Այսօր մի պարզ տոն է մեզ մոտ, խառը թթու ենք դնում, կարտոֆիլ ենք խաշելու, սոխ կտրատելու և թթվի հետ մի համեղ տոնի ենք վերածելու երեկոն։
Թվում է թե խառը թթու դնելը շատ պարզ մի բան է, ով չի՞ կարող, բայց ես մի կարևոր կետ եմ նշելու այսօր, որին հետևելով այս տարվա ձեր թթուն ամենահաջողվածը կլինի՝ անպայման խրթխրթան, համեղ և շատ արագ վերջացող։
Խառը ԹԹՈՒ Բաղադրիչներ
Կաղամբ — 1 գլուխ
Ծաղկակաղամբ — 1 գլուխ
Վարունգ — 8 հատ մանր
Կանաչ լոլիկ — 4 հատ
Գազար — 4 հատ
Սոխ — 1 հատ
Սխտոր — 2 գլուխ
Դդմիկ — 1 հատ
Ծիծակ — 1 հատ
Աղ՝ պարտադիր խոշոր ծովի աղ — 3 լիտր ջրին — 200 գրամ խոշոր աղ
Բահար, հատիկավոր պղպեղ, դափնու տերև
Նեխուր մեկ կապ, ըստ ցանկության նաև համեմ կամ թարմ սամիթ
Չորացրած սամիթ մեկ կապ
Խառը ԹԹՈՒ Քայլ առ քայլ
Խառը թթուն ենթադրում է շուկայում առկա բոլոր բանջարեղենների համախումբ, բայց դուք ըստ նախասիրության կարող եք համալրել կամ հանել մեր ներկայացրած ցուցակից ձեր սիրելիները
Սկսում ենք ամենաուշ թթվող բաղադրիչներից, որոնք հարկավոր է ամենատակի շերտերում տեղավորել, դրանք կաղամբազգիներն են
Կաղամբը կտրատում ենք հնարավորինս փոքր կտորների, որպեսզի հետո հեշտ լինի հանելն ու ամբողջությամբ այդ բաժինն ուտելը
Ծաղկակաղմաբը բաժանում ենք իր բույլերին համաձայն ձեռքերով, դանակը շատ օգտագործելու դեպքում ծաղկակաղամբը փշրվում է, ձեռքով հեշտությամբ մեկական բաժնի ենք բաժանում
Գազարը կտրում ենք ըստ ձեր հարմարության, կցանկանաք կարող եք կտրել երկայնքով, կցանկանաք շրջանակներով, կարելի է և ուղիղ դանակով և զիգզագով, ինչպես սիրում եք կամ սովոր եք։ Սա էլ ենք դնում կողքի
Կանաչ լոլիկը կարող եք և ամբողջությամբ դնել, և կտրատել մի քանի մասերի, որ հետո ավելի հեշտ լինի ուտելը, ես տակի շերտերում ամբողջությամբ եմ դնում, իսկ վրայից կտրատած կտորները
Վարունգները կտրատել չարժի, ամբողջությամբ պետք է դնել, ընդամենը եզրերը մի փոքր խորությամբ հեռացնել
Ծիծակն էլ շերտատում ենք, որպեսզի շերտերի արանքներում լցնենք, եթե շատ կծու եք սիրում և տանը փոքրիկներ չունեք, կարող եք 2 ծիծակ դնել
Թթվի մեջ ես նաև 1 գլուխ սոխ եմ դնում, բաժանում եմ 4 մասի և շերտերում դնում, հետաքրքիր համ է ստացվում
Սովորաբար էմալապատ դույլ են վերցնում թթվի համար, դա պատահական ընտրություն չէ, էմալապատ տարայի մեջ թթուն երբեք չի լխկի կամ վնասական նյութերի քայքայում տեղի չի ունենա աղաջրի հետ հարաբերակցվելուց, ինչը հավանական է պլաստմասե տարայի դեպքում։
Բացի այդ դույլի ներքևի հատվածը առավել նեղ է, ինչը հնարավորություն է տալիս աղաջրին ամբողջությամբ հենց սզկբից ծածկել թթուն։ Նկարահանումների համար առավել հարմար էր այս տարբերակը, ուստի ես այս անգամ այս տարայի մեջ կհավաքեմ թթուն
Ամենաներքևի շերտում շարելու ենք թարմ նեխուրի ցողուններն ու տերևները, այս կանաչին թթվի հիմնական համն ու հոտը տվողն է, առանց նեխուրի թթու չենք դնում, ինչպես նաև պարտադիր ցանկալի բաղադրիչ է նաև չորացրած սամիթի ցողունները
Այս տերևների վրա լցնում ենք բահար, հատիկավոր սև պղպեղ և դափնու տերևներ
Սխտորն էլ թթվի պարտադիր անբաժանելի բաղադրիչն է , նախապես մաքրում ենք, կարող ենք նաև ատամները կիսել ավելի ուժեղ և արագ համը թթվին փոխանցելու համար, կարող ենք հենց այսպես շարել տակը, ինչպես նաև շերտերի արանքում
