաստերը, որպեսզի մենք «Ցեղասպանություն հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի հիմքով դիմեինք ՄԱԿ–ի միջազգային դատարան՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և հետագա ցեղասպանությունները կանխելու նպատակով։

Իսկ մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանն էլ «Խոջալուի դեպքերով» կդիմի միջազգային դատարան՝ հաշվի առնելով, որ տասնամյակներ շարունակ այդ պետությունը, քողարկելու համար Սումգայիթի դեպքերը, սեփական «ցեղասպանության» առասպելն է հյուսել և դրանով թոզ է փչում աշխարհի աչքին։

Ադրբեջանն իր նավթադոլարներից միլիարդներ է ծախսել Խոջալուի դեպքերը կեղծելու եւ դրանք աշխարհին ներկայացնելու վրա, սակայն առկա են պատմական և իրավական լուրջ հիմնավորումներ, անգամ ադրբեջանցի գործիչների վկայություններ, որ այդ դեպքերը Ադրբեջանի ներքաղաքական բախումների հետանքն են։ Իհարկե, բացառված չէ, որ Ադրբեջանը կդիմի այդ քայլին և կփորձի իր նավթալորարներով ազդել միջազգային դատարանի վրա, սակայն չեն կարող հաշվի չնստել անհերքելի փաստերի հետ։ Բոլորը պատերազմում հաղթելու ելքը տեսնում են համախմբման մեջ, բայց սահմանափակվում են միայն կոչեր անելով։ Ո՞րն է ելքը, ինչպե՞ս պետք է միաբանվել։

Այն, որ նոր աշխարհակարգի ձևավորման գործընթաց է գնում, անվիճելի է, այն, որ Թուրքիան և Ադրբեջանը կազմաքանդվելու են՝ ևս։ Բայց մինչ այդ ինքներս պետք է վերհանենք մեր սխալները, պետք է հրաժարվենք կեղծ արժեքներից։ Մենք մինչև մեր կաշվի վրա չենք զգում փորձությունը, չենք գնահատում եղածը։

Երբ տեսնում ենք տանկերը, մեր զոհերին, նոր միաբանվում ենք, բայց հենց պատերազմը վերջանում է ՝ իրար ենք ուտում, իրար ոտքի տակ փորում։ Ամեն անգամ ցիտում ենք Չարենցին, որն ասել է՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», բայց մինչև հիմա իր ասածը չենք հասկացել, թե ինչպե՞ս պետք է միաբանվել, երբ պատերազմը չկա, երբ տանկերը չկան, երբ զոհեր չկան։ Այս հարցի պատասխանն առաջին հերթին մեր մտավորականները պետք է տան։

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Լուսանկարում Բագրատ Ուլուբաբյանը «Մենք ենք, մեր սարերը» քանդակի հեղինակ Սարգիս Բաղդասարյանի հետ

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS