Լավագույն առակը հարսի և սկեսրոջ մասին. Թույնը մարդու ուղեղում է լիմում

Մի օրիորդ սիրահարվում է երիտասարդի և ամուսնանում: Ամուսինը նրա համար երազանքների ասպետ էր թվում, և միայն մեկ բան կար, որ խաթարում էր իրենց ամուսնական երջանկությունը` ամուսնու մայրը, որն այդքան էլ չէր հավանում երիտասարդ կնոջը:

Սկեսուրն անընդահտ նկատողություններ էր անում հարսին, դժգոհում վերջինիս պահվածքից, ինչ էլ աղջիկն աներ, սկեսուրին միևնույն է դուր չէր գալիս: Ավելին`
սկեսուրն անընդհատ բողոքում էր իր որդուն` երիտասարդին տրամադրելով սեփական կնոջ դեմ:

Ի վերջո երիտասարդ կինը չի դիմանում և որոշում է ազատվել իր կյանքը թունավորող սկեսուրից: Նա օգնություն է խնդրում իր հոր ընկերոջից, որը զբաղվում էր զանազան խոտերի վաճառքով: Երիտասարդ կինը գալիս է նրա մոտ և ասում.

— Մի կին կա, ում ես ողջ սրտով ատում եմ, դա իմ սկեսուրն է: Նրա հետ մեկ տան մեջ ապրելն ուղղակի անտանելի է: Ես Ձեզ շատ եմ խնդրում` օգնեք ինձ ձերբազատվել նրանից, որովհետև ես էլ այդպես չեմ կարողանում ապրել: Ես Ձեզ կվճարեմ այնքան, որքան կամենաք:

— Բայց ինչո՞վ ես կարող եմ քեզ օգնել,-հարցնում է խոտաբույսեր վաճառողը:

— Աղաչում եմ Ձեզ, ինձ թույն վաճառեք, ես կթունավորեմ նրան, և իմ բոլոր խնդիրները կլուծվեն:
Երկար մտածելուց հետո խոտաբույսեր վաճառողը պատասխանեց.

— Լա´վ, ես կօգնեմ քեզ, բայց երկու բան կա, որ դու պետք է հասկանաս: Նախ մեկ օրում սկեսուրից չես կարող ազատվել, եթե իհարկե չես ցանկանում, որ նրա մահվան մեջ բոլորը հենց քեզ կասկածեն: Ես քեզ խոտաբույսեր կտամ, որոնք դանդաղ են թունավորում մարդու օրգանիզմը, և մահը միանգամից վրա չի հասնում: Եթե դու դրանք օգտագործես, ոչ ոք ոչնինչ չի կասկածի: Երկրորդ` դու պետք է այնպես անես, որ քեզ ոչ ոք ոչնչում չկասկածի. դրա համար դու պետք է կարողանաս սանձահարել զայրույթդ և սկեսուրիդ հանդեպ ունեցած բացասական վերաբերմունքը:

Սկսիր հարգել և սիրել սկեսուրիդ, սովորիր լսել և հասկանալ նրան, հանդուրժող եղիր նրա թերությունների նկատմամբ: Միայն այս դեպքում ոչ ոք չի կասկածի, թե դու կապ ունես նրա մահվան հետ:
Աղջիկը համաձայնում է կատարել խոտաբույսեր վաճառողի բոլոր պայմանները: Նա վերցնում է խոտաբույսերը և սկսում դրանք քիչ-քիչ ավելացնել սկեսուրի ուտելիքի և թեյի մեջ: Ինչպես նաև` խոտաբույսեր վաճառողի խորհրդով երիտասարդ կինը սովորում է կառավարել իր բարկությունը, փորձում է լսել և հասկանալ սկեսուրի խորհուրդները, հանդուրժող լինել նրա թերությունների նկատմամբ:

Կամաց-կամաց հարսն ինք էլ չի զգում, թե ինչպես է սկսում հարգանքով վերաբերվել սկեսուրին: Վերջինս էլ, զգալով իր հարսի վերաբերմունքը, ժամանակի ընթացքում սկսում է լավ վերաբերվել նրան և բոլորի մոտ կրկնում, որ իր հարսն աշխարհի ամենագեղեցիկ, ամենախելացի տան տիկինն է: Կես տարի անց կանանց միջև հարաբերությունները լիովին շտկվում և բարելավվում են` նմանվելով մոր և դստեր հարաբերություններին:

Եվ ահա, երիտասարդ կինը խուճապահար դիմում է խոտաբույսեր վաճառողին.

— Աստծու սիրուն, աղաչում եմ Ձեզ, փրկեք իմ սկեսուրին, ես չեմ ուզում, որ նա մահանա իմ տված թույնից: Նրա համար հակաթույն տվե´ք, խնդրում եմ: Հիմա մենք շատ լավ ենք հասկանում միմյանց, նա աշխարհի ամենալավ սկեսուրն է:

Խոտաբույսեր վաճառողը ժպտալով պատասխանում է.

— Հանգստացի´ր, իմ տված խոտաբույսերի մեջ թույն չկա, դրանք ընդամենը սննդային հավելումներ են: Իրական, թույնը մարդու ուղեղում է և դու հաջողությամբ ձերբազատվեցիր այդ թույնից:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS