Էխոն աղջիկ ցույց տվեց, աբորտից հետո իմացանք տղա էր. Երեխայի սեռով պայմանավորված աբորտները Հայաստանում ոնց եղել են գաղտնի ու փակ դռների ետևում այնպես էլ մնացել են…

medialab.am-ը գրում է. 30-ամյա Աննան վերջին մեկ տարվա ընթացքում երկու անգամ հղիության արհեստական ընդհատում է արել՝ մեկը 14 շաբաթականում, մյուսը՝ 13: Նրա չծնված երկու երեխաներն էլ տղա էին, թեպետ երիտասարդ կինը նրանցից ազատվել էր որպես աղջիկներ:

«Էխոն սեռը ցույց տվեց աղջիկ, երկու աղջիկ արդեն ունեինք, ամուսինս չէր ուզում, որոշեցինք հանել: Գնացի Երևան, հանեցինք, հետո բժիշկներն եկան, ասեցին, որ երեխեն տղա էր: Երկու անգամ էդպես էղավ»,- «Մեդիալաբին» հուզմունքով պատմում է Աննան, որը ոչ մի կերպ չի ուզում համակերպվել տեղի ունեցածի հետ։Աննայի ափերի մեջ հղիությունների վերջին փաստն է՝ արդեն մաշված, ուլտրաձայնային հետազոտության ժամանակ արված պտղի լուսանկարը։ Ամեն անգամ սև-սպիտակ լուսանկարին նայելով կինը սկսում է արտասվել։

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում Աննան միակը չէ, ով տղա ունենալու համար դիմել է ծայրահեղ քայլին․ պտղի սեռով պայմանավորված սելեկտիվ աբորտներն այստեղ շարունակվում են։

Չնայած վերջին տարիներին սելեկտիվ աբորտների դեմ տարվող տեղեկատվական լայնածավալ ծրագրերին, Հայաստանում սելեկտիվ աբորտների խնդիրը դեռևս խիստ արդիական է, իսկ Գեղարքունիքի մարզը այս հարցում, ըստ մասնագետների՝ ռեկորդակիր։

Հայաստանում աբորտները օրենքով թույլատրված են մինչև 12 շաբաթական ժամկետը։ 2016 թվականին ընդունած օրենքի փոփոխությունների`«բժշկի կողմից բԺշկական կամ սոցիալական ցուցումների` նախատեսված կարգով ընդունված ցանկում չնախատեսված որեւէ այլ դեպքում, ներառյալ՝ սեռով պայմանավորված 12-ից մինչեւ 22 շաբաթական ընդհատումն արգելվում է»։

Հղիության արհեստական ընդհատումը ապօրինաբար կատարելը քրեականացված է և առաջացնում է պատասխանատվություն՝ տուգանքից մինչև ազատազրկում:

Սակայն, հաշվի առնելով, որ երեխայի սեռը գործնականում հնարավոր է պարզել 12 շաբաթական հղիությունից հետո միայն, պարզ է դառնում, որ այս տիրույթում կատարվող գործողությունները մնում են թաքնված և անվերահսկելի։ Վիճակագրությունն այս մասով թերի է․ սեռով պայմանավորված աբորտները Հայաստանում ինչպես եղել են թաքնված, այդպես էլ շարունակում են մնալ փակ դռների հետևում:

36-ամյա Գայանեի (Իջևան) մոտ հղիության ընդհատման վիրահատությունը երևանյան բուժհաստատություններից մեկում արվել է նույն մեթոդով՝ գաղտնի, տևել է մի քանի ժամ։ Ասում է՝ ծառայության համար վճարել է 30 հազար, սակայն ամեն ինչ արվել է առանց գրանցման ու արձանագրության։

Գայանեն նշում է, որ հստակ որոշել էր, որ պիտի ազատվի աղջիկ երեխայից. «Մեռնեմ էլ, իմ ամուսնու համար մի տղա պետք ա ունենամ»:

Փորձառու մանկաբարձ-գինեկոլոգը, որը նախընտրեց անանուն մնալ, նշում է, որ այս ոլորտում օրենքները մեծ հաշվով չեն գործում։ Նա նաև նշում է կանանց առողջության համար առկա մեծ ռիսկի մասին՝ հաշվի առնելով, որ սելեկտիվ աբորտները կատարվում են հղիության ավելի ուշ ժամկետում, երեխայի սեռը պարզելուց հետո։

«Որպես այս կաթսայի մեջ եփվող մարդ՝ ասում եմ, որ այդ օրենքը չի աշխատում: Անպայման կգտնվի մի բժիշկ, որը ծանոթի միջոցով կամ հավելյալ գումարով կանի աբորտ: Որևէ տարբերակ չկա ապացուցելու, որ աբորտը սեռով պայմանավորված է․ ասում են՝ զարգացման արատ կար, դե արի ապացուցիր, որ այդպես չի եղել, կամ առհասարակ թաքցնում են, դե արի ու բացահայտիր՝ եղե՞լ է այդ աբորտը, թե՞ ոչ», — «Մեդիալաբին» ասում է նա։

Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, հակառակը, կարծում է, որ վերջին տարիների օրենքի ընդունումից հետո իրավիճակ է փոխվել, և աղջիկ-տղա ծնունդների հարաբերակցությունը զգալիորեն բարելավվել է: Ավելին, պաշտոնյան կարծում է, որ 13 շաբաթականից հետո սեռով պայմանավորված աբորտներ արգելելը խստացում էր:

«Մենք դեռևս 2014-ին շրջանառության մեջ դրեցինք մի նախագիծ, որը պետք է արգելեր մինչև 30 շաբաթական հղիությունը կնոջը ասել երեխայի սեռը: Բայց մարդու իրավունքներով զբաղվող բոլոր կազմակերպությունները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանը մեզ ասացին, որ նման քայլ անելու իրավունք չունենք, քանի որ դա հակասում է անձի բուժսպասարկում ստանալու մասին օրենքին՝ յուրաքանչյուր անձ ունի իրավունք ստանալ տեղեկություն իր և պտղի առողջության մասին:

Հետևաբար, մենք չէինք կարող գնալ այդ քայլին: Այդ ուղիով գնացել է Հնդկաստանը, որտեղ դատում են նույնիսկ կնոջը, որը փորձել է իմանալ երեխայի սեռը, բայց ոչ մի արդյունքի չի հասել»,- նշում է Գայանե Ավագյանը:

2008-2012 թվականներին ծնված երեխաների մեջ աղջիկ-տղա միջին հարաբերակցությունը կազմել է 100-115, 2014-ին` 100-113.4, 2015-ին` 100-112.7, 2016-ին` 100-111.9, 2017-ին` 100-109.8: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ 2018-ին ցուցանիշը մեկ նիշով աճել է՝ 100 աղջկա դիմաց 111 տղա:

Ըստ ՄԱԿ-ի կողմից հաստատված չափորոշիչների՝ առանց միջամտությունների, բնականոն է համարվում 100 աղջիկ երեխայի հաշվով 105 տղա երեխայի ծնունդը։

«Գիտեք՝ մեկ նիշով բարձրանալը կամ իջնելը լուրջ ստատիստիկա չէ, մենք այնքան բարձր ցուցանիշ ենք տեսել: Դա խոսում է միտումի մասին, որ կա իջեցում»,- ասում է Գայանե Ավագյանը:

Ի տարբերություն նախարարության մասնագետի, ով խոսում է դրական դինամիկայի մասին, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամում (ՄԱԲՀ/UNFPA) մտահոգիչ միտումներ են նկատում:

1999 թվականից ի վեր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը Հայաստանում տարաբնույթ ծրագրեր է իրականացնում։ Այս կառույցն առաջինն էր, որ բարձրաձայնեց Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հիմնախնդրի մասին, իսկ 2013-ին այն հաղթահարելու լայնածավալ արշավ նախաձեռնեց։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS