1in.am-ը գրում է՝
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվեց: Դատարանը որոշումը կներկայացնի օգոստոսի 13-ին՝ ժամը 16:00-ին, ու երկուշաբթի էլ պարզ կլինի՝ Քոչարյանը մնալո՞ւ է կալանքի տակ, թե՞ բավարարվելու է նրա պաշտպանների բողոքը։
Շատերը կարող են տարակուսել, թե Ռոբերտ Քոչարյանի ինչին էր պետք Մարտի 1-ի ոճրագործությունը, եթե, միևնույն է, նա մեկ ամիս հետո թողնելու էր Հայաստանի նախագահի պաշտոնը։ Հենց այս գործոնն էլ խաղարկում են Քոչարյանի այսօրվա աջակիցները։ Սակայն դա պարզունակ, պրիմիտիվ ալիբի է․ Քոչարյանին անհրաժեշտ էր քրեաօլիգարխիկ ստատուս-քվոյի կայունություն, որպեսզի կարողանա պահպանել իր «անձեռնմխռելի» կարգավիճակը, վայելել արյունոտ հարստությունը, որը դիզել է դիակների վրայով՝ մարդկանց ֆիզիկապես ոչնչացնելու կամ բռնությունների ենթարկելու եղկելի եղանակներով։ Սա էր հիմնական մոտիվը, որ Ռոբերտ Քոչարյանին դրդեց կազմակերպել Մարտի 1-ի ոճիրը։ Նույն մոտիվներով են սպանդին մասնակից դարձել բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ, օլիգարխներ․ յուրաքանչյուրն ապահովելու է իր գողոնի «անձեռնմխելիությունը», թալանի իրավունքը։
Դեռ 2010թ-ին ռուսական մամուլում հրապարակումներ հայտնվեցին հայ պաշտոնյաների աստղաբաշխական ունեցվածքի, կոռուպցիոն գործունեության մասին։ Դրանք, ի դեպ, հասարակական բուռն քննարկումների տեղիք տվեցին, սակայն այդպես էլ չարձագանքվեցին կոնկրետ պաշտոնյաների, իրավապահ մարմինների կողմից։
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահությունների ժամանակ «պաշտոնյա» բառը Հայաստանում սկսել է նույնացվել «թալանչի», «ավազակ» բառերի հետ: Հակառակ պարագայում անբացատրելի է, որ տասը տարի նախագահի պաշտոնում աշխատած Ռոբերտ Քոչարյանն ու նրա ընտանիքը այդ ժամանակահատվածում կարող էին չորս միլիարդ դոլարի կապիտալ կուտակել: Ռուսական «Վերսիա» կայքը ու նաև միջազգային այլ պարբերականներ հենց այսքան են վերագրում Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին։ Ռուսական և հայկական մամուլի հրապարակումների հիման վրա փորձենք ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մի մասը։ Իսկ ցանկն առավել, քան տպավորիչ է․
1. «Արցախբանկ»-բանկը ստեղծվել է Քոչարյանի իշխանության առաջին տարիներին և հանրության շրջանում հայտնի է որպես ղարաբաղցիների կլանին պատկանող բանկ:
2. «Առեքսիմբանկ»-ըստ ռուսական կայքէջի՝ Քոչարյանների ընտանիքը այս բանկի համասեփականատերերից է:
3. «Յունիբանկ»-ըստ ռուսական կայքէջի՝ Քոչարյանների ընտանիքը այս բանկում էլ համասեփականատիրոջ կարգավիճակ ունի: Ի դեպ, «Յունիբանկի» ղեկավարները հաճախ են արտասահմանյան ուղևորությունների մեկնում Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակի հետ:
4. «Հայբիզնեսբանկ»-բանկը ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի գործուն աջակցությամբ։
5. «Կոնվերսբանկ»-ժամանակին «Կոնվերսբանկում» է աշխատել Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակը, որը եղել է բանկի բաժնետերերից մեկը, սակայն, ըստ հավաստի լուրերի, հետո իր բաժնեմասը վաճառել է:
6. ՄԱՊ ընկերություն-ըստ ռուսական կայքէջի՝ այս ընկերությունում Քոչարյանների բաժինը հասնում է 50 տոկոսի: Ընկերության հիմնադիրը ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանն է, որը մշտապես հովանավորություն է փնտրել իշխանության առաջին դեմքերի մոտ։
7. «Ռենկո կոսնտրակշըն»-սա այն ընկերությունն է, որը Երևանում կառուցեց «Կոնգրես» հյուրանոցը: Բացման արարողության ժամանակ Քոչարյանը այս հյուրանոցը համեմատեց «բոնբոներկայի» հետ:
8. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ըստ ռուսական կայքէջի՝ այս ընկերության բաժնետոմսերի շուրջ 90 տոկոսը պատկանում է Քոչարյանների ընտանիքին: Հայաստանի ազգային հարստություն հանդիսացող այս ընկերությունը սեփականաշնորհվել է «ջրի գնով»՝ փաստացի 45 միլիոն դոլարով (իրական արժեքը գնահատվում է 800 միլիոն դոլար)։ Գործունեության առաջին տարում նրա հասույթը կազմել է 190 միլիոն դոլար: Պատկերացրեք, թե միայն այս գործարքից ինչ գումարներ է աշխատել Ռոբերտ Քոչարյանը։
9. «Արդշինինվեստբանկ»-ըստ ռուսական կայքէջի՝ Քոչարյաններին է պատկանում այս բանկի բաժնետոմսերի 50 տոկոսը:
10. «Կապուտակ Սևան» հանգստյան տուն-ըստ ռուսական կայքէջի՝ այս ընկերության 100 տոկոսի ֆորմալ սեփականատերը ոմն Արտակ Ոսկանյան է, որն իրականում Քոչարյանների կառավարիչն է: «Կապուտակ Սևանը» համարվում է Սևանի ափի էլիտար հանգստյան տներից մեկը և դե ֆակտո պատկանում է երկրորդ նախագահի տիկնոջը՝ Բելլա Քոչարյանին:
11. «Նաիրի» բժշկական կենտրոն-Քոչարյանների փայաբաժինը այստեղ, ըստ ռուսական կայքի, 50 տոկոս է: Երևանում շատերը գիտեն, որ բժշկական կենտրոնը հիմնադրել է առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը, որը Բելլա Քոչարյանի բիզնես-պարտնյորն է։
12. «SAS» սուպերմարկետների ցանց-ըստ ռուսական կայքէջի՝ այստեղ էլ Քոչարյանները 50 տոկոս փայաբաժին ունեն՝ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի միջոցով: «SAS» սուպերմարկետների ցանցը հիմնադրվել է ՀՀ պետական եկամուտների նախկին նախարար, վարչապետի նախկին խորհրդական Գագիկ Պողոսյանի կողմից, որը 2001 թվականին սպանվեց իր տան մուտքի դռանը ամրացված նռնակի պայթյունից: Սուպերմարկետների ներկայիս սեփականատերը Պողոսյանի փեսան է, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանը: Աներոջ սպանությունը թերևս ուղերձ է հանդիսացել, որ Արտակ Սարգսյանը բիզնեսը կիսի Քոչարյանի մերձավորների հետ։
13. «Հ2» հեռուստաընկերություն-ռուսական կայքը պնդում է, որ այստեղ Քոչարյանները 50 տոկոս փայատեր են Արմեն Գևորգյանի միջոցով: Մյուս փայատերը Սամվել Մայրապետյանն է, որը նաև էլիտար շինարարության ոլորտում է ներգրավված՝ երկրորդ նախագահի որդի Սեդրակ Քոչարյանի հետ միասին։
14. «Սթար» խանութների ցանց-«Վերսիա»-ի պնդմամբ՝ այս ցանցում Քոչարյանի որդի Սեդրակը 30 տոկոս փայաբաժին ունի:
15. «Նոյ» կոնյակի-գինու գործարան-ռուսական կայքէջը պնդում է, որ այստեղ էլ Քոչարյանների չափաբաժինը 50 տոկոս է: Մնացած մասի սեփականատերը Գագիկ Ծառուկյանն է:
16. «Զվարթնոց» միջազգային օդանավակայան- Էդուարդո Էռնեկյանին 30 տարով կոնցեսիոն կառավարման հանձնված այս բիզնեսում, ըստ նույն աղբյուրի, Քոչարյանները 50 տոկոս փայաբաժին ունեն: Հիշեցնենք, որ օդանավակայանը հենց Քոչարյանի կառավարման տարիներին է կոնցեսիոն կառավարման հանձնվել՝ կոռուպցիոն սխեմաների արդյունքում:
17. «Հայփոստ» ընկերություն-նույնպես կոնցեսիոն կառավարման է հանձնված Էդուարդո Էռնեկյանին, և ըստ ռուսական աղբյուրի՝ այս բիզնեսում էլ Քոչարյանները 50 տոկոս փայաբաժին ունեն: Ի սկզբանե «Հայփոստի» կառավարումը հանձնված էր հոլանդական «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերությանը, որի ներկայացուցիչ Հանս Բոոնը, 2008 թվականին դեռևս չպարզված անձանց կողմից Երևանում դաժան ծեծի ենթարկվելով՝ փախավ Հայաստանից:
18. Բջջային հեռախոսների ներկրում-այս շուկայի 80 տոկոսն է, ըստ ռուսական կայքի, պատկանում Քոչարյաններին: Այստեղ հայ հանրության համար նորություն չկա էլ. Սեդրակ Քոչարյանը վաղուց է հայտնի որպես «NOKIA» հեռախոսների վաճառքի մենաշնորհի տիրակալ: Նախագահի պաշտոնում իր վերջին այցելություններից մեկը Ռոբերտ Քոչարյանը Ֆինլանդիա կատարեց և որդու՝ Սեդրակի ուղեկցությամբ այցելեց նաև «NOKIA» ընկերության կենտրոնակայան։
19. Հայաստանում «TOYOTA» ընկերության ներկայացուցչություն-այս բիզնեսում Սեդրակ Քոչարյանի փայաբաժին ունենալը հաստատվել է նույնիսկ պաշտոնական մակարդակով. Քոչարյանի գրասենյակն է հանդես եկել փաստը հաստատող հայտարարությամբ: Այստեղ Սեդրակ Քոչարյանի բիզնես-պարտնյորը այդ նույն Սամվել Մայրապետյանն է, որը Սեդրակի բիզնես-գործընկերն է էլիտար շենքերի բիզնեսում։
20. «Գոլդեն փալաս» հյուրանոց-ըստ ռուսական լրատվամիջոցի՝ Քոչարյանների փայաբաժինը այս հյուրանոցում կազմում է 83 տոկոս: Այս հյուրանոցը կառուցվել է «Հաղթանակ» զբոսայգու մի հատվածի ոչնչացման հաշվին: Այս հյուրանոցի ֆորմալ սեփականատերը ի սկզբանե կապի և տրանսպորտի փոխնախարար Հայկ Ճշմարիտյանն էր, որ Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի աներորդին է: Ի դեպ, ըստ արժանահավատ լուրերի՝ Քոչարյանը 2001-ի հունվարին Երևանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանին պաշտոնանկ է արել նաև այն պատճառով, որ վերջինս մինչև վերջ դիմադրել է հյուրանոցի կառուցմանը։
21. «Ղ-տելեկոմ» («Վիվասել» առևտրային ապրանքանիշ)-այս ընկերությունը բջջային կապի ծառայություններ մատուցելու լիցենզիա ստացավ մի մրցույթում, որը կապի և տրանսպորտի նախարարության կողմից հայտարարվեց և անցկացվեց մի գիշերվա ընթացքում: Նման բան հնարավոր էր միայն Ռոբերտ Քոչարյանի ուղղակի միջամտության դեպքում։ Ի դեպ, պաշտոնաթողությունից հետո Ռոբերտ Քոչարյանը «Վիվասելի» փայատեր ռուսական «Սիստեմա» ընկերությունում ազատ տնօրենի կարգավիճակ ստացավ:
22. «Արարատցեմենտ» գործարան-ըստ «Վերսիա»-ի՝ այս ընկերությունում Քոչարյանները 33 տոկոս չափաբաժին ունեն:
Հայաստանի նախագահի պաշտոնը թողնելուց հետո Ռոբերտ Քոչարյանը, ըստ հավաստի տեղեկությունների, ակտիվ բիզնես գործունեություն է ծավալում Ռուսաստանում՝ մի քանի նախագծերում հանդիսանալով Սամվել Կարապետյանի (Տաշիր Սամոյի) բիզնես-գործընկերը, իսկ Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակի բիզնեսի աշխարհագրությունը հասել է աֆրիկյան երկրներ, որտեղ նա հիմնել է խաղատների մեծ ցանց։
Նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի ընտանիքը չէր կարող այս ունեցվածքը կուտակել օրինական ճանապարհով: Սա պաշտոնական դիրքը չարաշահելու, ապօրինի հարստացման տեսանելի, առարկայական հետևանք է։ Կարծում ենք՝ հեռու չէ այն օրը, երբ ՀՔԾ-ն Քոչարյանի դեմ քրգործ կհարուցի ապօրինի հարստացման բազմաթիվ դրվագներով։
Աղբյուր՝ 1in.am