Ինչպես երեխաներին կտրել պլանշետներից և սմարտֆոններից

Դուք երբևէ ստիպված եղե՞լ եք երեխաներին ուժով կտրել սմարթֆոնի, պլանշետի կամ համակարգչի էկրաններից, և արդյո՞ք դա վեճով չի ավարտվել:

Ինչպես շատ ծնողներ, ես էլ եմ փորձել սպառնալ՝ խոհանոցից գոռալով, որ՝ ևս 5 րոպե, ու նա պետք է սմարթֆոնը ցած դնի ու վազի ընթրելու: Սակայն իմ այս հայտարարությունը կամ անտեսվում էր, կամ երեխաս՝ որպես պատասխան, մրթմրթում էր ինչ-որ անհասկանալի մի բան: 5 րոպե անց ես գնում էի հյուրասենյակ ու անջատում գադջեթը՝ սպասելով, որ երեխաս լուռ կհամաձայնի դրա հետ ու կգա խոհանոց, ուր մեզ կսպասի խաղաղ, իդիլիկ ընթրիք:

Բայց ի՞նչ ստացա ես՝ որպես պատասխան. գոռոցներ, հիստերիա, սառած ընթրիք ու ճերմակած մազեր: Ու ես հասկացա, որ ինչ-որ բան այնպես չեմ անում: Իմ երեխաները մինչ այդ հիստերիաներ չէին սարքում, ու սա ինձ հունից հանեց. Ես սովոր չէի այս իրավիճակին: Բայց ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե ինչ կարելի է անել այդ անսպասելի ճչոցները դադարեցնելու համար այն պահին, երբ ես նրանց ձեռքից վերցնում եմ գադջեթները: Ես ուզում էի երեխաներին էկրաններից կտրելու և նրանց իրական կյանք առանց շարունակական բախումների վերադարձնելու մեղմ եղանակ գտնել, բայց չգիտեի, թե ինչպես: Եվ այդ ժամանակ ընկերուհիս ինձ ծանոթացրեց կլինիկական հոգեբան Իզաբել Ֆիլլյոզայի հայտնաբերած փոքր խորամանկության հետ:

Իզաբել Ֆիլլյոզա-կլինիկական հոգեբան, երեխաների դաստիարակության վերաբերյալ բազմաթիվ գրքերի հեղինակ և ֆրանկոֆոն երկրներում այդ ոլորտում շատ հայտնի անուն: Նրա ծայրահեղ պարզ մեթոդն ինձ օգնեց վերջ տալ սկանդալներին ու երեխաների հիստերիաներին այն պահերին, երբ ավարտին է մոտենում գադջեթներից օգտվելու՝  նրանց հատկացված ժամանակը:

Ի՞նչ է ասում գիտությունը գադջեթների մասին

Ձեզ հետ պատահե՞լ է երբևէ, որ էլեկտրականությունն անջատվի ֆուտբոլային խաղի ամենահետաքրքիր պահին, կամ, ասենք, ձեր 3 տարեկան երեխան հեռուստացույցն անջատի ճիշտ այն պահին, երբ ռոմանտիկ կատակերգության գլխավոր հերոսներն ուր որ է՝ պիտի համբուրվեն: Նույն զգացողությունն է համակարգչային խաղերի ժամանակ: Շատ դժվար է դուրս գալ այն վիճակից, երբ դու հաճույք ես ստանում, իսկ հենց այդպիսի վիճակում ենք գտնվում, երբ ժամանակ ենք անցկացնում էկրանների առջև: Դա դժվար է անգամ մեծերի համար, իսկ երեխաների համար դա կարող է տառացիորեն անտանելի լինել:

Իզաբել Ֆիլլյոզան բացատրում է, թե ինչու: Երբ մարդը (ոչ միայն՝ երեխան, այլ նաև՝ մեծահասակը) տարված է ֆիլմ դիտելով կամ համակարգչային խաղ է խաղում, նա մտովի գտնվում է ուրիշ աշխարհում: Էկրանները մեր ուղեղի վրա հիպնոսի ազդեցություն են թողնում: Լույսը, ձայները, փոփոխվող պատկերները մեզ ընկղմում են մի այլ զգացողությունների ու վայելքների աշխարհի մեջ: Մենք մեզ լավ ենք զգում ու չենք ուզում ոչ մի ուրիշ բան անել:

Եվ, իհարկե, չենք ուզում, որ իրավիճակը փոխվի: Այդ պահին մեր ուղեղը դոֆամին է արտադրում: Սա նեյրոմեդիատոր է, որի առաքելությունը սթրեսն ու ցավը հանելն է: Ամեն ինչ կարգին է, բայց մինչև այն պահը, քանի դեռ միացրած է էկրանը: Երբ մենք երեխայի գադջեթն անջատում ենք արագ ու առանց նախազգուշացնելու, դոֆամինի մակարդակը կտրուկ իջնում է, ինչը, առանց չափազանցնելու, կարող է հարուցել մարմնում ցավի զգացողություն:

Այդ հորմոնալ անկումը և դրա հետ կապված ֆիզիոլոգիական անհարմարավետությունն այն պահն է, երբ երեխայի մոտ հիստերիա է սկսվում: Այլ կերպ ասած՝ երեխային ուժով գադջեթից պոկելը նրա համար ցավոտ է: Այդ պատճառով էլ սարքի վրայի անջատման կոճակը սեղմելու փոխարեն՝ փորձեք դիմել փոքրիկ խորամանկության. Նախ՝ մտեք երեխայի տարածքը:

Իզաբել Ֆիլլյոզայի մեթոդը. գցում ենք կամուրջներ…

Եթե դուք որոշել եք, որ երեխայի համար ճիշտ ժամանակն է՝ էկրանի առջևից վեր կենալու, նախ՝ մտեք նրա աշխարհը, եղեք նրա կողքին: Նրա հետ հեռուստացույց դիտեք կամ նստեք կողքի աթոռին այն ժամանակ, երբ նա համակարգչային խաղ է խաղում: Կարիք չկա դա երկար ժամանակ անել. Բավական է անգամ կես րոպեն: Պարզապես կիսեք նրա հետ այն, ինչ անում է: Իսկ հետո երեխային հարց տվեք: Որոշ երեխաների կարելի է հարցնել՝ իսկ ի՞նչ ես նայում:

Ուրիշների համար կպահանջվեն կոնկրետ հարցեր, օրինակ՝ խաղի ո՞ր մակարդակում ես գտնվում հիմա, կամ էս ի՞նչ ծիծաղելի կերպար է ետին պլանում. Ո՞վ է: Սովորաբար երեխաներին դուր է գալիս, երբ ծնողները հետաքրքրվում են իրենց աշխարհով: Սակայն, եթե երեխան նախկինի պես տարված է էկրանին տեղի ունեցողով և չի արձագանքում, մի հանձնվեք: Նրա կողքին փոքր-ինչ երկար նստեք, իսկ հետո ևս մեկ հարց տվեք: Հենց երեխան սկսում է պատասխանել ձեր հարցերին կամ պատմել այն մասին, թե ինչ է նայում կամ խաղում, նշանակում է, որ նա աստիճանաբար վիրտուալ աշխարհից վերադառնում է իրական աշխարհ:

Young boy travels with tablet on train

Նա վերադառնում է մի տարածք, ուր սկսում է կրկին ձեր ներկայությունը նկատել, սակայն դա դանդաղ է տեղի ունենում: Այդ դեպքում դոֆամինի կտրուկ անկում չի գրանցվում, քանի որ դուք կամուրջ եք ստեղծել վիրտուալ և իրական աշխարհների միջև: Դուք կարող եք սկսել շփվել, և հենց այստեղ է կատարվում կախարդանքը: Այդ պահին դուք երեխային կարող եք ասել, որ ընթրելու ժամանակն է, կամ պետք է լոգարան գնալ, կամ պարզապես հիշեցնել, որ գադջեթից օգտվելու ժամանակը սպառվել է:
Շնորհիվ այն բանի, որ դուք երեխային բավականին մեղմ եք վերադարձրել իրական աշխարհ, նա ի վիճակի կլինի ձեզ լսել ու արձագանքել ձեր խնդրանքներին: Նա անգամ կարող է այնքան անկեղծ ուրախանալ ծնողական ուշադրության համար, որ ինքը կուզենա անջատել հեռուստացույցը, պլանշետը կամ գադջեթը: Այժմ ես վստահ եմ, որ երեխաների՝ սմարթֆոններից կտրվել չցանկանալու խնդիրը լուծել ինձ օգնում է միայն այն բանը գիտակցելը, թե ինչ է կատարվում երեխաների գլխում այդ պահերին:

Միշտ չէ ամեն բան ընթանում այնքան հարթ, որքան ես կուզեի, սակայն նրանք այլևս բուռն վեճեր չեն սարքում ու չեն գոռում՝ սկսած այն ժամանակներից, երբ ես ինձ համար բացահայտեցի Իզաբել Ֆիլլյոզայի մեթոդը: Եվ այսպես, երբ հաջորդ անգամ ձեր երեխան կկախվի էկրանից, փորձեք՝

  • Նրա կողքին նստել 30 վայրկյան, 1 րոպե կամ մի փոքր ավելի երկար, և պարզապես հետևել, թե ինչ է նա նայում կամ անում:
  • Անմեղ հարց տալ այն մասին, թե ինչ է տեղի ունենում էկրանին: Երեխաների մեծ մասին դուր է գալիս ծնողական ուշադրությունը, և նրանք կպատասխանեն ձեր հարցին:
  • Եթե ձեզ հաջողվի հասնել երկխոսության, համարեք, որ դուք կամուրջ եք կառուցել. այն կօգնի ձեր երեխային աստիճանաբար վերադառնալ վիրտուալ աշխարհից դեպի իրական՝ առանց հորմոնալ ցնցումների, նշանակում է՝ առանց ճիչերի ու սկանդալների:
  • Օրվա մնացած մասը վայելեք միասին:

Նյութի աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS