Երկրորդ երեխայի ծննդյան նպաստը պետք է եռապատկել եւ սահմանել 150 հազար դրամ. Մ. Թանդիլյան

«Հայկական ժամանակ»-ը գրում է․

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը Կառավարության քննարկման է պատրաստվում ներկայացնել «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու եւ վճարելու կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման մեջ փոփոխության առաջարկ:

Այս մասին նախարարը գրել է ֆեյսբուքյան իր էջում: Նախնական քննարկումների արդյունքում առաջարկվում է 2018 թվականի հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել՝ 50.000 դրամի փոխարեն սահմանել 150.000 դրամ: Մանե Թանդիլյանը վստահեցնում է, որ նշված փոփոխությունը պետական բյուջեից երեխայի ծննդյան նպաստների հատկացումների բյուջեի վրա էական ազդեցություն չի ունենա:

Նշում նաեւ, որ առկա նպաստների չափերը հեռու են բավարար լինելուց, սակայն 2017 թվականին հաստատված պետական բյուջեի շրջանակներում այս փուլում պետք է կատարել հնավորինս փոքր փոփոխություններ:

«Ժողովրդագրական խնդիրները եւ աղքատության բարձր մակարդակը Կառավարության սոցիալական ոլորտի գլխավոր առաջնահերթություններից են, որտեղ առկա են բազմաթիվ խնդիրներ: Հասկանալով, որ բոլոր խնդիրները միանգամից եւ արագ լուծել հնարավոր չէ, միեւնույն ժամանակ, նախարարությունը յուրաքանչյուր օր առկա ռեսուրսների շրջանակներում, անելու է առավելագույնն արձանագրելու թեկուզ փոքր ձեռքբերումներ: Առաջիկայում նշված հարցին կտրվի ավելի համապարփակ եւ արդյունավետ լուծում՝ վերանայելով նաեւ ընտանեկան դրամագլխի տնօրինման կարգը»,- գրում է նախարարը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS