Այն բոլոր քաղաքական ուժերը, պատգամավորները, ովքեր կողմ են քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը եւ կառավարության ծրագրին, դա չեն արել Նիկոլ Փաշինյանի կամ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար: Դա եղել է ժողովրդի պահանջը բոլորից: Նման կարծիք է հայտնել Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:
«Եվ եթե հիմա ակնարկում են, որ կառավարությունը ԱԺ արտահերթ ընտրությունների հասնելու համար նրանց օգնությանն ապավինելու խնդիր ունի, չեն հաշվի առնում, որ արտահերթի հարցը հանրային պահանջ է, ոչ թե վարչապետի ցանկությունը: Հեղափոխությունը մի անձի դեմ չէր ու մի անձի համար չէ: Այլ կոռումպացված քաղաքական ու տնտեսական քանդվող համակարգերի կազմալուծման խնդիր է դրված: Այ հենց այս պահերին է առավել ակնառու երեւում գաղափարական կուսակցությունների պակասը եւ իրական դերը»,- նշել է նա:
Ի դեպ, ԱԺ քաղաքական ուժերի որոշ ներկայացուցիչներ «սպառնում են» կողմ չլինել ԱԺ-ի վաղաժամ լուծարմանը: