Զույգը 27 տարի երեխա չունենալուց հետո հրաշք եռյակ է ունեցել՝ մեկ տղա և երկու միաձու աղջիկ

Ամբողջ 27 տարի 46-ամյա Նարինե Մարտիրոսյանը և նրա ամուսինը՝ Գևորգ Ասատրյանը երազել են երեխա ունենալու մասին: Նրանց երազանքը վերջերս վերջապես իրականություն է դարձել, ավելին՝ մեկ երեխայի փոխարեն, նրանք միանգամից երեքն են ունեցել՝ տղա և երկու միաձու աղջիկ:

Նարինեն և Գևորգը գրեթե երեք տասնամյակ չեն նստել ձեռքները ծալած՝ հրաշքի սպասմամբ. նրանք փորձել են բուժման բոլոր հնարավոր մեթոդները, այդ թվում՝ մի քանի անգամ ԱՄԲ են կատարել Մոսկվայում: Ի վերջո՝ նրանք կարևոր որոշում կայացրին. վերադառնալ հայրենիք և բուժումն այստեղ շարունակել: Եկան Երևան և դիմեցին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, որը Հայաստանում այս ոլորտում ամենամեծ փորձն ունի. այստեղ ԱՄԲ են կատարում 2004 թվականից:

Երրորդ փորձից, վերջապես, երկար սպասված հղիությունը սկսվել է: Իսկ ՈՒՁՀ կատարելիս ապագա ծնողները և բժիշկները տեղեկացել են անսպասելի նորությանը՝ Նարինեն եռյակով էր հղի:

Ինչպես նշեց Մոր և մանկան ԳՀ կենտրոնի ղեկավար Գեորգի Օկոևը, այս հղիությունը եզակի է, քանի որ երեխաները նախապես պետք է առավելագույնը երկուսը լինեին՝ երրորդը, պարզվում է, «բոնուս» է. ԱՄԲ միջամտություն կատարելիս Նարինեի արգանդ են տեղափոխել միայն երկու սաղմ, սակայն դրանցից մեկը երկու մասի է բաժանվել, և ստացվել են երկու միաձու աղջիկներ ու մեկ տղա:

«Ես դեմ եմ ԱՄԲ ժամանակ 3 սաղմի փոխադրմանը. եթե բազմապտուղ հիղություն ստացվի, այն կարող է բազմաթիվ խնդիրներով և վտանգներով ուղեկցվել՝ երեխաներն, ավելի շուտ, ժամկետից վաղ կծնվեն, անհաս,- պարզաբանեց պրոֆեսորը: – Այս պատճառով կնոջ արգանդ ենք տեղափոխել միայն 2 սաղմ: Բայց դրանցից մեկը կիսվել է, և ստացվել են երկու աղջիկ ու մեկ տղա՝ արդեն երկրորդ սաղմից: Սա անսպասելի էր թե՛ մեզ համար, թե՛ ծնողների»:

Բարեբախտաբար, Նարինեի հղիությունը նորմալ է անցել, և 34-րդ շաբաթում կեսարյան հատմամբ եռյակը ծնվել է՝ 1650, 1950 և 1850 գրամ քաշերով: Նրանք 2 շաբաթ անցկացրել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, իսկ այսօր արդեն նրանց տեղափոխել են հիվանդասենյակ՝ ծնողների մոտ, որոնք նրանցից աչքները ոչ մի կերպ չեն կարողանում կտրել: Նրանք արդեն մտածել են երեխաների անունները՝ Էլինա, Լիա և Էդգար:

Բավականին երկարատև բուժման և ԱՄԲ անցկացման ընթացքում Նարինեի հետ աշխատել են անձամբ պրոֆեսոր Օկոևը և վերարտադրողականության ոլորտի բժիշկ Լուսինե Բալայանը: Պրոֆեսորի խոսքով՝ Նարինեն «իդեալական հիվանդ» էր. բուժմանը մեծ պատասխանատվությամբ էր վերաբերվում, բժիշկներին վստահում էր, նրանց հետ երբեք չէր վիճում և անում էր այն ամենը, ինչ նրանք պահանջում էին՝ հավանաբար սա ևս իր դերակատարումն ունեցավ հաջողության գործում:

«Կարևոր է, որ զույգերը, որոնք ցանկանում են ԱՄԲ-ի դիմել, հասկանան, որ հազավադեպ է առաջին իսկ փորձից հաջողվում հղիանալ, հատկապես եթե ծնողները մեծահասակ են: Բայց չպետք է հույսը կորցնել և լսել բժիշկներին՝ այդ դեպքում ամեն ինչ կստացվի»,- նշեց պրոֆեսորը:

Բժշկական շատ կենտրոններ ձգտում են ԱՄԲ համար զույգերի չընդունել, որում կինը 40-42 տարեկանից մեծ է. ծնողները որքան տարիքով են, այնքան փոքր է ԱՄԲ դեպքում հաջողության հավանականությունը: Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀ կենտրոնում, սակայն, այսպիսի զույգերին չեն մերժում:

«Մենք ջանում ենք զույգերին երբեք «ոչ» չասել՝ անկախ նրանց տարիքից: Եթե մենք աշխատեինք միայն երիտասարդ զույգերի հետ, մեր ցուցանիշներն, իհարկե, շատ ավելի բարձր կլինեին: Բայց այդ դեպքում ո՞վ կօգներ մեծահասակ զույգերին»,- հարցրեց Գեորգի Օկոևը:

Ի դեպ, Նարինեն ամենւին էլ ամենամեծահասակ հիվանդը չէ, որը ԱՄԲ միջոցով երեխա է ծնել Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀ կենտրոնում. ոչ վաղ անցյալում այստեղ է ծննդաբերել նաև 54-ամյա մի կին, ճիշտ է՝ այս դեպքում միայն մեկ երեխա է ծնվել:

Իսկ հենց այս պահին Կենտրոնի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում են գտնվում երկու զույգ երկվորյակներ, որոնց հղիացել են ԱՄԲ միջոցով և վերջերս են լույս աշխարհ եկել: Նրանք անհաս են, թույլ, բայց Կենտրոնի անձնակազմը նրանց խնամում է գիշերուզօր, որ նրանք արագ ամրապնդվեն և կարողանան ծնողների հետ տուն գնալ, որոնք նրանց այնքան երկար են սպասել:

med.news.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS