«ՀՀ քաղաքացիներն են կայացրել որոշում, թե ով պետք է լինի Երևանի քաղաքապետ:
Իհարկե կա պնդում, որ որոշում կայացնելու պահին քաղաքացիների տրամադրությունը շատ բարձր է եղել, բայց դա կապ չունի: Այո, մի անգամ բարձր կլինի, մյուս անգամ՝ ոչ այնքան, հետո՝ սովորական… Առանցքային իմաստն այն է, որ որոշման կայացման ազատությունը երբեք կասկածի տակ այլևս չպետք է դրվի»,- Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողության ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետը:
Փաշինյանը խոսեց նաև նոր Երևանի կերպարի մասին ու այս համատեքստում ներկայացրեց ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի օրինակը. «Վերջերս շատ հաճախ հիշում եմ Տ. Մանսուրյանին ու հիշում իր մասին գրված մի հոդված: Ինչ-որ մի երկրում հերթական մրցանակն է ստանում, որը ներառում է դրամական պարգև: Մանսուրյանը վերադառնալով ՀՀ՝ առաջին գործերից մեկը որ անում է, գնում է հարկային ու ասում, որ եկամուտ է ստացել, որի մասին տեղյակ չեն: Հուսով եմ՝ սա ՀՀ նոր քաղաքացու կերպարը կլինի, որը ոչ թե պետք է մտածի՝ ինչ անի հարկ չվճարելու համար, այլ հակառակը»: