Ընդհուպ մինչև՝ «կսպանենք քեզ»:

Tert.am-ի հետ զրույցում պատմաբան, քաղաքական վերլուծաբան Հրանտ Տեր-Աբրահամյանն անդրադառնում է նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակմանն ու ֆեյսբուքյան դաշտում տիրող իրավիճակին:

-Պարո՛ն Տեր–Աբրահամյան,  Հունան Պողոսյանի նշանակումը Նիկոլ Փաշինյանի կողմից մատուցվեց որպես ապացույց, որ հետհեղափոխական Հայաստանում չկա և չի կարող լինել  քաղաքական ռասիզմ: Այսուհանդերձ, մարտիմեկյան դեպքերից հետո «քաղաքական զբոսանքների» և քաղաքական ակցիաների մասնակցող   բազմաթիվ Հայ ազգային կոնգրեսի անդամներ, շրջանակներ, որոնց անձամբ հարում եք, այդ նշանակումից շոկ ապրեցին: Եվ հասարակական քննարկման հիմնական տոնայնությունն այն է, որ Հունան Պողոսյանը «սև» է: Ավելին՝ մի իրավապաշտպան նշեց, որ շատ ավելի սև, քան Մալևիչի հանրահայտ «քառակուսին»:

– Այս հարցին պետք է նայել 2 կետով. սկզբունքային և քաղաքական-տակտիկական: Նախ, համաձայն չեմ, որ միայն կոնգրեսականները, շատ ու շատ տարբեր շրջանակների կողմից դժգոհություններ եմ տեսել: Սկզբունքային տեսակետից մնում եմ այն կարծիքին, որ, այո, կադրային քաղաքականությունը որքան էլ կարևոր է, այնուամենայնիվ,  չափից ավելի սևեռվել ամեն մի նշանակման վրա իմաստ չունի, որովհետև, ի վերջո, կա մի շատ ավելի կարևոր սկզբունք, որ, օրինակ, դու կարող ես հրաշալի բանակ ունենալ, բայց եթե այն ղեկավարվի շատ վատ, այդ բանակը կպարտվի: Եվ հակառակը:

Հիմա խոսենք քաղաքական իմաստի մասին, որն էլ բաղկացած է երկու մասից ՝ ստրատեգիական և մարտավարական:  Ստրատեգիական, որովհետև ինչքան էլ ուզենք, հնարավոր չէ երկիրը կառավարել միայն ու միայն նախկին էլիտաների հետ թշնամանալով: Անհրաժեշտաբար, որոշ կոմպրոմիսների պետք է գնալ, որովհետև այդ թշնամանքը, ի վերջո, վերածվելու է կազմակերպված դիմադրության: Մի բան, որն ընդամենը ընտրություններով չի լուծվելու: Մարդկանց թվում է, որ ընտրությունները կլինեն, և այդ կազմակերպված դիմադրության  հարցը կլուծվի: Ոչ, դեռ մի բան էլ հակառակը: Դրա համար, նախկին էլիտաների հանդեպ որոշ չափով  կոմպրոմիսային ու ճկուն քաղաքականություն ցանկացածի մոտ, ով էլ լինի կառավարության տեղը կանի: Ի դեպ, անձամբ շատ ավելի ճկուն ու կոմպրոմիսային քայլեր կանեի: Եվ պաշտոնի նշանակելը, ըստ իս, շատ ավելի արտաքուստ կոմպրոմիսային է: Սա ստրատեգիական իմաստով. իսկ մարտավարական իմաստով՝ մի դիտարկում. հոկտեմբերը մի փոքր ճոճանակային էր…

-Ձեր ասածը որքանո՞վ է տեղավորվում  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գերիշխող տրամադրությունների հետ: Այսինքն՝ ոչ միայն որևէ նախկին պաշտոնյայի հանդեպ, այլև եթե ինչ-որ մի մարդ նոր իշխանությունների դեմ ընդհանուրից առանձնացող կարծիք է հայտնում, հարձակվում են հոծ բանակներով, որոնց մի մասը, շատերի գնահատմամբ, «ֆեյքեր» են:

-Մեծ հաշվով, «Ֆեյսբուքն» ամեն մեկի անձնական տարածքն է, և այդ հայհոյանքները տարբեր կողմեր են ուղղված ու նորություն չեն:  Ես երևելի գործիչ չեմ, բայց այս ընթացքում, որքան հրապարակային հանդես եմ եկել, միշտ բազմաթիվ անիմաստ արձագանքներ եմ ստացել: Ընդհուպ մինչև՝ «կսպանենք քեզ»: Մարդ կար՝ կոնկրետ խոստացել էր՝ «կգամ Երևան, քեզ կսպանեմ»: Բնականաբար, եկել է, ոչ մի բան չի եղել, քանի որ ֆեյսբուքյան այդ փուչ ոճը լուրջ ընդունել պետք չէ: Հետո, առհասարակ, եթե մարդը մտնում է հրապարակային դաշտ՝ խոսքով, թե գործով, պետք է պատրաստ լինի, որ դա պայքարի դաշտ է, և շատ տարբեր շերտեր կան, մարդկային մակարդակներ, ու կարող են ամենաանմակարդակ բաները պատահել, սա անխուսափելի է:

-Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, որ բոլոր «ֆեյքերի» թելերը տանում են դեպի իշխանություն։

-Թույլ տվեք՝ նման բաների մի քիչ չհավատալ: Ըստ որում, խնդիրն այն էլ չէ, որ Նիկոլն այդքան լավն է, ուղղակի նման բաներ մշտապես ասվում էին նաև նախորդ տարիներին, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, երբ ամեն մի «եսիմ ինչը» մենք՝ ընդդիմադիրներս, այնքան էինք չափազանցնում, որ այ, այսինչ բանն անձամբ Սերժ Սարգսյանն է կազմակերպել… Հիմա էլ անձամբ Նիկոլ Փաշինյանը… մի քիչ անլուրջ է:

– Կա արդեն իսկ որոշակի տպավորություն, որ կադրային քաղաքականության հարցում բոլոր պետական կառույցները հիմա այնպես ՔՊ-ացվում են, ինչպես ժամանակին՝ ՀՀԿ-ացվում էին: Ու  մարդիկ լրիվ օբյեկտիվ իրողություն են ասում, որ ելնելով տվյալ կազմակերպության կանոնադրությունից՝ պետք է լինի նախագահ, քարտուղար կամ այլ պաշտոն, որի ներկայացուցիչը ՔՊ-ական է: Ու հիմա իրավիճակը սա է:

– Անկեղծ, այդ նշանակումներից բոլոր մանրամասներով տեղյակ չեմ, բայց իրավիճակն այն է, որ մենք դժգոհում ենք թե՛ նրանից, թե՛ սրանից: Այսինքն՝ դժգոհում ենք, երբ հանրապետական է նշանակվում, ասում ենք՝ ինչո՞ւ ՀՀԿ, իսկ երբ ՔՊ-ական են նշանակում, սրանից ենք դժգոհում: Բայց ՔՊ-ի հարցն իրոք լուրջ հարց է, և այստեղ, ըստ իս, խնդիրն այն է, որ իրենք մի փոքր փակուղային վիճակում են հայտնվել: Այո, մի կողմից տրամաբանական է, որ մարդիկ վստահեն իրենց թիմի անդամներին և կարևոր պաշտոնների նրանց նշանակեն: Ու սա միայն Հայաստանում չէ, աշխարհում ևս նորմալ պրակտիկա է, որ թիմային այդ երևույթը կարևոր է: Մյուս կողմից, իհարկե, միշտ կա վտանգը, որ դա մեզ նման երկրներում, որտեղ կայացած պետական ինստիտուտներ չկան, կուսակցականացման, հետո՝ այլասերման, հետո կարիերիզմի կբերի: Ես այստեղ մի ելք տեսնում էի, բայց կարծեք թե ոչ ոք դրան համաձայն չէ…

Ես մտածում էի, որ այս փուլում ավելի ճիշտ կլիներ ոչ թե կուսակցական ֆորմատներով աշխատել, այլ ավելի լայն՝ համաժողովրդական շարժման ֆորմատով, որպեսզի լայն ընդգրկում լինի, մարդիկ ներգրավվեն, որոնք կուսակցական չեն, կամ նոր են՝ շարժմանը մասնակցելով են ի հայտ եկել: Եվ իմ առաջարկն այն է, որ այդ ավելի լայն ֆորմատով փորձեին գործել և այնտեղից փորձեին զտել լավն ու վատը:

Ամբողջությամբ՝ tert.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS