Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ հեռախոսազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ ու շնորհավորել նրան:
Այդ տեղեկությունն ուշագրավ է ոչ միայն 2008 թվականից հետո Քոչարյան-Սարգսյան հարաբերությունների բավական լարված բնույթի, այլ նաեւ Հայաստանում ներկայում ծավալվող իրադարձությունների ու նախօրեին խորհրդարանում Սերժ Սարգսյանի արած
հայտարարության կապակցությամբ:
Նա հայտարարել էր, թե լուսավոր, բարգավաճ, զարգացող Հայաստան ունենալու համար պետք է, որ հանգած հրաբուխները չարթնանան, իսկ դրանք չեն արթնանա, եթե ոմանք չբզբզեն, հայտարարել էր Սերժ Սարգսյանը:
Թե ովքեր են հանգած հրաբուխները, ովքեր են բզբզողները, արդյոք Սարգսյանը այդ համատեքստում դիտարկում է նաեւ իր վարչապետության դեմ փողոցում ծավալված պայքարն ու շարժումը, պարզ չէ, նա չի մանրամասնել, իսկ լրագրողներն էլ չեն ունեցել նրան այդ կապակցությամբ հարց ուղղելու հնարավորություն:
Ի վերջո, իշխանության համար միշտ նախընտրելի մարտավարություն է հասարակական որեւէ զանգվածային ակցիա որակել ինչ որ մեկի բզբզոց, չհասկանալով կամ չուզենալով հասկանալ, որ հասարակությունը դժգոհ է պետության վիճակից, զարգացման որակից ու տեմպից, կառավարման արդյունքից, եւ այդ դժգոհությունն այնքան է, որ չունի ավելորդ բզբզոցի կարիք:
Թեեւ, իհարկե, անհերքելի է նաեւ, որ բզբզոցով միշտ կարելի է ավելացնել դժգոհության դրսեւորումը, գեներացնել այն: Այսպես թե այնպես, Քոչարյանի հեռախոսազանգը Սարգսյանին ուշագրավ է, եթե նկատի առնենք նաեւ այն, որ նախկինում նա կարծես թե Սարգսյանի որեւէ հաջողության հանդեպ չի ցուցաբերել առանձնահատուկ հետաքրքրություն, իսկ խորհրդարանի ընտրությունից առաջ էլ հայտարարեց, թե Հայաստանում քաղաքականությունը զիջել է փողին, եւ ինքը չի ցանկանում գործ ունենալ այդ ամենի հետ:
Ի վերջո, չէ որ Սերժ Սարգսյանի վարչապետությունն այդ ամենի արդյունք է, հետեւաբար Քոչարյանի շնորհավորանքը հետաքրքիր է: Չի բացառվում, որ նա շտապել է Սերժ Սարգսյանին հավաստիացնել, որ ինքը կապ չունի ոչ հրաբխի, ոչ բզբզոցի հետ: Եթե Քոչարյանը շտապել է հերքել որեւէ կապ, պետք է ենթադրել, որ նրան հայտնի է դարձել Սերժ Սարգսյանի կասկածի, իսկ գուցե նաեւ այսպես ասած պատասխան գործողության մասին, այն իմաստով, որ Սերժ Սարգսյանը «բզբզացողի» է փնտրում:
Բոլոր դեպքերում, ակնառու է, որ երկրորդ նախագահը շտապելով շնորհավորել Սարգսյանին, փորձում է իր վրայից հանել որոշակի կասկածներ կամ մեղադրանքներ: Ավելին, չի բացառվում, որ խոսակցությունը եղել է հենց այսպես ասած իրավիճակի պարզաբանման առիթով, իսկ շնորհավորանքը՝ իմիջիայլոց: Մյուս կողմից, բացառված չէ, որ Սերժ Սարգսյանն ունի իրավիճակի կապակցությամբ Քոչարյանի հետ խորհրդակցելու, «մասնագիտական խորհրդի» կարիք:
Իհարկե Սերժ Սարգսյանն այդ իմաստով իշխանության մեջ նոր չէ եւ ինքն է պատրաստվում իր փորձը փոխանցել երիտասարդներին, բայց տվյալ պարագայում նա գուցե ունի Քոչարյանի փորձի կարիք, թեկուզ խորհրդատվության կարգով: Հնարավոր է նույնիսկ, որ Սարգսյանը Քոչարյանին ավելի պարզ հայտնել է, որ կա խնդիր, եւ դրա լուծմանը խանգարելու կամ չաջակցելու դեպքում այն կդառնա երկուսինը:
Նյութի աղբյուրը` http://loool.info/archives/1762