«Իմ սիրած երգիչը ես եմ»: Շառլ Ազնավուր

Այսօր 94 տարեկան հասակում մահացել է աշխարհում Հայաստանի խորհրդանիշը՝ ֆրանսիահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը: Համացանցն ու հայությունը չեն կարողանում հավատալ լեգենդար երաժիշտի մահվան լուրին, որովհետեւ Ազնավուրը հավերժ է՝ իր երգերով, իր կատարած հայանապաստ գործունեությամբ եւ իր լուսավոր էությամբ:

NEWS.am STYLE-ի այս անդրադարձը այն հռչակավոր հայի մասին է, որով ճանաչում են Հայաստանը: Ազնավուրն իր հայտնիության միջոցով աշխարհին է ներկայացրել եւ համոզված ենք՝ շարունակելու է ներկայացնել Հայաստանը, մեր մշակույթն ու Հայոց ցեղասպանության փաստը: Նրա աշխարհահռչակ հիթերն են Isabelle, She, La Boheme, Une Vie D’Amour, որը զուգերգ է հայտնի երգչուհի Միրեյ Մատյոյի հետ:

Ազնավուրը նաեւ հայտնի է մի շարք ֆիլմերից` «Կրակեք դաշնակահարի վրա», «Արարատ», «Արկածներ որոնողները», «Գլուխը պատին» եւ այլն:

Չնայած իր հռչակին` երաժիշտը շարունակում էր մնալ նույն համեստ եւ հասարակ հայը, որով հպարտանում  են իր բոլոր հայրենակիցները եւ որի պատվին կոչել են Երեւանի հրապարակներից մեկը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Շառլ Ազնավուրի հայտնի մտքերից մի քանիսը.

«Երբեք ոչինչ չեմ ունեցել, անգամ իմ տարիներն իմը չեն…»:

«Նույնիսկ, երբ մտածում ենք՝ սպասելիքներ չունենեք, մենք միեւնույն է սպասում ենք ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկին»:

«Կյանքում պետք է ազատվել ցանկացած խառնաշփոթից»:

«Իմ սիրած երգիչը ես եմ»:

«Մյուզիքլը ժանր է նրանց համար, ովքեր չեն կարողանում երգել»:

«Այն, ինչ կարեւոր է Հայաստանի համար, կարեւոր է նաեւ մեզ համար»:

«Շանսոնի հանդեպ իմ սերն աճել է մյուս բոլոր սերերից»:

«Ես ինձ, իհարկե, հայ եմ զգում, քանի որ մեծացել եմ հայ ընտանիքում, սակայն իմ առաջին բառերը ֆրանսերեն են հնչել»:

«Գալիս է մի տարիք, երբ ցանկանում ես բնություն տեսնել մեծ քաղաքի փոխարեն: Փարիզյան քանդակները հիասքանչ են, բայց այստեղի բնությունն այդքան էլ հիացնող չէ»:

«Ապրիր այսօր. ի՞նչ իմանաս՝ վաղն ինչ կլինի…»:

«Մենք ժպիտով բաց ենք թողնում մեր մանկությունը` չգիտակցելով, որ երիտասարդությունն էլ է արագ անցնում: Չես էլ հասցնում հասկանալ, թե երբ եւ ինչպես…»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS