tert.am-ը գրում է․
Հայ գործարար, բարերար, «Սոբեսեդնիկ» հրատարակչատան տնօրենների խորհրդի նախկին նախագահ Լևոն Հայրապետյանի հարազատները պահանջում են, որ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն նրա սպանության վերաբերյալ գործ հարուցի:
Ինչպես հայտնում է m.rosbalt.ru-ն, նրանք ենթադրում են, որ գործարարին թունավորել են: Հատկանշական է, որ Հայրապետյանը մահից մի քանի ժամ առաջ նույնն ասել էր հարազատներին:
Աղբյուրը նկատում է, որ Հայրապետյանին սպանելու պատճառներ միանշանակ եղել են, քանի որ նա շատ հարուստ էր և ուներ մոտ 1 մլրդ դոլարի կարողություն: Սակայն բանտում հայտնվելուց հետո նրա ակտիվների մեծ մասն անհայտ պայմաններում վաճառվել է:
Հայրապետյանի դստեր փաստաբան Կարեն Ներսիսյանի պատմելով՝ գործարարը ցանկանում էր հնարավորինս շուտ դուրս գալ բանտից ու պարզել կատարվածի մանրամասները, սակայն ազատ արձակվելուց մի քանի օր առաջ մահացել է:
Ենթադրյալ ազատ արձակումից մի քանի օր առաջ երկու անհայտ տղամարդ Հայրապետյանին բժշկական ծանրոց են փոխանցել: Դրանում եղած հաբերն ընդունելուց հետո գործարարի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Այնուհետև նրան բուժզննման են տարել, և բուժքույրը գործարարին ինչ-որ լուծույթ է տվել, որը խմելուց հետո գործարարն ավելի է թուլացել:
Ավեի ուշ բանտախցում Հայրապետյանն ուշագնաց է եղել: Գիտակցության գալուց հետո նա զանգահարել է եղբորն ու ընկերոջն ու ասել. «Ինձ թունավորել են, մինչև առավոտ չեմ ապրի: Առանց դիահերձման ինձ չհուղարկավորեք»:
Այժմ Հայրապետյանի հարազատները պահանջում են, որ դիահերձման արդյունքում օրգանիզմից հանված օրգանները, որոնք դեռևս պահվում են, նորից անալիզի ենթարկվեն՝ այս անգամ արդեն Մոսկվայում, որպեսզի հնարավոր լինի պարզել մահվան պատճառը:
Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը մահացել է 2017թ. հոկտեմբերի 18-ին՝ անազատության մեջ: Ռուսաստանում հայազգի գործարարին մեղադրանք էր առաջադրվել իրավաբան Սերգեյ Անտոնովի հետ Բաշկիրիան ներկայացնող նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից որդու դատավճիռը մեղմելու նպատակով 700.000 դոլար վերցնելու համար։ Ինքը` Հայրապետյանը, չէր ընդունել ներկայացված մեղադրանքները:
Հայրապետյանը ձերբակալվել էր 2014թ. հուլիսին` Իզմեստևի խոստովանական ցուցմունքներից հետո։ Բացի այդ, գործարարը մեղադրվում էր Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրին պատկանած ձեռնարկությունների ունեցվածքը հանցավոր ճանապարհով օրինականացնելու համար։