Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը սոցկայքի իր էջում գրել է. «Երևանի աղբահանությունը կազմակերպելը՝ որպես ապագա քաղաքի կառավարման քննություն, Երևանի քաղաքապետի և ավագանու հարգելի թեկնածուներ, ձեր քարոզարշավի ընթացքում Երևանն ավելի ու ավելի է ընկղմվում աղբի մեջ, թե՛ բազմաբնակարան շենքերի աղբահանությունը չի իրականացվում, թե՛ փողոցների աղբանների աղբակույտերն են սարեր դառնում: Ճիշտ ժամանակն է հասկանալու, թե հռետորաբանությունից ու խոստումներից անդին ձեզնից և ձեր թիմը ներկայացնող ավագանու հավակնորդներից ով ինչի է ընդունակ՝ ով կարող է հենց հիմա ազդել Երևանի քաղաքապետարանի վրա՝ այս սարսափելի չափերի հասնող աղբը հավաքելը կազմակերպելու, կամ ով կարող է առանց կոնկրետ վարչական լծակների կազմակերպել աղբահավաքությունը: Երևանը մեր և ձեր տունն է ոչ միայն քաղաքապետի ընտրություններից հետո, այլ, նաև, մինչ այդ: Դե, մի բան արեք, կազմակերպեք մեր ու ձեր տան մաքրությունը, ուզում եք՝ շաբաթօրյակ կազմակերպեք, ուզում եք՝ մեքենաներ վարձեք, կամ կամավորներ հրավիրեք, ուզում եք՝ արագ դատի տվեք քաղաքապետարանի թաղապետարանների համապատասխան ծառայություններին, օրենքի թույլտվության շրջանակներում ինչ ուզում եք արեք, ապացուցեք Երևանի բնակիչներին, որ դուք գործունյա և հարցեր լուծող եք ոչ միայն վարչական լծակներով, այլ ստեղծագործ լուծումներով ապագա վարչարարներ եք: Դուք կարո՞ղ եք շարունակել հանդուրժել, որ երեխաները դպրոց են գնում այս աղբակույտերի միջով, որ բազմաբնակարան շենքերում աղբատարի հոտից և անարգել բազմացող առնետներից փախչում են, կարո՞ղ եք հանդուրժել, որ մարդիկ քաղաքապետի ընտրություններին գնան այս աղբակույտերի միջով: Եթե կարող եք հանդուրժել, ապա երևանցիները ձեզ գուցե չվստահեն քաղաքապետի և ավագանու պաշտոնները»։ |
«Երևանի քաղաքապետի հարգելի թեկնածուներ, ձեր քարոզարշավի ընթացքում Երևանն ավելի ու ավելի է ընկղմվում աղբի մեջ»․ Հրանուշ Խառատյան

Աղբյուրը` Հրանուշ Խառատյանի ֆեյսբուքյան էջ