Սամիթի չորացրած ցողուններն ենք շարում, մեր սամիթը կարծես թե շատ է չորացել
Ծիծակի կտորներ և ես նաև համեմ եմ դնում արանքները, շատ նուրբ համ է տալիս
Սկսում ենք կաղամբից, հա, ուրախությունով անուշ լինի, հնում մեր տատիկները թթուն դնելիս սկզբում անպայման այս խոսքն էին ասում, դե մեծ իմաստություն կա խոսքի ուժի մեջ, մենք էլ հետևենք մեր տատիկների իմաստությանը
Նաև մեկ նրբություն․ Պարտադիր է ուրախ տրամադրությամբ թթուն դնել, ցանկացած գործ խոհանոցում անում ենք երգելով և ուրախությամբ, ուտեստը դրանից անմահական համ է ստանում, հավատացեք
Ծաղկակաղամբն էլ շարեցինք
Սոխը տեղավորելու իսկական ժամանակն է, գազարն ու մյուս մանր բաղադրիչներն էլ չենք մոռանում ընթացքում շարել, պարտադիր չէ շարվածքը լինի կոնկրետ կետ առ կետ, կամայական ազատ շարեք՝ թթվի համը դրանից չի տուժի
Վարունգներն ու ամբողջական և կտրատած լոլիկը վերևի շերտում
Ամենավերևից դնում ենք մեկ դդմիկի կտատած շերտեր, որը ամենաառաջինը կթթվի հաստատ
Վրայից նորից նույն հերթականությամբ բոլոր մանր բաղադրիչները և արդեն կարծես թե աղաջուրը բռնելու ժամանակն է թթու դնելու ամենակարևոր պահը, որից կախված է ձեր թթվի համը
Իմ տատիկը թթուն դնում էր Քարի խոշոր աղով, բայց ես արդեն որպես երկրորդ սերունդ նախապատվությունը տալիս եմ ծովի խոշոր աղին։ Քանի որ, դուք էլ կփաստեք, որ քարի խոշոր աղը այդպես էլ չի լուծվում ջրում և սև քարե նստվածք է տալիս այդ ջրի, հետևաբար նաև թթվի տակ։
Եթե վերցնեք սովորական մանր քարի աղ, հիմնականում այդ դեպքում արդեն թթվելուց հետո ջուրը արագ դառնում է լպրծուն և շուտ թթուն լխկում է։
Դրա համար է, որ ես գտել եմ ամենահարմար լուծումը և օգտագործում եմ վերջին տարիներին թթվի աղաջրի համար կոնկրետ ծովի խոշոր աղ։ Նախապատվությունը տալիս եմ շուկայում առկա տեսականուց իսպանական Դելտասալ բրենդին։
Լավ աղը երբեք շատ չի լինում խոհանոցում՝ թթու ենք դնում, բաստուրմա շուտով կդնենք մեր եթերում որակյալ և համեղ աղի կարիք շատ կունենանք, հատկապես որ Դելտասալ ապրանքանիշը բավական մատչելի է, իր լավ որակի համեմատ։
Իսկապես շատ կարևոր է թթվի աղը ճիշտ ընտրել, աղը ընտրեցինք հիմա չափաբաժինը որոշենք
Մեկ լիտր ջրին հարկավոր է լցնել մեկ խոշոր գդալով խոշոր աղ, մանրը դնենք կողքի
Այս խոշոր գդալը համարժեք է 2 ճաշի գդալին
Իմ նշած ծավալով թթվի համար մեզ անհրաժեշտ է վերցնել 3 լիտր ջուր, ես երեք անգամ կբացեմ այս սկզբունքով և կլցնեմ ամբողջությամբ թթվի վրա։ Ահա տեսեք ինչ արագ ամբողջությամբ լուծվեց, ընդ որում առանց որևէ նստվածքի, իդեալական աղաջուր ստացվեց
Այն ամբողջությամբ լցնում ենք թթվի վրա
Եթե նշված չափով ջուրը չծածկի ձեր թթվի ողջ ծավալը, կարող եք չանհանգստանալ։ Ջուրը կարող է հենց սկզբից չծածկի ողջ թթուն
Հարկավոր է թթվի վրա դնել ափսե, կամ մեր դեպքում առավել հարմար է այս սինին, լավ սեղմել զանգվածը, ավելին, հարկավոր է թթվի վրա ծանրություն դնել, դա կարող է հատուկ քար, փակոց կամ մեր դեպքում սպորտային ծանրաքար լինել, որը նույնպես շատ հարմար է։
Օրվա ընթացքում այն իր ծանրության տակ կիջեցնի զանգվածը, ջուրը կբարձրանա և կծածկի մեր թթուն
Եթե տաք սենյակում պահեք թթուն, ապա ամենաուշը տաս օրից կամ նույնիսկ մեկ շաբաթից այն պատրաստ կլինի։
Կարտոֆիլը կխաշենք, ձուկը կկտրատենք, հա, սոխը չմոռանանք և իհարկե՝ թթուն: